Համագործակցության հեռանկարներ Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության հետ
Մայիսի 31-ին Արդարադատության ակադեմիա էին այցելել Հայաստանի հաշտարարների ինքակարգավորվող կազմակերպության (ԻԿԿ) նախագահ Հայկ Հովհաննիսյանը, ԻԿԿ վերահսկողական մարմնի անդամ, հաշտարար Լուսինե Թասալյանը:
Ողջունելով հյուրերի համագործակցության առաջարկը՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նշեց, որ Հայաստանում հաշտարարության ինստիտուտը նորություն է, և հաշտարարության կայացման համար անհրաժեշտ է այդ թեմայով դասընթացի մշակում և անցկացում:
«Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում շատ դատավորներ լիարժեք պատկերացում չունեն հաշտարարության վերաբերյալ»,-նշեց Հայկ Հովհաննիսյանը: Ռեկտորը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում կազմակերպել հրավիրյալ դասախոսների դասախոսություններ և անցկացնել սեմինարներ ինչպես դատավորի թեկնածուների, այնպես էլ գործող դատավորների համար: Իսկ որպես առանձին դասընթաց՝ այն հնարավոր կլինի ներառել 2018 թվականի ուսումնական ծրագրում, Ակադեմիայի Կառավարման խորհրդի հաստատումից հետո:
Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը նշեց, որ Ակադեմիայում մեկ անգամ դատավորների համար հաշտարարության վերաբերյալ աշխատաժողով կազմակերպվել է, որն անցկացնում էին ԱՄՆ-ից ժամանած մասնագետները:
Նշենք, որ իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ՀՀ-ում ներդրված այս նոր ինստիտուտի հիմնական նպատակն է օրենսդրորեն ամրագրել վեճերի արտադատական լուծման մեխանիզմները՝ դրանով իսկ նպատակ հետապնդելով բեռնաթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև մասնագիտացված մեդիատորների (հաշտարարների) միջոցով առաջացած վեճերի հանդեպ ցուցաբերել ավելի արհեստավարժ մոտեցում: