ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Համագործակցություն՝ հեռաուսուցման նոր դասընթացի մշակման հեռանկարով

09.06.2017

Արդարադատության ակադեմիայի և ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան ներկայացուցչության միջև առկա համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու նպատակով հունիսի 9-ին Ակադեմիա այցելեցին գրասենյակի ներկայացուցիչները՝ իրավաբանական բաժնի ղեկավար Իննա Բորիսևիչի գլխավորությամբ: Ակադեմիայի հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության և համատեղ ծրագրերը շարունակելու պատրաստակամության համար:

 

Ակադեմիայի և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2016 թվականի մարտին` փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Այնուհետև գրասենյակի աջակցությամբ Ակադեմիայի կողմից մշակվել և հաջողությամբ ներդրվել է «Փախստականների իրավունք» հեռաուսուցման դասընթացը վարչական մասնագիտացմամբ դատավորների համար: Արտաշես Խուրշուդյանի խոսքով՝ հեռաուսուցման դասընթացի արդյունավետության մասին են փաստում առաջին մասնակիցների արձագանքները: Ավելին՝ եթե անցյալ տարի հեռաուսուցման այդ դասընթացին 10 դատավոր է մասնակցել, ապա այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 37 դատավոր և 6 դատախազ:

 

Հիմնվելով դասընթացի դրական արդյունքների վրա՝ նախատեսվում է առաջիկայում մշակել փախստականների իրավունքին վերաբերող հեռաուսուցման նոր դասընթաց՝ քրեական մասնագիտացմամբ դատավորների և դատախազների համար: Դասընթացի հիմքում շեշտը դրվելու է տեսական գիտելիքներ և առավելապես գործնական հմտություններ փոխանցելու վրա:

 

Հաջողության դեպքում նախատեսվում է նաև փախստականների հիմնախնդիրների վերաբերյալ ապագայում մշակել հեռաուսուցման միջազգային դասընթաց՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով, Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի դատավորների և դատախազների համար: Չի բացառվում նաև այլ երկրների համապատասխան կառույցների ներգրավումը: Արտաշես Խուրշուդյանը տեղեկացրեց, որ հեռաուսուցման դասընթացների մշակման և մատուցման հարցում հետաքրքրվածություն ու նաև նախնական պայմանավորվածություն կա Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի հետ: Նախատեսվում է նմանատիպ հարցեր քննարկել նաև Վրաստանի արդարադատության բարձրագույն դպրոցի գործընկերների հետ:

 

ՄԱԿ ՓԳՀ-ի իրավաբանական բաժնի ղեկավար Իննա Բորիսևիչը պատրաստակամություն հայտնեց աջակցել հեռաուսուցման նոր դասընթացի մշակման աշխատանքներին, իսկ միջազգային դասընթացի ստեղծման գաղափարը՝ քննարկել և հստակ քայլեր ձեռնարկել դրա իրականացման համար: