ԵՄ փորձագետի այցը Ակադեմիա
ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջընթացի գնահատում իրականացնելու նպատակով այս օրերին Հայաստանում են Եվրոպական Միության փորձագետները: Մասնավորապես՝ պատվիրակության ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունենում և Եվրոպական Միության TAIEX գործիքի շրջանակում իրականացնում դատաիրավական համակարգի և քրեակատարողական ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների առաջընթացի գնահատում:
Այդ կապակցությամբ մարտի 9-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ԵՄ փորձագետ, Թուրինգիայի արդարադատության նախարարության պետքարտուղար Մայքլ Հոսները (Գերմանիա) և ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ տնօրեն Տաթևիկ Դավթյանը: Վերջինը, ի դեպ, ղեկավարում է գնահատման գործընթացի աշխատանքները համակարգող խումբը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և կարևորեց եվրոպական կառույցների ու գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, կատարված, իրականացվող ու նախանշված աշխատանքները: Ռեկտորի խոսքով՝ Ակադեմիան, որպես երիտասարդ կառույց, ունի խնդիրներ, որոնց լուծումը պայմանավորված է նաև համաշխարհային դրական փորձի ուսումնասիրման և դրական արդյունքների ներդրման հետ:
Մայքլ Հոսները շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկայացրեց Գերմանիայի համանման կառույցի գործունեությունը: ԵՄ փորձագետին հետաքրքրում էին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին Արդարադատության ակադեմիայում իրականացվող մասնագիտական պատրաստման և վերապատրաստման առանձնահատկություններին, ուսուցման ծրագրերին, մեթոդաբանությանը և այլն:
Ակադեմիայի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ռուզաննա Ղևոնդյանը, Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Ֆոնդերի հայթայթման մասնագետ Արտակ Սաղաթելյանը պատասխանեցին հյուրերին հետաքրքրող հարցերին՝ դատական, քննչական համակարգերի և դատախազության ունկնդիրների ուսուցման և պրակտիկայի կազմակերպումից մինչև գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների իրականացում, հեռաուսուցում և այլն:
Հանդիպման ավարտին հյուրերը նաև հնարավորություն ունեցան ծանոթանալ Ակադեմիայի շենքային պայմաններին, լինել գրադարանում, Ակադեմիայում վերապատրաստում անցնող մարզերից ժամանած ունկնդիրների համար նախատեսված հյուրանոցային համալիրում, նաև հետևել այդ պահին լսարաններում ընթացող դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների պատրաստման և դատական ծառայողների վերապատրաստման դասընթացներին:
Աշխատաժողով՝ նվիրված վարչական արդարադատության շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանությանը
Մարտի 7-ին Երևանում անցկացվեց վարչական արդարադատության շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանությանը նվիրված աշխատաժողով: Այն կազմակերպել էին Արդարադատության ակադեմիան և Վենետիկի հանձնաժողովը: Մասնակցում էին ՀՀ վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների 21 դատավորներ, այդ թվում՝ Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը և Վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը:
Աշխատաժողովին ներգրավված էին Ակադեմիայի դասընթացավար Գնել Մուղնեցյանը՝ որպես ազգային փորձագետ, Վենետիկի հանձնաժողովի ընտրությունների հարցերով փորձագետ, դոկտոր, փաստաբան Սերհիյ Կալչենկոն (Ուկրաինա) և Վենետիկի հանձնաժողովի նախկին անդամ, նախկին դատավոր Մանուել Գոնսալեզ Օրոփեզան (Մեքսիկա):
Բացման խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Վերջինս ողջունեց մասնակիցներին և կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը ընտրական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության, ուստի նաև՝ ժողովրդավարական ընտրական գործընթացների արմատավորման տեսանկյունից:
Դատական ծառայողների վերապատրաստումները շարունակվում են
Արդարադատության ակադեմիայում շարունակվում է դատական ծառայողների 2017 թվականի վերապատրաստումը: Այս շաբաթ վերապատրաստման խմբում ընդգրկված են ղեկավար պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներ (Դատական դեպարտամենտի ղեկավար պաշտոնյաներ, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների, ծառայությունների ղեկավարներ, բաժնի պետեր), ինչպես նաև գրասենյակի պետեր, մասնագետներ, գործավարներ: Ընդհանուր թվով վերապատրաստման այս խմբում ընդգրկված է 36 դատական ծառայող:
Վերապատրաստումն իրականացվում է դատական ծառայողների ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է Արդարադատության ակադեմիայի կողմից: Ծրագիրը նպատակաուղղված է ծառայողի մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը: Վերապատրաստման ժամաքանակը ղեկավար պաշտոն զբաղեցնող ծառայողների համար՝ 26, իսկ գրասենյակի պետերի, մասնագետների, գործավարների համար 16 ակադեմիական ժամ է:
Սահմանված կարգով յուրաքանչյուր խմբի վերապատրաստումն ավարտվում է վերապատրաստման արդյունքների գնահատմամբ՝ բանավոր եղանակով, միասնական քննությամբ:
Քննական օր Ակադեմիայում
Օրը քննական է Արդարադատության ակադեմիայում: Ավարտվել են դատական ծառայողների առաջին խմբի և Դատախազության աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման դասընթացները: Սահմանված կարգով՝ յուրաքանչյուր խմբի վերապատրաստումն ավարտվում է արդյունքների գնահատմամբ, որն իրականացվում է բանավոր եղանակով, միասնական քննությամբ: Ըստ այդմ՝ արդյունքների գնահատմանը մասնակցել է դատական 30 ծառայող և Դատախազության աշխատակազմի 20 պետական ծառայող:
Դատական ծառայողները, ըստ մասնագիտացումների առանձնացված խմբերի, քննական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գիտելիքները <<Դատական ծառայության հիմնահարցեր>>, <<Դատական գործավարություն>>, <<Հաշվապահական հաշվառման և գնումների իրականացման հարցերը>>, <<Արխիվային գործի հիմնահարցերը>> դասընթացներից: Դատախազության աշխատակազմի պետական ծառայողները՝ համապատասխանաբար <<Գործավարությունը դատախազական մարմիններում>>, <<Դատախազությունում պետական ծառայության հարցերը և պետական ծառայողների մասնագիտական էթիկա>>, <<Հաշվահապահական հաշվառման և գնումների իրականացման հարցերը>> դասընթացներից:
Քննական հանձնաժողովը 26 դատական ծառայողի վերապատրաստման գնահատման արդյունքում տվել է <<համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին>>, 4-ին՝ <<զբաղեցրած պաշտոնին համապատասխանում է մասամբ>> եզրակացությունները: Դատախազության աշխատակազմի պետական 20 ծառայողները գնահատումն անցել են դրական արդյունքներով:
Տեղեկացնենք, որ ինչպես դատական, այնպես էլ Դատախազության աշխատակազմի պետական ծառայողները, օրենքով սահմանված կարգով, պարտադիր վերապատրաստում են անցնում երեք տարին մեկ անգամ:
Վերապատրաստվում են Դատախազության աշխատակազմի պետական ծառայողները
Այս շաբաթ Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում են անցնում Դատախազության աշխատակազմի պետական ծառայողները: Վերապատրաստման առաջին խմբում ընդգրկված է 20 ծառայող: Վերապատրաստումն իրականացվում է համապատասխան ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է Ակադեմիայի կողմից: Ծրագիրը նպատակաուղղված է Ծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը հետևյալ ոլորտներում՝ դատախազությունում պետական ծառայություն, մասնագիտական էթիկա, գործավարություն, հաշվապահական հաշվառում և գնումների իրականացում, արխիվային գործ:
Ուսումնառության ժամաքանակը Դատախազության աշխատակազմում գործավարական գործառույթներ իրականացնող պետական ծառայողների, ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության, գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության պետական ծառայողների, քարտուղարության արխիվի բաժնի պետական ծառայողների համար նախատեսվում է 20, իսկ այլ գործառույթներ իրականացնող պետական ծառայողների համար՝ 10 ակադեմիական ժամ։
Յուրաքանչյուր խմբի վերապատրաստումն ավարտվում է արդյունքների գնահատմամբ, որն իրականացվում է բանավոր եղանակով, միասնական քննությամբ:
Մշակվում է հեռաուսուցման նոր դասընթաց՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ
Փետրվարի 27-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՄԱԿ մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները՝ Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանն ու նույն բաժնի <<Արդարադատության մատչելիություն>> ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը:
Ակադեմիայի հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանն ողջունեց գործընկեր միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին և երկկողմ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնեց: Կողմերն առաջիկայում համագործակցության հուշագիր ստորագրելու և այդ հիմքով համատեղ ծրագրեր իրականացնելու հստակ պայմանավորվածություններ ձեռք բերեցին: Ավելին՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ արդեն սկսվել են հեռաուսուցման նոր դասընթացի՝ <<Անչափահասի պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում>> մշակման աշխատանքները: Այն նախատեսված է Ակադեմիայում վերապատրաստում անցնող քրեական մասնագիտացմամբ դատավորների և դատախազների համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նոր դասընթացի պատրաստմանն առնչվող մի շարք հարցեր:
Որպես հաջողված օրինակ՝ Արտաշես Խուրշուդյանը հյուրերին մանրամասն ներկայացրեց նախորդ տարի ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ մշակված <<Փախստականների իրավունք>> դասընթացը, որը հաջողությամբ անցկացվեց դատավորների համար: Մասնավորապես՝ ներկայացվեցին հեռաուսուցման դասընթացի արդյունքները, նյութերի մշակման առանձնահատկությունները, մեթոդաբանությունը, մոտիվացնող նյութերի կառուցվածքը և այլն:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին խորացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Մեկնարկեց դատավորի և դատախազի թեկնածուների մասնագիտական պատրաստումը
Փետրվարի 27-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Ունկնդիրների թվում են դատավորի 19 (9-ը՝ քաղաքացիական, 6-ը՝ քրեական, 4-ը՝ վարչական մասնագիտացումներով) և դատախազի 21 թեկնածու: Ունկնդիրների ուսումնառության տևողությունը 7,5 ամիս է՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
Առաջին դասից առաջ ունկնդիրներին ողջունեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Ռեկտորը շնորհավորեց նրանց Ակադեմիայի ունկնդիրների շարքերը համալրելու կապակցությամբ և հաջող ուսումնառություն մաղթեց: Սերգեյ Առաքելյանն ունկնդիրներին նաև հակիրճ ներկայացրեց Ակադեմիայում ուսումնական գործընթացի առանձնահատկությունները:
<<Բարդ և պատասխանատու ընտրություն եք կատարել, և ուսումնառության ողջ ընթացքում Ակադեմիայի աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայի ուսումնական գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար>>,-նշեց ռեկտորը: Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ նախատեսվում են մի շարք համատեղ դասընթացներ դատավորի և դատախազի թեկնածուների համար:
Սերգեյ Առաքելյանն ունկնդիրներին նաև տեղեկացրեց, որ ամենամսյա հանդիպումներ են անցկացվելու ռեկտորի հետ, ունկնդիրների առաջարկները քննարկելու և դրանց լուծմամբ ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Ռեկտորը բարի երթ մաղթեց ունկնդիրներին և հույս հայտնեց, որ ուսումնառության ավարտին Ակադեմիան այսօրվա ունկնդիրների թվով շրջանավարտներ կունենա, որոնք կհամալրեն գործող դատավորների և դատախազների շարքերը:
Վերապատրաստվում են դատական ծառայողները
Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է դատական ծառայողների 2017 թվականի վերապատրաստումը: Այս շաբաթ վերապատրաստման խմբում ընդգրկված են գրասենյակի ավագ մասնագետներ, մասնագետներ, կրտսեր մասնագետներ, ինչպես նաև գործավարներ, գլխավոր հաշվապահներ, հաշվապահներ, գնումների մասնագետներ և ֆինանսաբյուջետային վարչության, ներքին աուդիտի վարչության, հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության, նյութատեխնիկական վարչության ծառայողներ, նաև ՀՀ դատական արխիվի աշխատակիցներ, արխիվապահներ:
Վերապատրաստումն իրականացվում է դատական ծառայողների ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է Արդարադատության ակադեմիայի կողմից: Ծրագիրը նպատակաուղղված է ծառայողի մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը: Վերապատրաստման ժամաքանակը վերոնշյալ խմբում ընդգրկված ծառայողների համար 16 ակադեմիական ժամ է։ Յուրաքանչյուր խմբի վերապատրաստումն ավարտվում է վերապատրաստման արդյունքների գնահատմամբ ՝ բանավոր եղանակով, միասնական քննությամբ:
Մեկնարկեց քննիչների թեկնածուների 1-ին խմբի մասնագիտական պատրաստումը
Փետրվարի 20-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց 2017 թվականի ուսումնական գործընթացը: Այսօրվանից սկսվում է քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկված 25 ունկնդրի մասնագիտական պատրաստումը:
2017 թվականի առաջին ունկնդիրներին առաջին դասից առաջ ողջունեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ռուզաննա Ղևոնդյանը: Նրանք շնորհավորեցին ունկնդիրներին քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու կապակցությամբ և հաջող ուսումնառություն մաղթեցին:
<<Լիահույս եմ, որ այս խմբի շրջանավարտները տեղ են գտնելու մեր քննչական համակարգում և հնարավորություն են ունենալու բարձր պահելու Ակադեմիայի և Քննչական կոմիտեի պատիվը: Պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի դուք, որպես պատրաստի քննիչներ, ներգրավվեք համապատասխան աշխատանքում>>,- նշեց ռեկտորը:
Ս. Առաքելյանն ունկնդիրներին մանրամասն ներկայացրեց Ակադեմիայում քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ձևը, ժամաքանակը և ժամանակացույցը, ծրագիրը, դասավանդվող առարկաները, փորձաշրջանը, ինչպես նաև քննությունների անցկացման կարգը: Ռեկտորի խոսքով՝ ուսուցման ծրագիրը ուղղված է ունկնդիրների մոտ քննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը ընդհանուր, հատուկ և հարակից մասնագիտական ոլորտներում: Ուսումնառության ընդհանուր տևողությունը յոթ և կես ամիս է՝ 2017 թվականի փետրվարի 20-ից հոկտեմբերի 6-ը՝ ներառյալ 12 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը:
Ռեկտորը պատասխանեց նաև ունկնդիրների՝ մասնագիտական պատրաստմանն առնչվող ինչպես բովանդակային, այնպես կազմակերպական հարցերին, նաև խոստացավ նման ձևաչափով հանդիպումները դարձնել ամենամսյա:
Հանդիպման ընթացքում ունկնդիրներին հանձնվեցին համապատասխան փաթեթներ՝ ուսումնական նյութերով և մասնագիտական անհրաժեշտ ձեռնարկներով:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը բարի երթ մաղթեց ունկնդիրներին և ասաց. <<Մաղթում եմ հաջողակություն, հաջողակ եղեք, մենք ձեզ հետ լուրջ հույսեր ենք կապում>>:
Հանդիպումից անմիջապես հետո մեկնարկեց առաջին դասը՝ <<ՀՀ քրեական դատավարության արդի հարցերը>>:
Հանդիպում-քննարկում՝ նվիրված ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությանը
Փետրվարի 2-ին համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով Արդարադատության ակադեմիա այցելեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները՝ Թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի տնօրեն Շենոն Բեհայը, Ավագ խորհրդատու Օդի Հոլովեյը և Քրեական բարեփոխումների ծրագրի իրավախորհրդատու Քրիստինա Աֆոյանը:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց համագործակցության առաջարկն ընդունելու համար: Ռեկտորի խոսքով՝ համագործակցությունը ենթադրում է հավակնոտ ծրագրերի իրականացում, մասնավորապես՝ Ակադեմիայում ստեղծել համակարգչային լսարան, հեռաուսուցման իրականացման համար էլեկտրոնային նոր պլատֆորմ ձևավորել, հայ և ամերիկյան մասնագետների կողմից համատեղ հետազոտություններ իրականացնել, երկլեզու գիտագործնական պարբերական հրատարակել և այլն:
<<Շատ օգտակար կլինի ԱՄՆ համանման կառույցների հետ սերտ համագործակցություն ձևավորել և զարգացնել՝ փորձի փոխանակման, հրավիրյալ մասնագետների դասախոսությունների, այցերի կազմակերպման, ուսումնական գործընթացի առանձնահատկությունների, դասավանդման մեթոդների, գնահատման, քննություների ընթացքի հսկողության վերաբերյալ խորհրդատվության տրամադրման առումով>>,-նշեց ռեկտորը:
Ակադեմիայի գրադարանը մասնագիտական նոր գրականությամբ համալրելու անհրաժեշտության մասին խոսեց Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Իսկ ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ռուզաննա Ղևոնդյանը, հյուրերի հարցերին ի պատասխան, ներկայացրեց ուսուցման ծրագրերի առանձնահատկությունները, ունկնդիրների կողմից համապատասխան թեմաների ընտրության գործընթացը:
Հյուրերին բավական հանգամանալի ներկայացվեցին Ակադեմիայի կողմից իրականացվող հեռաուսուցման ծրագրերը: Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանի խոսքով՝ հեռաուսուցումն Ակադեմիայի գործունեության առաջնահերթություններից է, և այդ առումով չափազանց կարևոր է միջազգային գործընկերների փորձը, նաև Ակադեմիայի փորձը կարող է օգտակար և հետաքրքիր լինել:
ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և խոստացան առաջիկայում ևս նման հանդիպումներ և քննարկումներ կազմակերպել՝ համագործակցության հեռանկարներն առավել առարկայական դարձնելու և հնչեցրած գաղափարները կյանքի կոչելու համար: