Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հեռաուսուցումն ուսուցման (վերապատրաստման) կազմակերպման ժամանակակից և մեծ տարածում գտած ձև է, որը տասնամյակներ շարունակ փաստել և փաստում է իր արդյունավետությունը: Պատահական չէ, որ զարգացած երկրներում հետևողականորեն ներդրվում են հեռաուսուցման համակարգեր, որոնք նաև կոչված են մեղմելու կամ հաղթահարելու հարափոփոխ կյանքի մարտահրավերները:

 

Հեռաուսուցումն ունի իրականացման իր ուրույն մեթոդոլոգիան և ուսուցման (վերապատրաստման) կազմակերպման այս ձևի հաջողված կամ արդյունավետ լինելը մեծապես կախված է իր իրականացման միջոցներից մեկի՝ համապատասխան առարկայի հեռաուսուցման փաթեթի որակից:

 

Հեռաուսուցման փաթեթը հեռաուսուցման ձևաչափով կրթության, ուսուցման կամ վերապատրաստման գործընթաց կազմակերպելու համար անհրաժեշտ նյութերի ամբողջությունն է: Այդ փաթեթը բաղկացած է.

 

  1. ուսումնական ձեռնարկ/մոդուլ – հիմնական նյութն է, որը բովանդակում է առարկայի յուրացման համար անհրաժեշտ մասնագիտական և միջգիտակարգային տեղեկատվություն, բառարան, գրականության ցանկ, ինքնաստուգիչ հարցեր և համապատասխան առաջադրանքներ,

  2. առարկայի տերմինների բառարան – բովանդակում է բոլոր այն հասկացությունները, որոնց իմացությունն անհրաժեշտ է համապատասխան տեքստը կամ դասը հավուր պատշաճի յուրացնելու համար,

  3. մեդիա-նյութեր (տեղեկատվություն փոխանցող բոլոր միջոցներից` գրքեր, հոդվածներ, ֆիլմեր, տեսանյութեր և այլն) – ուսումնական ձեռնարկի-մոդուլի յուրաքանչյուր դասի առավել արդյունավետ յուրացմանը միտված տարաբնույթ նյութեր են,

  4. ինքնաստուգիչ հարցերի պատասխանների գրքույկ – ուսումնական ձեռնարկի/մոդուլի ինքնաստուգիչ հարցերին վերաբերող առանձին փաստաթուղթ է, որն ունի առավելապես բացատրական բնույթ: Սույն գրքույկի միջոցով հնարավորություն կունենաք իմանալ ինքնաստուգիչ հարցերի ճիշտ պատասխանները, ինչպես նաև հնարավորինս մանրամասն ծանոթանալ համապատասխան տարբերակների ճիշտ կամ սխալ լինելու մասնագիտական բացատրությանը,

  5. հեռաուսուցման փաթեթից օգտվելու ուղեցույց (Study guide) – բովանդակում է հեռաուսուցման ձեռնարկից/մոդուլից (Reader) արդյունավետ օգտվելու համար անհրաժեշտ տեղեկատվություն: Հեռաուսուցման փաթեթից օգտվելու ուղեցույցն ունի առավելապես մեթոդաբանական և կողմնորոշիչ նշանակություն ու նախատեսված է ունկնդիրների/վերապատրաստվողների համար,

  6. ուսումնական ծրագիրը - այս փաստաթուղթը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալ կոնկրետ դասընթացի ընդհանուր բնութագրին, նպատակներին և ակնկալվող ելքային արդյունքներին, գնահատման եղանակին, հեռաուսուցման կազմակերպման ձևին կամ մեթոդին, կառուցվածքին և գրականության ցանկին,

  7. ուսումնական պլանը - այս փաստաթղթի միջոցով Դուք կարող եք ծանոթանալ դասընթացի (դասընթացով նախատեսված գործողությունների) ժամանակացույցին` առաջադրանքների հանձնարարման և կատարման, հնարավոր առերես հանդիպման ժամկետներին և այլն: