ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հրավիրյալ փորձագետի դասախոսություն՝ քննիչի թեկնածուների համար

21.06.2017

Հունիսի 21-ին Արդարադատության ակադեմիան հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին՝ իրավապահ հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլլովեյին և Քրեական բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին: Առիթը հրավիրյալ փորձագետի դասախոսությունն էր, որն Ակադեմիայի ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասն է կազմում: Ադի Հոլլովեյը «Քրեական գործերի քննության ժամանակակից սկզբունքներն ու լավագույն փորձը. սպանությունների քննություն» թեմայով դասախոսություն կարդաց Ակադեմիայի ունկնդիրների՝ քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար:

 

Դասախոսությունից առաջ Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը ակտիվ համագործակցության և համատեղ հետաքրքիր ծրագրերի իրականացման հարցում ցուցաբերվող աջակցության համար:

 

«Այս համագործակցությունը կարևոր բովանդակային բնույթ է կրում: Ուսումնական պրոցեսի ընթացքում մենք հաճախ ենք կազմակերպում կոնկրետ թեմատիկայի, հիմնախնդիրների առնչությամբ տարատեսակ դասախոսություններ՝ առավելապես միջազգային փորձագետների մասնակցությամբ: Այսօրվա հրավիրյալ դասախոսի կենսագրությունը տպավորիչ է, իսկ քննարկվող թեման՝ կարևոր նշանակություն ունեցող և քննարկման համար բազում հարցեր առաջադրող»,-նշեց պրոռեկտորը և արդյունավետ քննարկում մաղթեց:

 

Ադի Հոլլովեյը ներկայացրեց իր աշխատանքային կենսագրությունը՝ նշելով, որ վերոնշյալ թեմայով դասախոսություններ կարդալու մեծ փորձ ունի Իրաքում, Աֆղանստանում և այլուր: Ավելին՝ հետաքննությունները, նրա խոսքով, նույն ձևով են վարում գրեթե ամբողջ աշխարհում:

 

Դասախոսությանը ներկա ունկնդիրները հնարավորություն ունեցան ոչ միայն լսելու փորձագետի դասախոսությունը, այլև թեմայի շրջանակում իրենց հետաքրքրող հարցերն ուղղել նրան. այդ առումով բավական օգտակար էր ծավալված քննարկումը: