Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Նախագահի կողմից հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակում՝ ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N 990-Ա որոշմամբ, 2013թ. մայիսի 2-ին «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Արդարադատության ակադեմիան իր բուն գործունեությունը սկսել է 2014թ. հունվարի 1-ից:

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ, Ակադեմիայի կառավարման խորհրդի որոշումներով, այլ իրավական ակտերով և համագործակցության հուշագրերով ու համաձայնագրերով,

Ակադեմիան իր գործունեության նպատակների և խնդիրների կենսագործման ուղղությամբ՝

1) կազմակերպում և անցկացնում է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների թեկնածուների հավակնորդների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ՝ քննիչներ), և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.

2) կազմակերպում և անցկացնում է դատավորների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ՝ քննիչներ), դատախազների, դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստումը.

3) կազմակերպում և անցկացնում է դատական ծառայողների, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների, դատախազությունում պետական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստումը.

4) կազմակերպում է դատավորների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ՝ քննիչներ), դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցումը՝ հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով.

5) իր իրավասության սահմաններում կնքում է պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, համագործակցում օտարերկրյա կազմակերպությունների հետ, անդամակցում միջազգային կառույցներին.

6) սույն օրենքով նախատեսված կրթական ծրագրերի իրականացման համար մշակում է ուսումնամեթոդական նյութեր:

Ակադեմիայի հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է, որը սահմանում է Ակադեմիայի գործունեության նպատակները և հստակեցնում իրավական կարգավիճակին առնչվող հարցեր:

Արդարադատության ակադեմիայում աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման կարգը, աշխատաժամանակի ռեժիմը, Ակադեմիայի աշխատողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի ու կարգապահական պատասխանատվության միջոցները, Ակադեմիայի ունկնդրի վարքագծի կանոնները, ուսումնական դասընթացներից բացակայությունների հաշվարկի կարգը սահմանված են ներքին կարգապահական կանոններով: