ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Արտաշես Խուրշուդյանը մասնակցել է ԵԽ HELP ծրագրի տարեկան համաժողովին

23.06.2017

Հունիսի 19-ից 20-ը Ստրասբուգում անցկացվեց Եվրոպայի խորհրդի իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթություն՝ HELP (Human Rights Education for Legal Professionals) ծրագրի տարեկան համաժողովը, որը կրում էր «HELP-ը՝ հանուն մատչելի արդարադատության» խորագիրը: Համաժողովին մասնակցում էր Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը, ով նաև հանդիսանում է ԵԽ հեռավար ուսուցման ծրագրերի մշակման մեթոդոլոգիական խմբի փորձագետ:

 

Համաժողովի մասնակից Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են նախադեպային իրավունքին ու մարդու իրավունքների ուսուցման առանձնահատկություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ HELP 2016-2017 թվականների ձեռքբերումները և հետագա անելիքները, HELP դասընթացների առանձնահատկությունները՝ երեխաների իրավունքների և նրանց արդարադատության մատչելիության, խտրականության դեմ պայքարի, աշխատանքային իրավունքի, կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ և այլն:

 

Համաժողովի մասնակիցներն աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով քննարկումներ են ծավալել աշխատանքային առանձին խմբերով՝ վերհանելով իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման առանձնահատկությունները՝ մեթոդաբանական մոտեցումներ, գնահատման գործիքների ազդեցություն, հեռաուսուցման կազմակերպման մեթոդաբանության կատարելագործում ու HELP-ի էլեկտրոնային ուսուցման նոր պլատֆորմի գործառնական և նորարարական լուծումներ:

 

Գործընկերների հետ առանձնազրույցների ընթացքում քննարկվել են նաև հեռաուսուցման համատեղ նոր ծրագրեր մշակելու հնարավորությունները, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: