Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնի պատվիրակության այցն Ակադեմիա
Հուլիսի 2-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնի (DCAF) պատվիրակությանը՝ DCAF-ի Հայաստանի ծրագրի ղեկավար Անտյե Ֆրիցի գլխավորությամբ. պատվիրակության կազմում էին նաև «Պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» ծրագրի համակարգող Այնեիաս Էնգստրոմը, ազգային փորձագետ Արմեն Գրիգորյանը, Ծրագրի կրտսեր պատասխանատու Լարիսա Մկրտչյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ակադեմիայի և DCAF-ի միջև համագործակցության ընթացիկ և հեռանկարային ուղղությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զինվորական ծառայության ընթացքում կատարված հանցագործությունների քննության վերաբերյալ ուղեցույցի մշակմանը։
Ներկայացվել է ուղեցույցի մշակման ընթացքը՝ նշելով, որ այն հիմնված է Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների մեկնաբանության, միջազգային իրավական չափանիշների և համեմատաիրավական վերլուծության վրա։
Կողմերը մանրամասն քննարկել են նաև ուղեցույցի մշակման ավարտից հետո նախատեսվող քայլերը՝ ուղղված դատավորների, դատախազների և քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև փաստաթղթի գործնական կիրառման ապահովմանը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության հետագա քայլերի շուրջ՝ վերահաստատելով համատեղ աշխատանքի շարունակականության իրենց պատրաստակամությունը։
Հանդիպում-քննարկում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ
Հունիսի 30-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը, որի կազմում էին ԱԶԲ-ի գլխավոր խորհրդատուի օգնական Քրիստինա Պակը և մասնավոր հատվածի զարգացման գծով գլխավոր մասնագետ Նարինե Ավետիսյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արդարադատության ակադեմիայի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության և նոր կրթական նախաձեռնությունների իրականացման հեռանկարները՝ ընդգծելով նման գործընկերության կարևորությունը Ակադեմիայի ինստիտուցիոնալ զարգացման և մասնագիտական կարողությունների ամրապնդման տեսանկյունից։
Կողմերը համաձայնության են եկել համագործակցության երկու առաջնահերթ ուղղությունների շուրջ։ Առաջինը վերաբերում է սնանկության իրավունքի ոլորտում դատավորների մասնագիտական կարողությունների զարգացմանը, որի շրջանակում նախատեսվում է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացնել մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ՝ հաշվի առնելով ոլորտի նոր իրավական կարգավորումներն ու դրանց կիրառման առանձնահատկությունները։ Երկրորդ ուղղությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել էկոլոգիական իրավունքի և կլիմայական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված նոր ուսումնական մոդուլ, որը նախատեսվում է ներառել դատավորների վերապատրաստման ծրագրերում։
Հանդիպման ընթացքում ռեկտորը կարևորել է նաև Արդարադատության ակադեմիայի թվայնացման գործընթացը։ Այդ համատեքստում քննարկվել են միջազգային գործընկերների աջակցությամբ Ակադեմիայի էլեկտրոնային կրթական հարթակի ներդրման հնարավորությունները։
Այցի շրջանակում պատվիրակության անդամները շրջայց են կատարել Ակադեմիայում, ծանոթացել ուսումնական միջավայրին, առկա կարողություններին և զարգացման հեռանկարներին։
Շնորհավորանք դատախազության աշխատողի օրվա առթիվ
Հարգելի՛ տիկին Վարդապետյան,
Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի և անձամբ իմ անունից ընդունեք ջերմ շնորհավորանքներս Դատախազության աշխատողի օրվա ու Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ։
Այս նշանակալի օրը ևս մեկ առիթ է արժևորելու դատախազության անցած ճանապարհը, ձևավորած ավանդույթներն ու այն կարևոր դերակատարությունը, որն այն ունի իրավական պետության կայացման, օրինականության պահպանության և հանրային շահերի պաշտպանության գործում։ Հասարակության և պետության առջև դատախազության ստանձնած կարևոր առաքելությունը պահանջում է բարձր պատասխանատվություն, անկոտրում կամք ու հավատարմություն կոչմանը:
Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության դատախազությունը շարունակելու է ամրապնդել իր ինստիտուցիոնալ ներուժը՝ հավատարիմ մնալով օրենքի գերակայության ու արդարության հաստատման իր կարևոր առաքելությանը։
Բարձր եմ գնահատում Հայաստանի Հանրապետության դատախազության և Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի միջև համագործակցությունը, որի շրջանակում համատեղ ջանքերով նպաստում ենք դատախազների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը, ժամանակակից իրավական մարտահրավերներին համահունչ գիտելիքների ձեռքբերմանը:
Մաղթում եմ Ձեզ ուժ և եռանդ, իսկ Հայաստանի Հանրապետության դատախազության բոլոր աշխատակիցներին՝ մասնագիտական նոր ձեռքբերումներ ու հաջողություններ իրենց պատասխանատու ծառայության մեջ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։
Ռեկտոր՝ Տաթևիկ Սուջյան
Եռօրյա վերապատրաստում՝ ֆինանսական գրագիտության թեմայով
Հունիսի 22-ից 24-ը Արդարադատության ակադեմիան ՀՀ ֆինանսների նախարարության և Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրեց «Ֆինանսական գրագիտություն ՀՀ իրավական ոլորտի մասնակիցների համար» խորագրով եռօրյա վերապատրաստում:
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն և Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը: Նրանք ողջունեցին մասնակիցներին, ընդգծեցին իրավական ոլորտի ներկայացուցիչների ֆինանսական գրագիտության շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ կարևորելով դրա նշանակությունը մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման և արդի մարտահրավերներին համարժեք արձագանքելու տեսանկյունից, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին գործընկերներին համատեղ նախաձեռնության համար:
Վերապատրաստումն անցկացրել է Համաշխարհային Բանկի խորհրդատու Արփինե Ղևոնդյանը:
Հանդիպում-քննարկում ԵԽ գործընկերների հետ
Հունիսի 22-ին Արդարադատության ակադեմիա են այցելել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) ներկայացուցիչները՝ ԵԽ Գենդերային հավասարության բաժնի ծրագրի ղեկավար, մարդու իրավունքների և Արևելյան Եվրոպայի հարցերով փորձագետ Դանկո Ռունիչը, ԵԽ երևանյան գրասենյակի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ավագ պատասխանատու Լիանա Ամիրբեկյանը և Գենդերային հավասարության բաժնի ծրագրերի օգնական Ալլա Կրուտինսկայան:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը ողջունեց հյուրերին և բարձր գնահատեց Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ, բովանդակալի և շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը Ակադեմիայի կարողությունների զարգացման և մասնագիտական կրթության շարունակական կատարելագործման գործում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձան ընթացիկ համագործակցության արդյունքներին, ինչպես նաև նախանշեցին հետագա համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման հնարավոր ուղղությունները։
Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդներին
Հունիսի 19-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը հանդիպեց Ակադեմիայի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների հավակնորդների (քրեական մասնագիտացմամբ) ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է 5 ունկնդիր:
Մասնագիտական պատրաստումը տևելու է 7 ամիս՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
Ռեկտորը ողջունեց ներկաներին և շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպական մի շարք հարցեր:
ԹՊԻՀ գործընկերների այցն Արդարադատության ակադեմիա
Հունիսի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերին և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին: Պատվիրակության կազմում էր նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալ, ով Հայաստան է ժամանել կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կարիքների գնահատում անցկացնելու նպատակով:
Ռեկտորը ողջունեց հյուրերին, բարձր գնահատեց ԹՊԻՀ գրասենյակի հետ ձևավորված համագործակցությունը և համոզմունք հայտնեց, որ այն կլինի շարունակական ու արդյունավետ:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և շնորհավորեցին Տաթևիկ Սուջյանին ակադեմիայի ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի զարգացման առաջիկա ծրագրերը, պատասխանեց հյուրերին հետաքրքրող հարցերին: Գործընկերները քննարկեցին համատեղ իրականացված և ընթացիկ ծրագրերը՝ կարևորելով փոխգործակցության ընդլայնումը:
Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ամբողջությամբ նորոգված, կահավորված և տեխնիկապես վերազինված «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահում»:
Աշխատանքային հանդիպում շվեդ գործընկերների հետ
Հունիսի 9-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունեց Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներին՝ ծրագրի համակարգող, իրավախորհրդատու, նախագծի թիմի ղեկավար Ալիսիա Մոսեմանին, ծրագրի համակարգող, իրավախորհրդատու Լինա Վալենբերգին, նախագծի համակարգող, Շվեդիայի գլխավոր դատավոր Բյորն Լինդենին, նախագծի ավագ մասնագետ Լիանա Ղազինյանին, նախագծի կրտսեր մասնագետ Ինեսա Ռուբինյանին:
Ռեկտորը ողջունեց հյուրերին, ընդգծեց առկա համագործակցության կարևորությունը և այն խորացնելու անհրաժեշտությունը:
Հյուրերը շնորհավորեցին նորանշանակ ռեկտորին, երախտագիտություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քայլերով շարունակել ընթացիկ ծրագրերը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նախանշված անելիքները, ուրվագծեցին երկկողմ համագործակցություն ձևավորելու հստակ ուղղություններ:
Հասանելի է Աննա Մարալյանի, Լիզա Գրիգորյանի, Նարինե Ալեքսանյանի, Անի Վարդանյանի, Անի Կոջոյանի «Գենդերազգայուն դատավարություն» վերնագրով ձեռնարկը
Ակադեմիայի պաշտոնական կայքէջում հասանելի է «Իրավունքի կենտրոն» ՀԿ.-ի նախագահ Աննա Մարալյանի, ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Լիզա Գրիգորյանի, իրավաբանական գիտությունների թեկնածու Նարինե Ալեքսանյանի, դատահոգեբանական փորձագետ Անի Վարդանյանի, գենդերային հարցերի, կանանց իրավունքների և մեդիա-հետազոտությունների փորձագետ Անի Կոջոյանի՝ «Գենդերազգայուն դատավարություն» վերնագրով ձեռնարկը՝ ներբեռնման հնարավորությամբ:
Մասնագիտական պատրաստումից առաջ հանդիպում դատախազի թեկնածուների հետ
Հունիսի 1-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը հանդիպեց դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է 17 ունկնդիր:
Ռեկտորը ողջունեց ներկաներին, շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն: Ուսուցման ծրագրի համաձայն՝ ուսումնառությունը տևելու է 7 ամիս 1 շաբաթ, ներառյալ փորձաշրջանը:
Հանդիպմանը քննարկվեցին նաև ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք բովանդակային և կազմակերպական հարցեր:
Մասնագիտական պատրաստումը մեկնարկեց հունիսի 1-ին և տևելու է մինչև հունվարի 8-ը: