ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հրավիրյալ փորձագետի դասախոսություն՝ դատավորի և դատախազի թեկնածուների համար

30.06.2017

Հունիսի 30-ին Արդարադատության ակադեմիա այցելեց ԱՄՆ 7-րդ շրջանի դաշնային դատարանների համար կառավարման գործադիր տնօրեն Քոլինս Ֆիցպատրիկը և դասախոսությամբ հանդես եկավ Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների և դատախազների թեկնածուների համար: Վաստակաշատ իրավաբանին ներկայացրեց Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:

 

Իր խոսքում պրոռեկտորը հիշեցրեց, որ Ակադեմիայի ընթացիկ դասընթացների կարևորագույն հատվածներից մեկը հենց հրավիրյալ մասնագետների դասախոսությունների կազմակերպումն է, որի շրջանակում ունկնդիրները հնարավորություն են ունենում լսելու ոչ միայն մեր կոնկրետ առարկաներ դասավանդող դասախոսներին, այլ նաև հրավիրյալ դասախոսների, ովքեր խոսում են ոլորտի վերաբերյալ տարատեսակ հետաքրքիր թեմաների շուրջ: Անահիտ Մանասյանը հակիրճ ներկայացրեց փորձագետի երկարամյա մասնագիտական կենսագրությունն ու համոզմունք հայտնեց, որ ուշագրավ դասախոսություն և հետաքրքիր ու արդյունավետ քննարկում կանցկացվի:

 

Քոլինս Ֆիցպատրիկը շնորհակալություն հայտնեց հնարավորության համար և դասախոսության ընթացքում անդրադարձավ 3 առանցքային կետերի. առաջին՝ դատավորների և դատախազների անկախություն, երկրորդ՝ ինչպես հասնել դրան և երրորդ՝ ինչպես պահպանել այն: Ք. Ֆիցպատրիկն իր խոսքում նշեց դատարանների անկախ լինելու և մնալու դժվարությունների ու խոչընդոտների մասին, ներկայացրեց ամերիկյան փորձը և պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող մի շարք հարցերի:

 

Հանդիպման ավարտին փորձագետն ապագա դատավորներին և դատախազներին ԱՄՆ սահմանադրության օրինակներ նվիրեց՝ հորդորելով հավատարիմ մնալ սկզբունքներին և պատվով իրականացնել դատավորի և դատախազի արժանապատիվ աշխատանքը: