Աշխատաժողով՝ դատավորների և դատախազների մասնակցությամբ
Հունիսի 17-ից 18-ը Աղվերանում անցկացվում է աշխատաժողով «Կանանց համար արդարադատության հավասար մատչելիության ապահովում՝ դատավորների և դատախազների գործունեության միջոցով» թեմայով: Այն իրականացվում է «Կանանց համար արդարադատության մատչելիության բարելավում Արևելյան գործընկերության վեց երկրներում» ծրագրի շրջանակում, որին մասնակցում են ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի, ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներ, դատախազներ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից: Միջոցառումը կազմակերպել է Արդարադատության ակադեմիան՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Նա Ակադեմիայի անունից ողջունեց ներկաներին և նշեց երկօրյա աշխատաժողովի կազմակերպման շարժառիթը: «Կանանց համար արդարադատության մատչելիության հարցերը ժամանակակից աշխարհի կարևորագույն հիմնախնդիրներից են, որոնք ենթադրում են պատշաճ վերաբերմունք հանրային գործառույթներ իրականացնող բոլոր սուբյեկտների կողմից: Հետևաբար, Ակադեմիան չափազանց մեծ նշանակություն է տալիս հիշյալ հիմնախնդիրների վերլուծությանն ու ներկայացմանը մեր ուկնդիրներին»,- ասաց պրոռեկտորը: Անահիտ Մանասյանը շնորհակալություն հայտնեց ԵԽ գործընկերներին, ազգային և միջազգային փորձագետներին, աշխատաժողովի մասնակիցներին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք:
Ներկաներին ողջունեց նաև Անտոնինա Վիխրեսթը՝ Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության բաժնից: Նա ներկայացրեց «Կանանց համար արդարադատության մատչելիության բարելավում Արևելյան գործընկերության վեց երկրներում» ծրագրի շրջանակում իրականացված և իրականացվող միջոցառումները՝ նշելով, որ մեծածավալ ուսումնասիրություններ են կատարվել, վեր են հանվել այդ ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, իրավական պաշտպանության միջոցները: «Հատկապես ընտանեկան բռնությունների աճող ցուցանիշներից ելնելով՝ անհրաժեշտություն կա լրացուցիչ պաշտպանել կանանց իրավունքները: Ավելին՝ մենք գիտակցում ենք, որ այս խնդիրը խորը արտահայտված է ոչ միայն Արևելյան գործընկերության երկրներում, այլև ԵԽ անդամ երկրներում և դրա սահմաններից դուրս»,- նշեց Անտոնինա Վիխրեսթը՝ հատուկ ընդգծելով, որ Հայաստանը, ներգրավված լինելով վերոնշյալ ծրագրում, լուրջ քայլեր է ձեռնարկում այդ առումով:
Ծրագրի շրջանակում տարեվերջին նախատեսվում է հրատարակել հատուկ ձեռնարկ դատաիրավական համակարգի մասնագետների վերապատրաստման հաստատությունների համար, որի մշակման գործում զգալի է ազգային փորձագետների ներդրումը:
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվող թեմաները բազմաթիվ են՝ սկսած գենդերային հավասարության արդի վիճակից մինչև գենդերային կարծրատիպեր, ներպետական դատարանների փորձ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունք, ընտանեկան բռնությունից տուժած անձանց համար արդարադատության մատչելիություն, նաև հոգեբանական խնդիրներ և այլն: Թեմայի շրջանակում անցկացվող քննարկումներն առնչվում են դատավորների և դատախազների ամենօրյա աշխատանքին:
Աշխատաժողովն անցկացնում են դասընթացավարներ և ազգային ու միջազգային փորձագետներ Գոհար Հակոբյանը, Ինեսսա Պետրոսյանը, Նվարդ Փիլիպոսյանը, Սիրանուշ Դավթյանը, Անտոնինա Վիխրեսթը, Իվանա Ռադաչիչը:
Նշենք, որ վերոնշյալ ծրագրի շրջանակում կանանց համար արդարադատության հավասար մատչելիության ապահովման հարցերին նվիրված երկօրյա սեմինար անցկացվեց նաև դատավորների և դատախազների թեկնածուների համար՝ հունիսի 15-ից 16-ը Արդարադատության ակադեմիայում: