Դատախազների վերապատրաստում՝ հատուկ մասնագիտական ոլորտում
Սեպտեմբերի 4-ից Արդարադատության ակադեմիայում մեկնարկում է դատախազների վերապատրաստման երկրորդ փուլը: Օրենքով սահմանված կարգով՝ դատախազների վերապատրաստումն իրականացվում է երկու փուլով` յուրաքանչյուրը 40 ակադեմիական ժամ (մեկ շաբաթ) տևողությամբ: Ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր դատախազի համար 80 ակադեմիական ժամ է։
Այս շաբաթ վերապատրաստում անցնող առաջին խմբում ընդգրկված է 13 դատախազ: Սահմանված 2017 թվականի ժամանակացույցի համաձայն՝ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին դատախազները վերապատրաստում կանցնեն քրեական, քաղաքացիական, վարչական իրավունքի և դատավարության ոլորտում հատուկ մասնագիտական առարկաներով: Մասնավորապես՝ վերապատրաստման արդյունքում կատարելագործվում են քրեական դատավարության տարբեր փուլերում ծագող հարցերի, ինչպես նաև քրեական իրավունքի, քրեական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի, քաղաքացիական, վարչական իրավունքի և դատավարության, դատական փորձաքննության, խոցելի անձանց մասնակցությամբ վարույթի առանձնահատկությունների, զինվորական հանցագործությունների որակման ու արդի այլ հարցերի վերաբերյալ ունկնդիրների գիտելիքները և հմտությունները:
Վերապատրաստումն իրականացվում է Արդարադատության ակադեմիայի կողմից մշակված և Կառավարման խորհրդի կողմից հաստատված դատախազների տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրի համապատասխան: Ծրագիրը նպատակաուղղված է դատախազների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական ոլորտներում: Ծրագիրն իրականացվում է ուսուցման առկա և հեռավար ձևերով: Հարակից մասնագիտական դասընթացների մոդուլում ընդգրկված դասընթացները կազմակերպվում են հեռավար, իսկ ընդհանուր և հատուկ մասնագիտական դասընթացների մոդուլում ընդգրկված դասընթացները՝ առկա ուսուցման ձևով: