Արդարադատության ակադեմիայում կստեղծվի հետազոտական և վերլուծական կենտրոն
ՀՀ կառավարության՝ 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1236-Ա որոշման հավելվածի՝ ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի 5-րդ գլխի 6-րդ կետին համապատասխան՝ դատաիրավական համակարգի մասնագիտական կարողությունների և Արդարադատության ակադեմիայի համապարփակ զարգացումն ապահովելու նկատառումներից ելնելով՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի՝ 2026 թվականի հոկտեմբերի 7-ի նիստում քննարկվել և հավանության է արժանացել ակադեմիայում Արդարադատության նախարարության հետ համատեղ հետազոտական և վերլուծական կենտրոնի ստեղծման գաղափարը։
Հետազոտական և վերլուծական կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա Արդարադատության ակադեմիայում ձևավորել հետազոտության և մասնագիտական կրթության փոխկապակցված ինստիտուցիոնալ մոդել, որի շրջանակում իրականացվող հետազոտությունների և վերլուծությունների արդյունքները կօգտագործվեն մի կողմից՝ Ակադեմիայի ուսումնական ծրագրերի մշակման, վերանայման և արդիականացման, մասնագիտական պատրաստման և վերապատրաստման կարիքների գնահատման, ուսումնական նյութերի մշակման, ինչպես նաև դասավանդման մեթոդների կատարելագործման, մյուս կողմից՝ դատական կամ իրավակիրառ այլ պրակտիկայի ուսումնասիրության, միջազգային և համեմատական փորձի վերլուծության և այլ գործնական նպատակներով։
Միևնույն ժամանակ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նույն նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության հետազոտական և վերլուծական կենտրոնի հետազոտողների ընդունելության փաստաթղթերի ներկայացման և հետազոտողների ընտրության, «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության հետազոտական և վերլուծական կենտրոնում իրականացվող հետազոտությունների անցկացման կարգերը։
Տեղեկացնում ենք նաև, որ հետազոտական և վերլուծական կենտրոնում կամավոր հիմունքներով հետազոտություններ անցկացնելու նպատակով հետազոտողների ընտրության գործընթացի մեկնարկի և մանրամասների վերաբերյալ Արդարադատության ակադեմիան առաջիկայում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։
Արդարադատության ակադեմիայի ռեկտորը մասնակցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) -ի ֆորումին, ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
2026 թվականի հոկտեմբերի 14-15-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից կազմակերպված Մտավոր սեփականության դատավորների 2026 թվականի ֆորումին (2026 WIPO Intellectual Property Judges Forum)։
Հոկտեմբերի 14-ի քննարկումների առանցքում եղել են մտավոր սեփականությունը և արհեստական բանականությունը, արհեստական բանականության կիրառման հիմնախնդիրները դատական վարույթներում։
Հոկտեմբերի 15-ի մասնագիտական ծրագիրը շարունակվել է բարձրագույն դատական ատյանների՝ մտավոր սեփականության իրավունքի զարգացման գործում ունեցած դերի քննարկմամբ։ Քննարկվել են նաև ապրանքային նշանների օգտագործման, արդար մրցակցության, սպառողների պաշտպանության և արտահայտվելու ազատության միջև հավասարակշռության հարցերը։
Նույն օրը Արդարադատության ակադեմիայի ռեկտորը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դատական համակարգի ներկայացուցիչների՝ Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանի խորհրդական-զեկուցող և Միասնական արտոնագրային դատարանի դատավոր Մելանի Բեսոյի, Փարիզի առաջին ատյանի դատարանի դատավոր Մալիկ Շապյուի և նույն դատարանի երրորդ պալատի երրորդ բաժանմունքի նախագահ Ժան-Քրիստոֆ Գայեի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային դատական և կրթական համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։
Այցի կարևոր արդյունքներից է եղել 2026 թվականի հոկտեմբերի 15-ին Արդարադատության ակադեմիայի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը WIPO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Պասկալ Ֆորի հետ։
Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը, նույն դատարանի դատավորներ Աննա Շիլաջյանը, Անի Աթանեսյանը և Գրիգորի Վարդանյանը, Սնանկության դատարանի դատավոր Ինգա Բարսեղյանը։
Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել WIPO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Պասկալ Ֆորը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը։ Ելույթներում կարևորվել են մտավոր սեփականության ոլորտում դատավորների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը, միջազգային փորձի փոխանակումը, WIPO-ի ու Հայաստանի դատական և դատաիրավական կրթության ոլորտների միջև համագործակցության հետագա խորացումը։
Արդարադատության ակադեմիայի տարբերանշանը՝ միասնության և շարունակական զարգացման խորհրդանիշ
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 7-ին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի թիվ ԿԽ-017/26/2 որոշմամբ փոփոխվել և հաստատվել է «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբերանշանը, հաստատվել են նաև տարբերանշանի եռալեզու՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակները։
Արդարադատության ակադեմիայի տարբերանշանի հիմքում կրթության, մասնագիտական զարգացման և միասնական արժեքային միջավայրի գաղափարն է։
Տարբերանշանի ճարտարապետական պատկերը ներշնչված է Ակադեմիայի շենքից՝ ընդգծելով նրա դերը որպես մասնագիտական կրթության, գիտելիքի և փորձի փոխանցման ու զարգացման կենտրոն։
Երեք ուղղահայաց հարթությունները խորհրդանշում են Ակադեմիայի գործունեության երեք առանցքային մասնագիտական ուղղությունները՝ դատավորների, դատախազների և քննիչների մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումը։
Տարբերանշանի խորությունն ու շարժումը փոխանցում են շարունակական մասնագիտական զարգացման գաղափարը, իսկ ճարտարապետական համաչափությունն ու հստակությունը՝ օրինականության, հավասարակշռության, պատասխանատվության և ինստիտուցիոնալ կայունության արժեքները։
Գունային լուծումը ևս գաղափարական նշանակություն ունի.
● մուգ կապույտ՝ կայունություն և վստահություն,
● բաց կապույտ՝ գիտելիք և զարգացում,
● տաք երանգ՝ գիտելիքի լույսը, արժեքներ և մարդկային ներուժ։
Սկզբունքորեն կարևոր է, որ գույներից որևէ մեկը չի վերաբերում և չի նույնացվում արդարադատության համակարգի որևէ առանձին մարմնի հետ։ Երեք գույներն էլ հավասարապես վերաբերում են դատավորներին, դատախազներին և քննիչներին՝ արտահայտելով այն ընդհանուր արժեքները, որոնք միավորում են նրանց Ակադեմիայի կրթական միջավայրում։
Տարբեր մասնագիտական ուղղություններ՝ մեկ կրթական կենտրոն, մեկ ընդհանուր արժեքային միջավայր և մեկ նպատակ՝ գիտելիքի, մասնագիտական կատարելագործում ու շարունակական զարգացում։
Դիպլոմներ՝ քննիչի թեկնածուների չորրորդ խմբի ունկնդիրներին
Հոկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2026 թվականի ցուցակում ընդգրկված 4-րդ խմբի ունկնդիրներին:
Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Բավականին բարդ ու պատասխանատու ուղի եք ընտրել։ Քննիչի աշխատանքը մեծագույն նվիրում է պահանջելու, սակայն լիահույս եմ, որ ձեր գործին կվերաբերվեք ամենայն լրջությամբ: Դուք ունեք հստակ պարտականություններ հասարակության ու պետության առջև, և վստահ եմ, որ այդ ծանր, բայց պատվաբեր բեռը կկրեք մեծագույն պատասխանատվությամբ»,– նշեց ռեկտորը՝ շրջանավարտներին մաղթելով անփորձանք ծառայություն:
Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 16 ունկնդիր, որոնք, համապատասխան ուսուցման ծրագրով, մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի օգոստոսի 3-ից հոկտեմբերի 14-ը:
Արդարադատության ակադեմիան ընդունել է ապագա իրավաբաններին
2026 թվականի հոկտեմբերի 9-ին Արդարադատության ակադեմիան Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ ընդունել է մի խումբ ուսանողների։
Ապագա իրավաբաններին ողջունել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը։ Հանդիպման ընթացքում ռեկտորը հանգամանալից ներկայացրել է Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները՝ հատուկ անդրադառնալով կրթական և գիտական նոր հնարավորություններին։
Տաթևիկ Սուջյանը ուսանողներին է ներկայացրել նաև Ակադեմիայում Հետազոտական և վերլուծական կենտրոն ստեղծելու գաղափարն ու նպատակները՝ ընդգծելով, որ ուսանողները հնարավորություն կունենան կամավոր հիմունքներով ներգրավվելու կենտրոնի աշխատանքներում, ինչը կնպաստի նրանց գործնական հմտությունների և վերլուծական մտածողության զարգացմանը։
Այցի ավարտին ուսանողները շրջայց են կատարել Ակադեմիայում՝ ծանոթանալով կառույցի շենքային պայմաններին։
Ակադեմիայի կառավարման խորհուրդը նոր նախագահ ունի
2026 թվականի հոկտեմբերի 7-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվել է Ակադեմիայի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում, նկատի ունենալով կառավարման խորհրդի անդամի պաշտոնից ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանի հրաժարականի դիմումը, խորհրդի անդամները փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրել են կառավարման խորհրդի նոր նախագահ: Կառավարման խորհրդի նախագահի պաշտոնն ստանձնել է կառավարման խորհրդի անդամ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանը:
Բացի այդ, ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի, կառավարման խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Արդարադատության ակադեմիայի Հետազոտական և վերլուծական կենտրոնի ստեղծման, Հետազոտական և վերլուծական կենտրոնի գործունեությունը կարգավորող կարգերի, Արդարադատության ակադեմիայի տարբերանշանի փոփոխության հարցերը, որոնց վերաբերյալ Արդարադատության ակադեմիան առաջիկայում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ
Հարգելի՛ պարոն Պողոսյան,
Անձամբ իմ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ողջ անձնակազմին՝ մասնագիտական տոնի՝ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու քննիչի պատասխանատու և պատվաբեր ծառայությունը, որի հիմքում մասնագիտական բարձր պատրաստվածությունը, սկզբունքայնությունը, անաչառությունն ու օրենքի գերակայությանը հետևողական հավատարմությունն են:
Քննչական կոմիտեում ծառայությունը պահանջում է ոչ միայն խորը մասնագիտական գիտելիքներ և փորձառություն, այլև պատասխանատվության բարձր զգացում, տոկունություն և հետևողականություն:
Ժամանակակից մարտահրավերների պայմաններում առավել է ընդգծվում քննիչի մասնագիտական առաքելության կարևորությունը և այն պատասխանատվությունը, որ կրում է յուրաքանչյուր ծառայող՝ իր ամենօրյա աշխատանքով նպաստելով իրավական պետության ամրապնդմանը և հանրային վստահության ձևավորմանը:
Առանձնահատուկ կարևորում եմ Արդարադատության ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջև տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ և ամուր գործընկերությունը: Մեր կառույցների հետևողական համագործակցությունը կարևոր ներդրում ունի քննչական համակարգի մասնագետների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման, գիտելիքների կատարելագործման և ժամանակակից պահանջներին համահունչ մասնագիտական պատրաստվածության ապահովման գործում:
Վստահ եմ, որ այս համագործակցությունը շարունակելու է զարգանալ և հարստանալ նոր նախաձեռնություններով ու համատեղ ծրագրերով՝ ծառայելով մեր իրավական համակարգի հետագա կատարելագործմանը:
Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ քննչական կոմիտեն կշարունակի բարձր պատասխանատվությամբ և մասնագիտական նվիրումով իրականացնել իրեն վերապահված կարևոր առաքելությունը՝ հետևողականորեն ամրապնդելով կառույցի մասնագիտական ներուժն ու ինստիտուցիոնալ կարողությունները:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բոլոր ծառայողներին քաջառողջություն, անսպառ եռանդ, տոկունություն և նորանոր մասնագիտական հաջողություններ:
Արդարադատության ակադեմիայի ռեկտորը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Սեպտեմբերի 30-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Արտահայտվելու ազատության և լրագրողների անվտանգության բաժնի ավագ ծրագրային պատասխանատու Մեհդի Բենշելահին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտահայտվելու ազատության, մամուլի ազատության, տեղեկատվության մատչելիության և արդարադատության ոլորտում արհեստական բանականության պատասխանատու կիրառման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։
Ռեկտորը ներկայացրել է Ակադեմիայի գործունեությունը և միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Մեհդի Բենշելահն իր հերթին ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերը, այդ թվում՝ դատական համակարգի դերակատարների կողմից արհեստական բանականության պատասխանատու կիրառման վերաբերյալ ուղեցույցները, արտահայտվելու ազատության թեմայով առցանց դասընթացները և գործնական ուղղվածությամբ աշխատաժողովների ձևաչափը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերի (SLAPP) թեմային։ Կողմերը քննարկել են այս ոլորտում միջազգային չափանիշների և համեմատական պրակտիկայի վերաբերյալ դատավորների և դատախազների համար մասնագիտական դասընթացների կազմակերպման հնարավորությունը։
Քննարկվել է նաև դատավորների, դատախազների և քննիչների համար արհեստական բանականության գործիքների պատասխանատու կիրառման վերաբերյալ մասնագիտական դասընթացի և դասընթացավարների պատրաստման ծրագրի մշակումը՝ մարդու իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության չափանիշների համատեքստում։
Այլ ուղղությունների շարքում քննարկվել է թվային միջավայրում ատելության խոսքի թեմայով մասնագիտացված աշխատաժողովի կազմակերպման հնարավորությունը՝ ուղղված քաղաքացիական և քրեական վարույթներում միջազգային չափանիշների գործնական կիրառման կարողությունների զարգացմանը։
Կողմերն ընդգծել են միջազգային և հայ փորձագետների համատեղ աշխատանքի կարևորությունը՝ միջազգային լավագույն փորձը ազգային օրենսդրության և պրակտիկայի առանձնահատկությունների հետ համադրելու նպատակով։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել քննարկումները համագործակցության կոնկրետ ձևաչափերի շուրջ։
Արդարադատության ակադեմիան և ԱՄՆ CLDP-ն ընդլայնում են համագործակցությունը մտավոր սեփականության ոլորտում
Սեպտեմբերի 23-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունել է ԱՄՆ առևտրի նախարարության Գլխավոր խորհրդականի գրասենյակի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) իրավաբան-խորհրդատու Ջոսլին Սթայներին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մտավոր սեփականության ոլորտում համագործակցության ընթացիկ և հեռանկարային ուղղությունները։
Ներկայացվել է CLDP-ի կողմից առաջիկայում հրատարակվող՝ մտավոր սեփականության ոլորտում ձեռնարկի մասին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դատավորների, դատախազների և քննիչների համար մտավոր սեփականության ոլորտում մասնագիտական դասընթացների մշակմանը՝ ընդգրկելով ինչպես քաղաքացիաիրավական, այնպես էլ քրեաիրավական բաղադրիչները։
Նախատեսվում է 2027 թվականին կազմակերպել մտավոր սեփականության ոլորտում մասնագիտացված դասընթացավարների պատրաստման դասընթաց։ Դրա բովանդակությունը կմշակվի ամերիկյան և հայ փորձագետների համատեղ աշխատանքով՝ միջազգային լավագույն փորձը համադրելով ազգային օրենսդրության առանձնահատկությունների հետ։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության հետագա քայլերի շուրջ՝ վերահաստատելով համատեղ աշխատանքի շարունակականության իրենց պատրաստակամությունը։
Շվեդ գործընկերների այցն Ակադեմիա
Սեպտեմբերի 8-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի ներկայացուցիչներին՝ ծրագրի համակարգող, Շվեդիայի գլխավոր դատավոր Բյորն Լինդենին, ծրագրի ավագ պատասխանատու Լիանա Ղազինյանին և կրտսեր պատասխանատու Ինեսա Ռուբինյանին:
Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են համատեղ ծրագրերի արդյունքները և նախանշել առաջիկա անելիքները: Քննարկումների առանցքում են եղել ընթացիկ տարվա նոյեմբերին նախատեսված նախաձեռնությունները, մասնավորապես՝ դատավորների թեկնածուների համար նոյեմբերի 12-ին նախանշված աշխատաժողովը՝ նվիրված մասնագիտական էթիկայի խնդիրներին:
Քննարկվել է նաև նոյեմբերի 13-14-ին նախատեսված դասընթացավարների արտագնա վերապատրաստման (TOT) ծրագիրը: Վերապատրաստումը նախատեսված է Ակադեմիայի դասընթացավարների, աշխատակիցների և դատավորների համար՝ շվեդ ու ազգային փորձագետների մասնակցությամբ:
Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու դատական համակարգի կարողությունների հզորացմանն ուղղված համատեղ նախագծերի իրականացումը: