Քննարկման թեման էլեկտրոնային մոնիթորինգն էր
Դեկտեմբերի 1-ին Արդարադատության ակադեմիա այցելեց և ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հետ հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի երկարաժամկետ փորձագետ Մարտին Սեդոնը (Մեծ Բրիտանիա): Փորձագետը Հայաստանում է <<Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը>> ծրագրի շրջանակում՝ խորհրդատվական բնույթի քննարկումներ անցկացնելու նպատակով:
Մարտին Սեդոնը հանդիպման ընթացքում խոսեց պրոբացիոն ծառայության դերի և էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների գործածության մասին: «Էլեկտրոնային մոնիթորինգը» ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների միջոցով հսկողությունն է քրեական արդարադատության գործընթացում ներգրավված անձի գտնվելու վայրի, տեղաշարժի և վարքագծի նկատմամբ: Մոնիթորինգն իրականացվում է անձին ամրակցված հեռակառավարվող սարքավորման միջոցով: Փորձագետը ներկայացրեց էլեկտրոնային մոնիթորինգի ոլորտում դրական փորձը, դրա կիրառությունը եվրոպական երկրներում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում:
Մ. Սեդոնին հետաքրքրում էր Հայաստանի դատավորների մոտեցումները պրոբացիոն ծառայության նպատակահարմարության վերաբերյալ:
Ռեկտորը ներկայացրեց Արդարադատության ակադեմիայում անցկացվող դատավորների վերապատրաստումներից հետաքրքրական մանրամասներ ու նաև ապագայում նախանշված ծրագրեր:
Փորձագետը ներկայացրեց հունվարից Հայաստանում պիլոտային ծրագրի շրջանակում կիրառվելիք տնային ռեժիմի պայմաններում էլեկտրոնային մոնթորինգի սարքավորումներից մեկը, դրա կիրառման ձևերն ու պայմանները, առավելություններն ու թերությունները:
<<Սարքավորումները թանկարժեք են, բայց հուսալի և լայնորեն կիրառվում են եվրոպական 21 երկրներում, նաև Միացյալ Նահանգներում>>,-նշեց ԵԽ փորձագետը՝ ավելացնելով, որ ազատազրկման վայրերը կբեռնաթափվեն, եթե դատավորներն իրենց ավանդական մոտեցումները փոխեն:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց հյուրին հետաքրքիր քննարկման և օգտակար տեղեկատվության համար:
Հանդիպման ավարտին փորձագետը ակադեմիայի գրադարանին նվիրեց <<Էլեկտրոնային մոնիթորինգի ստանդարտները և էթիկական հարցերը>> ձեռնարկը:
Ապագա իրավաբանների այցը ակադեմիա
Արդեն ավանդույթ է դարձել Արդարադատության ակադեմիայում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին հյուրընկալելը: Ֆակուլտետային ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ բակալավրիատի և մագիստրատուրայի մի խումբ ուսանողներ այսօր այցելեցին Արդարադատության ակադեմիա, հանդիպեցին ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանին:
Ուսանողների առաջարկով հանդիպումն անցավ հարց ու պատասխանի ձևաչափով: Հանդիպման հենց սկզբում ապագա իրավաբաններից շատերը նշեցին, որ ցանկություն ունեն ապագայում դառնալ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր՝ ընդգրկվելով դատավորի, դատախազի կամ քննիչի թեկնածությունների ցուցակներում:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց համալսարանականներին և մանրամասն ներկայացրեց ակադեմիայի գործունեությունը: Ռեկտորը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող տարաբնույթ մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ընդունելությանը, ուսումնառությանը, պրակտիկային, քննաշրջանի կազմակերպմանը և այլն:
Հանդիպման ավարտին ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հորդորեց ուսանողներին լավ սովորել, լինել ուժեղ և վստահ, ճիշտ կողմնորոշվել աշխատանքի ընտրության հարցում, որպեսզի հետագայում սիրով աշխատեն և չհիսաթափվեն բարդություններից:
Ուսանողներն այցի ավարտին ցանկություն հայտնեցին լուսանկարվել ակադեմիայի շենքում բոլորովին վերջերս տեղադրված արդարության ոլորտում կրթությունը խորհրդանշող արձանի մոտ:
Լրացուցիչ վերապատրաստում ՀՔԾ քննիչների համար
Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում անցած ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների համար կազմակերպվել է լրացուցիչ դասընթաց <<Խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունների քննությունը և կյանքի իրավունքին առնչվող գործերը>> թեմայով: Առաջին դասընթացն անցկացվեց նոյեմբերի 26-ին՝ Հատուկ քննչական ծառայությունում: Երկրորդը՝ նախանշված է դեկտեմբերի 3-ին: Հատկանշական է, որ այս վերապատրաստումներն անցկացնում են Արդարադատության ակադեմիայի այն դասընթացավարները, որոնք ամիսներ առաջ հաջողությամբ ավարտել են Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում անցկացված վերապատրաստողների վերապատրաստումը:
Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվում են կյանքի իրավունքին, դրա բժշկական ասպեկտներին, պետության պարտավորություններին, խոշտանգման և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքին, վատ վերաբերմունքի այլ ձևերին, մարդու իրավունքների միջազգային համակարգին և Հայաստանի Հանրապետության համար դրա նշանակությանը, արդյունավետ քննությանը, հանրային վերահսկողությանը և այլն:
Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին է տրամադրվել Եվրոպայի Խորհրդի հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից մշակված նոր դասընթացի նյութերն ամփոփող ձեռնարկը, այն է՝ <<Կյանքի իրավունքին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքին առնչվող գործերի քննությունը>>: Ձեռնարկը հեղինակել են Սերգեյ Առաքելյանը և Ջուլիա Կոզման:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ վերապատրաստումներն իրականացվում են «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում:
Դիպլոմներ քննիչի թեկնածուներին
Նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի 26 ունկնդիր-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներ, հյուրեր:
Հանդիսությունը հատկանշական էր այն առումով, որ դիպլոմների հետ միասին քննիչների թեկնածուները ստացան ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները: Ակադեմիայի շրջանավարտներից 24-ը, արդեն որպես քննիչ, այսօրվանից սկսեցին աշխատել: Նորանշանակ քննիչները նաև հանդիսավորությամբ երդվեցին:
Օրենքով սահմանված կարգով՝ քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումն իրականացվել է Արդարադատության ակադեմիայում: Ուսուցման ընդհանուր տևողությունը շուրջ ութ ամիս էր՝ 2016 թվականի մարտի 1-ից նոյեմբեր 4-ը՝ ներառյալ 20 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը: Ուսուցումն իրականացվել է ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական դասընթացների հիման վրա՝ նպատակ ունենալով ձևավորել ունկնդիրների մոտ քննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողություններ և հմտություններ, ինչպես նաև ընդլայնել մասնագիտական գիտելիքները:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իր ելույթում հատուկ ընդգծեց քննիչի աշխատանքում տեսական և հատկապես գործնական գիտելիքների անփոխարինելի դերը:
<<Որևէ անմեղ մարդ չպետք է դատապարտվի, հանցանք գործած որևէ անձ չպետք է խուսափի քրեական պատասխանատվությունից, իսկ դրանց հնարավոր է հասնել միայն օբյեկտիվ քննությամբ, օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների արդյունքում>>,-նշեց Ա. Հովսեփյանը՝ շեշտելով, որ քննիչը պետք է լինի հետազոտող, ոչ թե հետապնդող:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նշեց, որ ունկնդիրների համար անցած ուղին բավական դժվար էր, թեպետ քննիչի աշխատանքն ինքնին բարդ ու պատասխանատու է: Այդուհանդերձ, ռեկտորը համոզմունք հայտնեց, որ ակադեմիայի շրջանավարտները ի վիճակի են պատվով իրականացնել իրենց առաքելությունը:
<<Վստահ եմ՝ այսօրվա շրջանավարտները նոր շունչ են հաղորդելու քննչական մարմիների գործունեությանը>>,-նշեց ռեկտորը՝ հավելելով, որ արդարադատության իրականացման հիմքում հենց քննիչի աշխատանքն է:
Հանդիսավոր նիստի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն հայտնեց Արդարադատության ակադեմիայի ղեկավարությանը՝ քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումը կազմակերպելու և անցկացնելու համար և ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանին պարգևատրեց <<Համագործակցության համար>> մեդալով:
Անկախ փորձագետների այցը Արդարադատության ակադեմիա
Նոյեմբերի 23-ին <<Ծրագրային համագործակցության կառուցակարգի>> շրջանակներում անկախ փորձագետներ Հարալդ Հարդվինքն (Դանիա) ու Ջեմմա Բինյոլը (Իսպանիա) այցելեցին Արդարադատության ակադեմիա:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց եվրոպացի փորձագետներին, ովքեր Հայաստանում են կարիքների գնահատում անցկացնելու նպատակով: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու դրանց արդյունավետությունը:
Արդարադատության ակադեմիան այսօր հյուրընկալեց ապագա իրավաբաններին
Նոյեմբերի 16-ին Արդարադատության ակադեմիան հյուրընկալեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին: Նախաձեռնությունը Իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությանն էր: Ուսանողները ցանկություն էին հայտնել այցելել Արդարադատության ակադեմիա, հանդիպել ակադեմիայի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանին:
Հանդիպումն անցավ անկաշկանդ մթնոլորտում՝ հարց ու պատասխանի ձևաչափով: Ուսանողները ռեկտորին դիմեցին ակադեմիայի գործունեությանն առնչվող իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերով:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ողջունեց ապագա իրավաբաններին և հույս հայտնեց, որ նրանց շարքերում են մեր երկրի ապագա դատավորները, դատախազները, քննիչները:
Ովքեր են Արդարադատության ակադեմիայի դասընթացավարները և ինչ սկզբունքով են նրանք ընտրվում, ինչ էական տարբերություններ կան բուհական և ակադեմիական կրթական համակարգերի միջև, ինչպես են մշակվում ուսուցման պլաններն ու առարկայական ծրագրերը, ինչպես է կազմակերպվում թեկնածուների պրակտիկան, ինչպիսին է շրջանավարտների նշանակման կարգը. այս և բազմաթիվ այլ հարցեր էին հետաքրքրում ուսանողներին:
Հարցերին ի պատասխան՝ ռեկտորը ներկայացրեց Արդարադատության ակադեմիա ընդունվելու կարգը՝ մասնավորապես դատավորների, դատախազների, քննիչների թեկնածությունների ցուցակներում ընդգրկվելու ընթացակարգերը: Ռեկտորը անդրադարձավ նաև ակադեմիայում մասնագիտական պատրաստմանն առնչվող մի շարք հարցերի:
Այցի ավարտին ԵՊՀ ուսանողները երախտագիտություն հայտնեցին հետաքրքիր հանդիպման համար:
Համագործակցության համաձայնագիր Արդարադատության ակադեմիայի և ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջև
Նոյեմբերի 12-ին Արդարադատության ակադեմիայի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջև կնքվեց համագործակցության մասին փոխըմբռնման համաձայնագիր, որը ստորագրեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը:
Համաձայնագիրն ամրագրեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցելու ցանկությունը: Մասնավորապես՝ փաստաթղթի նպատակն է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական պատրաստվածության կատարելագործումը:
Համագործակցությունը ենթադրում է ակադեմիայի ուսումնական ծրագրերում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային-իրավական փաստաթղթերի և ներպետական օրենսդրության վերաբերյալ դասընթացների առարկայական ծրագրերի կազմում, համապատասխան նյութերի մշակում:
Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է նաև մշակել և կազմակերպել հեռաուսուցման դասընթացներ, իրականացնել հետազոտություններ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Նոյեմբերի 12-ին ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ անցկացրեց <<Փողերի լվացման գործերի քննությունը>> թեմայով կոնֆերանս: Այն վարում էին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը:
Կոնֆերանսին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ դատական համակարգից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից, ՀՀ պետեկամուտների կոմիտեից, ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնից, ՀՀ դատական դեպարտամենտից:
Կոնֆերանսի մեկնարկը տրվեց Արդարադատության ակադեմիայի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջև համագործակցության մասին փոխըմբռնման համաձայնագրի ստորագրման արարողությամբ:
Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ Դանիել Ազատյանը կարևորեց նման քննարկումներ անցկացնելու փաստը՝ միաժամանակ ընդգծելով, որ Արդարադատության ակադեմիայի և Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը կարևոր քայլ է փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նշեց, որ փողերի լվացման դեմ պայքարը լուրջ խնդիր է, և այդ պայքարի ուղղությամբ ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի պայքարի արդյունավետության բարձրացմանը չափազանց կարևոր է և հրատապ: <<Լիահույս եմ, որ մեր այս համագործակցության շրջանակներում այսօր կազմակերպված և հետագայում կազմակերպվելիք տարբեր տեսակի միջոցառումները զգալի ավանդ կլինեն այդ գործում>>,-նշեց ռեկտորը՝ հավաստիացնելով, որ հաշվի առնելով այդ ոլորտում առկա մասնագիտական գիտելիքի պակասը՝ առաջիկայում նախատեսվում է ակադեմիայի ուսումնական ծրագրերում ներառել փողերի լվացման դեմ պայքարի վերաբերյալ դասընթացներ:
Կոնֆերանսի ընթացքում ներկաները քննարկեցին փողերի լվացման գործերի քննության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնակիցները նաև մտքեր փոխանակեցին օրենսդրական և գործնական խոչընդոտների վերաբերյալ, վերլուծեցին փողերի լվացման գործերով կայացված որոշակի դատական ակտեր ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային փորձի օրինակներով:
Աշխատանքային այց Պորտուգալիայի դատական ուսումնառության կենտրոն
Հոկտեմբերի 27-28-ը Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունն այցելեց Պորտուգալիայի դատական ուսումնառության կենտրոն: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Երվանդ Խունդկարյանը, խորհրդի անդամ Րաֆֆի Ասլանյանը, ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, պրոռեկտոր Էմիլ Ամիրխանյանը, Հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը, Գիտահետազոտական վարչության առաջատար մասնագետ Արմիդա Ոսկանյանը:
Երկօրյա այցի ընթացքում ակադեմիայի պատվիրակության անդամները հանդիպել են Պորտուգալիայի դատական ուսումնառության կենտրոնի տնօրեն, Պորտուգալիայի Գերագույն դատարանի դատավոր Ժուաու Մանուել դա Սիլվա Միգելի, Կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնի համակարգող, ավագ դատախազ Հելենա Լեյտաուի, Շարունակական ուսուցման տարածքային համակարգող, ավագ դատախազ Ժորժ Դիաս Դուարտեի, Վերապատրաստման բաժնի համակարգող, ավագ դատավոր Էդգար Լոպեզի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու կառույցների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներկայացվել է դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներ կազմելու Պորտուգալիայի փորձը՝ հրապարակային մրցույթի անցկացումից մինչև ընդունելության ընթացակարգը, ինչպես նաև կազմակերպվող դասընթացները, փորձաշրջանի անցկացումը:
Արդարադատության ակադեմիայի պատվիրակության անդամները ծանոթացել են նաև Պորտուգալիայի դատավորների և դատախազների վերապատրաստման համակարգի առանձնահատկություններին՝ ուսուցման մեթոդաբանությանը, ուսումնամեթոդական նյութերին, հեռաուսուցման հնարավորություններին և այլն:
Հանդիպման մասնակիցները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր, առավելապես՝ ինչպես կարող է Պորտուգալիայի դատական ուսումնառության կենտրոնի փորձն օգտակար լինել Արդարադատության ակադեմիայի համար:
Աշխատանքային երկօրյա այցն իրականացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի <<Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը>> համատեղ ծրագրի շրջանակում:
Աշխատանքային այց Քիշնև
Հոկտեմբերի 24-ից 25-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվեց <<Դատական համակարգի կարողություների զարգացման շրջանակում կանանց մատչելիությունն արդարադատության ոլորտում>> տարածաշրջանային համաժողովը, որին մասնակցում էին Արևելյան գործընկերության 5 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի պատվիրակությունները, որոնց կազմում ընդգրկված էին արդարադատության ոլորտում կրթական գործունեություն իրականացնող կառույցների, դատական և դատախազական համակարգերի ներկայացուցիչներ: Համաժողովին հրավիրված էին նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկրների փորձագետներ:
Հայաստանի Հանրապետությունից երկօրյա համաժողովին մասնակցում էր նաև Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ: Համաժողովի ընթացքում փորձագետների հետ քննարկվեցին կանանց՝ դատական իշխանությունում ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցեր:
Եվրոպայի խորհրդի տեղական փորձագետները, որոնք ներկայացնում էին Արևելյան գործընկերության երկրները, համաժողովի մասնակիցներին ներկայացրին թեմայի առնչությամբ իրականացված ազգային հետազոտությունների արդյունքները՝ հետաքրիքր վիճակագրական տվյալներ փոխանցելով լսարանին: <<Առկա են դրական ցուցանիշներ, բայց դեռևս անելիքները քիչ չեն>>,-ընդգծեցին փորձագետները:
Համաժողովը կազմակեպել էր Եվրոպայի խորհուրդը՝ Մոլդովայի Արդարադատության ազգային ինստիտուտի հետ գործակցության արդյունքում:
Հանդիպում Մոլդովայի Արդարադատության ազգային ինստիտուտի տնօրենի հետ
Հոկտեմբերի 24-ից 25-ը Քիշնևում անցկացված <<Դատական համակարգի կարողություների զարգացման շրջանակում կանանց մատչելիությունն արդարադատության ոլորտում>> տարածաշրջանային համաժողովի շրջանակներում Մոլդովայի Արդարադատության ազգային ինստիտուտի տնօրեն Դիանա Սկոբիոլայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու կառույցների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, համագործակցության հնարավոր տարբերակներ: Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հրավիրեց գործընկերոջը Հայաստան՝ տեղում ծանոթանալու Ակադեմիայի գործունեությանը և փորձի փոխանակման արդյունավետ ուղիներ գտնելու:
Հավաստագրեր՝ վերապատրաստում անցած ՀՔԾ քննիչներին
Հոկտեմբերի 22-ին Արդարադատության ակադեմիայում ավարտվեց Հատուկ քննչական ծառայության քննիչների վերջին՝ երրորդ խմբի վերապատրաստման դասընթացը: Այդ կապակցությամբ քննիչներին ավարտական վկայագրեր հանձնեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց վերապատրաստում անցած ՀՔԾ քննիչներին և հաջողություն մաղթեց իրենց պատասխանատու ծառայության մեջ:
Համաձայն <<Հատուկ քննչական ծառայության մասին>> ՀՀ օրենքի՝ առնվազն 3 տարին մեկ անգամ պարտադիր վերապատրաստում են անցնում Հատուկ քննչական ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները: Այս տարի Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում է անցել ՀՀ հատուկ քննչական ծառայության 21 քննիչ՝ 40 ակադեմիական ժամ ծավալով:
Հատուկ քննչական ծառայության քննիչների ուսուցման ծրագիրը նպատակաուղղված է քննիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը քրեական իրավունքի, քրեական դատավարության, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: