Երկօրյա սեմինար՝ կանանց համար արդարադատության հավասար մատչելիության ապահովման վերաբերյալ
Հունիսի 15-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց երկօրյա սեմինար Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների և դատախազների թեկնածուների համար: Այն նվիրված է կանանց համար արդարադատության հավասար մատչելիության ապահովմանը՝ դատավորների և դատախազների գործունեության միջոցով: Սեմինարը կազմակերպել է Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի հետ համատեղ՝ «Կանանց համար արդարադատության մատչելիության բարելավում Արևելյան գործընկերության վեց երկրներում» ծրագրի շրջանակում:
Սեմինարի մասնակիցներին և փորձագետներին ողջունեց Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Պրոռեկտորը նշեց, որ կանանց համար արդարադատության մատչելիությանն առնչվող խնդիրները ժամանակակից իրավունքի և մասնավորապես արդարադատության բնագավառի կարևորագույն հարցերից են, որոնք պաշտաճ մոտեցում են ենթադրում հանրային գործառույթներ իրականացնող ցանկացած սուբյեկտի կողմից:
«Ակադեմիան, որպես դատավորների, դատախազների, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստում, ինչպես նաև գործող դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստում իրականացնող հիմնական մասնագիտացված կառույց, բնականաբար, անչափ կարևորում է այս խնդիրների ելակետային և պատշաճ ներկայացումն ու վերլուծությունը և դրա վերաբերյալ համապատասխան հմտությունների փոխանցումը մեր ունկնդիրներին»,-ասաց Անահիտ Մանասյանը և սեմինարի մասնակիցներին հաջող և արդյունավետ աշխատանք մաղթեց:
Դասընթացը վարում են ազգային փորձագետներ Գոհար Հակոբյանը (ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս), Աննա Հովհաննիսյանը («Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման փորձագետ) և նույն կենտրոնի իրավաբան, փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը, Ինեսսա Պետրոսյանը (փաստաբան), Սիրանուշ Դավթյանը («Կանանց ճգնաժամային կենտրոն»-ի հոգեբան) և միջազգային փորձագետ Իվանա Ռադաչիչը:
Փորձագետների խոսքով՝ կանանց համար արդարադատության մատչելիությունը խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում, նույնիսկ միջազգային ատյաններում: Ավելին` այդ առումով հետաքրքիր վիճակագրություն ներկայացվեց. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բոլոր դիմումատուների մեջ կանանց թիվը ընդամենը 16% է: Պակաս ուշագրավ չեն տվյալները նաև քաղաքական, իրավական, հասարակական կյանքում կանանց ներգրավածության վերաբերյալ: Ըստ այդմ՝ Հայաստանում դատական համակարգում կանանց ներկայացվածությունը 24 % է, դատախազականում՝ մոտ 10 %:
Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանում գենդերային հավասարության արդի վիճակին, մատչելիությանն առնչվող հիմնական խոչընդոտներին, ԵԽ կոնվենցիային «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» (Ստամբուլի կոնվենցիա) և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի պրակտիկային, ընտանեկան բռնությունից տուժած անձանց համար արդարադատության մատչելիության հիմնական մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին:
Կներկայացվեն նաև սեռական բռնության գործերով դատական պրակտիկայում ձևավորված գենդերային կարծրատիպերի վերլուծություններ՝ փաստաբանի տեսանկյունից, դատական գենդերային կարծրատիպավորումը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և այլն: Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան նաև դիտել թեմային առնչվող տեսաֆիլմ: Տեսական հատվածից բացի՝ նախատեսվում է անցկացնել խմբային վարժություններ, կոնկրետ գործերի ուսումնասիրում և քննարկում:
Նշենք, որ երկօրյա սեմինարի փակմանը ելույթ կունենա նաև Անտոնիա Վիխրեսթը՝ Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության բաժնից: