Նոր նշանակումներ
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի 2017 թվականի փետրվարի 1-ի հրամաններով Անահիտ Մանասյանը նշանակվել է Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, Ռուզաննա Ղևոնդյանը՝ Ակադեմիայի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր, Ռոբերտ Շահինյանը՝ Ակադեմիայի աշխատակազմի ղեկավար:
Ստորև ներկայացնում ենք Անահիտ Մանասյանի, Ռուզաննա Ղևոնդյանի, Ռոբերտ Շահինյանի կենսագրությունները.
Անահիտ Արտյոմի Մանասյան
Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր
Ծննդյան թիվ, վայր
24.06.1988թ., ք. Երևան
Կրթություն
2016թ. հունվար-հունիս ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց
2010-2013թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա
2008-2010թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (ավարտել է գերազանցությամբ)
2004-2008թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ (ավարտել է գերազանցությամբ)
Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ատենախոսության թեման
«Սահմանադրական դատարանի որոշումների տեղը ՀՀ իրավական համակարգում և դրանց դերը Սահմանադրության կայունության ապահովման գործում»
Աշխատանքային փորձ
2017թ. փետրվարի 1-ից Արդարադատության ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր
2016թ. դեկտեմբերից ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական
2015թ-ից ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ
2014թ-ից դասախոս Արդարադատության ակադեմիայում
2014-2016թթ. դեկտեմբեր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական
2013-2014թթ. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական
2012թ-ին ստաժավորում է անցել Հունգարիայի սահմանադրական դատարանում
2010-2015թթ. ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս
2009-2013թթ. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի օգնական
2008-2009թթ. փորձագետ ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում
Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
2015թ-ից ՀՀ ԲՈՀ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ-գիտքարտուղար
2013թ-ից տարածաշրջանային «Հարավային Կովկաս իրավաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ
2012թ-ից ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագրի ռուսերեն հավելվածի հրատարակչական խմբի անդամ
2012թ-ից Մոսկվայում հրատարակվող «Համեմատական սահմանադրական տեսություն» միջազգային գիտական հանդեսի տարածաշրջանային թղթակից
Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
2016թ-ից «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ
2008թ-ից ՀՀ իրավաբանների միության անդամ
Գիտական գործուղումներ
2013թ-ին վերապատրաստվել է Գերմանիայում: Մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովների (այդ թվում` Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Վիլնյուսում, Մինսկում, Սարաևոյում, Բեռլինում, Թբիլիսիում), դասախոսություններով հանդես է եկել միջազգային մի քանի սեմինարների շրջանակներում (այդ թվում` Բաթումիում, Բուդապեշտում, Կիևում)
Օտար լեզուներ
Ռուսերեն, անգլերեն, իսպաներեն
Հրապարակումներ
Հեղինակ և համահեղինակ է չորս մենագրությունների, 1 դասագրքի, 1 ուսումնական ձեռնարկի և 30-ից ավելի գիտական հոդվածների, որոնք հրապարակվել են հայաստանյան և արտասահմանյան միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում
Այլ տեղեկություններ
Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով, և այլն) կողմից սահմանադրական իրավունքին առնչվող տարատեսակ հարցերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստման գործընթացներին
Ռուզաննա Երվանդի Ղևոնդյան
Ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր
Ծննդյան թիվ, վայր
16.03.1970, ք․ Երևան
Կրթություն
1987-1992թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Աշխատանքային փորձ
2017թ. փետրվարի 1-ից Արդարադատության ակադեմիայի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր
2016թ. նոյեմբերից-2017թ. փետրվար Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր
2014-2016թթ. Արդարադատության ակադեմիայի դատարանների հետ կապերի բաժնի պետ
2008-2014թթ. ՀՀ դատական դպրոցի ավագ մասնագետ
2006թ. սեպտեմբերից 2008թ. ՀՀ «Դատական դեպարտամենտ» ՊԿՀ, ՀՀ դատական դպրոցի ավագ մասնագետ
2006թ. հունվարից-սեպտեմբեր ՀՀ Վճռաբեկ դատարան, փոխադրման կարգով՝ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատավորների վերապատրաստման կենտրոնի ավագ մասնագետ
2005-2006թթ. ՀՀ Վճռաբեկ դատարան, փոխադրման կարգով՝ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության դատավորների վերապատրաստման կենտրոնի ավագ մասնագետ
1999-2005թթ. ՀՀ Վճռաբեկ դատարան, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմում խորհրդատու
1996-1999թթ. ՀՀ Գերագույն դատարանի Օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի խորհրդատու
Դասային աստիճանները
1997թ. ՀՀ Գերագույն դատարան, շնորհվել է 2-րդ դասի իրավաբանի դասային կոչում
1999թ. շնորհվել է արդարադատության 3-րդ դասի խորհրդականի դասային կոչում
2006թ. «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ, շնորհվել է դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան
Գիտամանկավարժական գործունեություն
Երևանի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում դասախոս («ՀՀ սահմանադրական իրավունք»)
Օտար լեզուներ
Ռուսերեն, ֆրանսերեն
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր
Ռոբերտ Հովսեփի Շահինյան
Աշխատակազմի ղեկավար
Ծննդյան թիվ, վայր
19.01.1979թ. ք․ Երևան
Կրթություն
2004թ. Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Աշխատանքային փորձ
2017թ. փետրվարի 1-ից Արդարադատության ակադեմիայի աշխատակազմի ղեկավար
2016թ. նոյեմբերից-2017թ. փետրվար Արդարադատության ակադեմիայի առկա ուսուցման վարչության պետ
2014-2016թթ. «Դոմինանտ պրոդաքշն» հեռուստահաղորդումների արտադրանք իրականացնող ռուս-հայկական ընկերությունում բանակցային-իրավական հարցերով խորհրդատու, Երևան
2013-2014թթ. «Արսմարթսիմ» հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ռուս-հայկական կազմակերպության գործադիր տնօրեն, Երևան
2006-2009թթ. «Ռոսնոր հիդրո» ներդրումային կազմակերպության տնօրեն, Կիպրոսի Հանրապետություն
2006-2009թթ. «Իմպեքս Պոլյարիս» ռուս-նորվեգական էներգետիկ կազմակերպության գլխավոր տնօրեն, ՌԴ, Մոսկվա
2005-2006թթ. «Պրոյեկտնի Ալյանս շինարարական կազմակերպություն» ՍՊԸ-ում իրավախորհրդատու, ՌԴ, Մոսկվա
2005-2006թթ. «Իմպեքս Պոլյարիս» ռուս-նորվեգական էներգետիկ կազմակերպության իրավախորհրդատու, ՌԴ, Մոսկվա
Օտար լեզուներ
Ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն, թուրքերեն
Այլ տեղեկություններ
Ծառայել է ՀՀ զինված ուժերում
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր
Աշխատանքային խորհրդակցություն
Հունվարի 30-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ռեկտոր Սերգեյ Առաքելյանն աշխատակազմին ներկայացրեց կառուցվածքային փոփոխությունները, որոնք հաստատվել են Ակադեմիայի կառավարման խորհրդի հունվարի 26-ին տեղի ունեցած նիստի ընթացքում: Արդյունքում ձևավորվել են նոր կառուցվածք, հաստիքացուցակ և աշխատողների պաշտոնային դրույքաչափեր:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշխատանքային բազմաթիվ հարցեր: Ռեկտորը պատասխանեց նաև ակադեմիայի գործունեությանն առնչվող՝ աշխատակիցներին հուզող մի շարք հարցերի:
Աշխատաժողով՝ նվիրված <<Փախստականների իրավունք>> հեռաուսուցման դասընթացի ավարտին
Հունվարի 27-ից 28-ը Ծաղկաձորում անցկացվեց աշխատաժողով՝ նվիրված ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության և Արդարադատության ակադեմիայի միջև համագործակցության արդյունքում մշակված <<Փախստականների իրավունք>> հեռաուսուցման դասընթացի ավարտին: Ներկա էին ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի, ՀՀ վարչական վերաքննիչ և Վարչական դատարանների այն դատավորները, որոնք մասնակցել և հաջողությամբ ավարտել են 10 շաբաթ տևողությամբ վերապատրաստման այդ դասընթացը: Աշխատաժողովի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան հեռաուսուցման դասընթացը մշակած հեղինակների հետ քննարկել թեմային առնչվող մի շարք հարցեր:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Ողջունելով ներկաներին՝ ռեկտորը շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի միջազգային գործընկեր ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին իրականացված աշխատանքի համար: <<Կարծում եմ՝ ցանկացած նախաձեռնության գնահատման չափանիշը արդյունքն է: Իբրև արդյունք՝ ունենք ոչ միայն մշակված հեռաուսուցման դասընթաց, այլև վերապատրաստումն ավարտած ունկնդիրներ՝ դատավորներ, որոնք ապահովել են այս ծրագրի արդյունավետությունը>>,-նշեց ռեկտորը: Սերգեյ Առաքելյանն իր խոսքում առանձնահատուկ շեշտեց փախստականների իրավունք թեմայի կարևորությունը, որը խիստ արդիական է համայն մարդկության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար: Ռեկտորը նման հանդիպումներն ավանդական դարձնելու առաջարկ հնչեցրեց և ծրագրի շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց:
ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթն իր հերթին երախտագիտություն հայտնեց Արդարադատության ակադեմիային ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար: Ք. Բիրվիրթը մանրամասն ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, փախստականների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ այդ առումով հատկապես կարևորելով պետության և դատարանների դերը:
Ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը դասընթացը հետագայում առավել խորացնելու պատրաստակամություն հայտնեց և ներկայացրեց դասընթացի մշակման և մատուցման մեթոդոլոգիան:
<<Փախստականների իրավունք>> հեռաուսուցման դասընթացի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ընձեռված հնարավորության համար, ինչպես նաև նշեցին հեռաուսուցման դասընթացի արդյունավետության մասին՝ ընդգծելով ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնոլոգիական առավելությունները: Դատավորների խոսքով՝ փախստականների իրավունքը ոչ թե տարիներով, այլ ժամերով է զարգանում, և այդ ոլորտի առանձնահատկություններին տիրապետելը առավել քան անհրաժեշտություն է: Նրանք նշեցին նաև հեռաուսուցման դասընթացների ընդլայնման անհրաժեշտության մասին, քանի որ առանց աշխատանքից կտրվելու հնարավորություն են ունենում որակյալ ուսուցում ստանալ: Դատավորները նաև անդրադարձան հեռաուսուցման դասընթացի բովանդակային հարցերի քննարկմանը:
Դասընթացի համահեղինակ Արա Խզմալյանը պարզաբանումներ ներկայացրեց մասնակիցների կողմից հնչեցրած հարցերի վերաբերյալ: Երկօրյա աշխատաժողովի ընթացքում անցկացվեց նաև դատախաղ:
Տեղի ունեցավ Կառավարման խորհրդի 2017 թվականի առաջին նիստը
Հունվարի 26-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի հերթական նիստը: Ներկա էին խորհրդի անդամներ Երվանդ Խունդկարյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ), Արթուր Հովհաննիսյանը (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ), Արմեն Հարությունյանը (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ), Գևորգ Բաղդասարյանը (ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ), Համլետ Ասատրյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր), Րաֆֆի Ասլանյանը (Երևան քաղաքի դատախազ): Նիստին մասնակցում էր Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվեց միաձայն՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով: Խորհրդի անդամները շնորհավորեցին նորընտիր նախագահին՝ մաղթելով նրան բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Վերջին մեկ տարում կառավարման խորհուրդը նախագահում էր Երվանդ Խունդկարյանը: Խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին Ե. Խունդկարյանին կատարած աշխատանքի համար՝ համոզմունքով, որ հետագա աշխատանքներն արդեն խորհրդի անդամի կարգավիճակով ևս չեն զիջի իրենց ակտիվությամբ:
Տեղեկացնենք, որ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը: Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:
Խորհրդի նախագահի ընտրությունից հետո խորհուրդն անցավ օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Արդարադատության ակադեմիայի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ռեկտորի առաջարկով քննարկվեց և հաստատվեց Ակադեմիայի նոր կառուցվածքը, հաստիքացուցակը և աշխատողների պաշտոնային դրույքաչափերը:
Բացի այդ՝ խորհուրդը հաստատեց 2017 թվականի ուսուցման ծրագրերը, նաև Ակադեմիայի 2017 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ Ակադեմիայի շրջանավարտներին
Հունվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Արդարադատության ակադեմիայի 8 ունկնդիրների՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտին: Շրջանավարտներին ավարտական դիպլոմներ հանձնեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Դիպլոմների հետ միասին շրջանավարտները ստացան աշխատանքի նշանակման մասին հրամանները, որոնք հանձնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստումը տևել է 9,5 ամիս՝ 2016 թվականի մարտ 1-ից դեկտեմբերի 16-ը՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորեց շրջանավարտներին ակադեմիայում ուսումնառությունը հաջող ավարտելու կապակցությամբ և նշեց, որ այսօրվանից նորանշանակ դատախազների կյանքում կարևորագույն էջ է սկսվում: Համակարգի աշխատանքի արդյունավետությունն ու զարգացումն ապահովելու համար Գլխավոր դատախազը նոր սերնդի դատախազներից ակնկալում է ակտիվ նախաձեռնողականություն: <<Համոզված եմ՝ դատախազությունում ծառայությունը մեր երկրին ծառայելու լավագույն առիթն է և հնարավորությունը>>,-նշեց Արթուր Դավթյանը և առանձնահատուկ շնորհավորեց Զինվորական դատախազության ստորաբաժանումներում աշխատանքի անցած դատախազներին, որոնցից պահանջվում են բացառիկ մոտեցումներ, որովհետև նրանք գործ ունեն բանակի և զինվորի հետ:
ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն հայտնեց ռեկտոր Սերգեյ Առաքելյանին և ակադեմիայի անձնակազմին մասնագիտական պատրաստում անցկացնելու նպատակով մեծ ջանք ու եռանդ ներդնելու համար, նաև վստահություն հայտնեց, որ ունկնդիրները տեսական գիտելիքներին զուգահեռ Ակադեմիայում գործնական հմտություններ են զարգացրել և լիարժեք պատրաստ են աշխատանքի անցնել:
Շնորհակալություն հայտնելով Գլխավոր դատախազին աշխատանքը գնահատելու համար և շնորհավորելով շրջանավարտներին՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանն իր ելույթում նշեց, որ Ակադեմիան այսօր հերթական սերունդն է ճանապարհում դժվար կյանք: Նոր սերնդին ներկայացվող պահանջները խիստ են, բայց ռեկտորը լիահույս է՝ Ակադեմիայում ստացած գիտելիքը, աշխատասիրությունը, նաև մարդկային որակները կնպաստեն դատախազի կոչումը բարձր պահելուն: <<Աշխատե՛ք ձեզ դրսևորել այնպես, որ որևէ մեկի մտքով չանցնի չարախոսել ձեր համակարգի և ձեր ուսուցիչների մասին >>,- ասաց ռեկտորը:
<<Հաջողություն եմ մաղթում և լիարժեքորեն վստահ եմ, որ դուք հաջողելու եք, եթե այսօրվանից սկսում եք ձեր ծառայությունը նվիրումով. ծառայություն աշխատանքին, երկրին, ժողովրդին>>, - դիմելով նորանշանակ դատախազներին՝ նշեց Գլխավոր դատախազը:
Հրապարակվել են Ակադեմիայի գործունեության հաշվետվությունն ու անկախ աուդիտորական եզրակացությունը
<<Արդարադատության ակադեմիայի մասին>> ՀՀ օրենքի 10-րդ, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 23-րդ, <<Հաշվապահական հաշվառման մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան՝ հրապարակվել են Ակադեմիայի 2016 թվականի տարեկան գործունեության հաշվետվությունը և Ակադեմիայի ֆինանսական վիճակի վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը:
Հաշվետվության մեջ հանգամանորեն ներկայացված է Ակադեմիայի գործունեությունը՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների և ոլորտների: Ընդհանուր առմամբ՝ 2016 թվականի ընթացքում գործունեության տարբեր բնագավառներում իրականացված բազմաթիվ միջոցառումներն ու ծրագրերը կոչված են եղել խթանելու Ակադեմիայի առաջընթացը, ապահովելու ուսումնական գործընթացի բարելավումն ու զարգացումը և կրթության որակի բարձրացումը։
Քննարկվեցին առաջիկա անելիքները
Հունվարի 9-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները՝ իրավաբանական բաժնի ղեկավար Ջեսիկա Անդերսոնը, ղեկավարի տեղակալ Սուսաննա Գրիգորյանը, խորհրդատու Մարինե Անտոնյանը:
Ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես՝ մշակվել և ակադեմիայում ներդրվել է <<Փախստականների իրավունք>> հեռաուսուցման դասընթացը: Այն տևել է 10 շաբաթ, որին մասնակցել է 10 դատավոր ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից, ՀՀ վարչական վերաքննիչ և Վարչական դատարաններից: Հեռաուսուցման վարչության պետը մանրամասն խոսեց արդյունքների մասին՝ ներկայացնելով դասընթացի արդյունավետության գնահատման հաշվետվությունը՝ նյութերի բովանդակությունից մինչև դրա կիրառական նշանակություն, տեխնիկական ու կազմակերպական հարցեր:
ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության իրավաբանական բաժնի ղեկավար Ջեսիկա Անդերսոնն առաջարկեց հեռաուսուցման դասընթացն ավարտած դատավորների համար առաջիկայում կազմակերպել մեկօրյա սեմինար-քննարկում՝ նվիրված դասընթացի արդյունքների ամփոփմանը: Իրավաբանական բաժնի ղեկավարի տեղակալ Սուսաննա Գրիգորյանն էլ խոստացավ թեմային առնչվող լրացուցիչ նյութեր տրամադրել, որոնք օգտակար կլինեն դատավորների համար: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին սեմինար-քննարկումն անցկացնել փետրվարին, Արդարադատության ակադեմիայում:
Հյուրերն ակադեմիայի գրադարանին նվիրեցին վերջերս լույս ընծայված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ժողովածուն՝ գիրք 10, հայերեն թարգմանությամբ:
Կողմերը նաև քննարկեցին 2017 թվականին հեռաուսուցման նոր դասընթացի մշակման խնդիրները և դրա մեկնարկի նախապատրաստական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:
Ռեկտորն ամփոփեց ակադեմիայի 2016-ի գործունեությունը
Դեկտեմբերի 28-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց ակադեմիայի գործունեության վերաբերյալ տարեվերջյան ամփոփ հաշվետվություն: Ելույթի ընթացքում ռեկտորն ամփոփեց աշխատանքային տարին՝ արձանագրելով արվածն ու ուրվագծելով անելիքները: Իսկ աշխատանքներ կատարվել են ակադեմիայի գործունեության նպատակների ու խնդիրների կենսագործման գրեթե բոլոր ուղղություններով: Աշխատանքներն ուղղված են եղել խթանելու ակադեմիայի առաջընթացը, ապահովելու ուսումնական գործընթացի բարելավումն ու զարգացումը և կրթության որակի բարձրացումը։
Ռեկտորի խոսքով՝ 2016 թվականին Արդարադատության ակադեմիայում շուրջ 2000 ունկնդիր անցել է մասնագիտական պատրաստում, վերապատրաստում կամ հատուկ ուսուցում: Շուրջ 400 դատավոր և դատախազ վերապատրաստվել է հեռաուսուցման դասընթացների շրջանակում: Ակադեմիայի գիտահետազոտական վարչության կողմից մշակվել են մի շարք նոր առարկայական ծրագրեր: Հաշվետու տարում ակադեմիան ձեռք է բերել նոր գործընկերներ, ստորագրել նոր համաձայնագրեր, հիմք դրել նոր համագործակցությանը:
Հատկանշական է, որ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի խոսքն ուղղված էր ոչ միայն կատարված աշխատանքներին, այլև զարգացման ուղղությամբ նախանշված անելիքներին: 2017-ի ծրագրերը հավակնոտ են, բայց և իրատեսական: Դրանք վերաբերում են ակադեմիայում կազմակերպվող վերապատրաստումներին (իրավակիրառ պրակտիկային ներկայացվող պահանջների միասնականությունն ապահովելու նպատակով), համագործակցության շրջանակներն ընդլայնելուն, համակարգչային լսարան ստեղծելուն, նոր դասընթացներ ներդնելուն, ինչպես նաև տարածքի բարեկարգմանը, վերանորոգման աշխատանքների իրականացմանը, անհրաժեշտ գույք, տեխնիկական միջոցներ, սարքավորումներ ձեռքբերելուն և այլն:
Գործունեության հաշվետվությունը ներկայացնելուց հետո ռեկտորը բազմամյա, բարեխիղճ աշխատանքի և ակադեմիայի զարգացման գործում նշանակալի ներդրման համար «Շնորհակալագրեր» հանձնեց դասընթացավարներ Դավիթ Ավետիսյանին, Հովհաննես Ղուկասյանին, Վարուժան Աբելյանին և ակադեմիայի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ Ռոբերտ Փոլադյանին, Գնունի Բալայանին, Ֆլորա Մելքոնյանին, Ալեքսանդր Փիլոսյանին: «Շնորհակալագրեր» ստացան նաև դասընթացավարներ Արա Ղազարյանն ու Վահե Ենգիբարյանը աշխատանքային արդյունավետ համագործակցության և ակադեմիայի զարգացման գործում նշանակալի ներդրման համար:
Դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ քննիչի թեկնածուներին
Դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեում ավարտական դիպլոմներ ստացան և հրամաններով աշխատանքի նշանակվեցին Արդարադատության ակադեմիայի 2016 թվականի քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիր-շրջանավարտները:
Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներ, հյուրեր: Ակադեմիայի 19 շրջանավարտներից 17-ը, արդեն որպես նորանշանակ քննիչներ, նաև հանդիսավորությամբ երդվեցին:
Դիմելով ներկաներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշեց, որ լավ ավանդույթ է ձևավորվել Ակադեմիայի քննիչի թեկնածու շրջանավարտներին ավարտական դիպլոմների հետ միասին հանձնել նաև աշխատանքի նշանակման հրամանները:
Աղվան Հովսեփյանն իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Արդարադատության ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին քննիչի թեկնածուների ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, իսկ փորձառու քննիչներին՝ ունկնդիրների պրակտիկան ղեկավարելու համար:
<<Ստանալով դիպլոմները՝ դուք այսօրվանից կրելու եք նաև քննիչի բարձր կոչումը: Ցանկանում եմ՝ ձեր գիտելիքները կարողանաք ներդնել պրակտիկայում և գործերի քննության նոր մշակույթ ձևավորել>>,-դիմելով շրջանավարտներին՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Աղվան Հովսեփյանին բարձր գնահատանքի համար և նշեց, որ ցանկացած կառույցի նշանակությունը և գործունեության արդյունավետությունը գնահատելու համար առաջին հերթին պիտի կարևորել նրա գործունեության արդյունքը: Տվյալ դեպքում ակադեմիայի գործունեության արդյունքը շրջանավարտներն են, և ակադեմիայի անձնակազմը լիահույս է, որ նրանք բարձր են պահելու նաև Ակադեմիայի պատիվը:
<<Իմ համոզմամբ՝ հենց քննչական գործունեությունն է այն հիմքը, որի վրա խարսխվում է արդարադատության ողջ համակարգը: Այդ առումով շատ պատասխանատու, բարդ մասնագիտություն եք ընտրել>>,-նշեց ռեկտորը՝ համոզմունք հայտնելով, որ Արդարադատության ակադեմիայում ձեռքբերած գիտելիքները կնպաստեն քննչական գործունեության որակի բարձրացմանը:
Տեղեկացնենք, որ Արդարադատության ակադեմիայում քննիչների թեկնածուների մասնագիտական պատրաստումը տևել է 8 ամիս՝ 2016 թվականի ապրիլի 18-ից դեկտեմբեր 16-ը՝ ներառյալ 20 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը:
Համագործակցության հեռանկարներ IRZ-ի հետ
Դեկտեմբերի 5-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հարավկովկասյան բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերն ու հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը:
Հանդիպման սկզբում, ողջունելով հյուրերին, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդգծեց երկու կառույցների միջև համագործակցության անհրաժեշտությունը, նաև անդրադարձավ փոխգործակցության շրջանակներում առաջիկայում նախանշվող ծրագրերին: Մասնավորապես՝ ռեկտորն առաջարկեց իրականացնել համատեղ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Ակադեմիայում վերապատրաստվող դատավորներին, դատախազներին և քննիչներին՝ այդ համատեքստում կարևորելով գերմանական փորձի ներկայացումը, ունկնդիրների մոտ պրակտիկ հմտությունների ամրապնդումը, նոր մեթոդական ուղեցույցերի հրատարակումը: Ռեկտորի առաջարկով՝ միջազգային խորհրդատվական աջակցությունն առավելապես ուղղված կլինի պատժի նշանակման առանձնահատկություններին, խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքում պրակտիկ հմտություններին, վիճելի նախադեպային որոշումներին և այլն:
Կարևորելով IRZ-ի հետ համագործակցության ամրապնդումը՝ Սերգեյ Առաքելյանն առաջարկեց նաև առկա համագործակցությունն ապագայում իրավական հիմքերի վրա դնել:
Հանդիպման ավարտին Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հարավկովկասյան բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերը նշեց, որ ներկայացված ծրագրերը կքննարկվեն կառույցի կողմից, և հնարավորության սահմաններում աջակցություն կցուցաբերվի դրանց իրականացմանը: