ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

835

07.07.2017

Մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստում վերապատրաստողների համար

Հուլիսի 7-ին Դիլիջանում մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի դասընթացավարների եռօրյա վերապատրաստումը մարդու իրավունքների ոլորտում վերապատրաստման մեթոդաբանության վերաբերյալ: Վերապատրաստումն իրականացվում է Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ՝ «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակում:

 

Ողջույնի խոսքով հանդես եկան Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և ԵԽ ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը:

 

Անահիտ Մանասյանն ողջունեց ներկաներին և նշեց, որ Ակադեմիայի համար դասընթացավարների դասավանդման մեթոդաբանությունը չափազանց կարևոր նշանակություն ունեցող հարց է: «Մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացը նույն կրթությունը չէ, ինչը տրվում է ԲՈւՀ-երում: Իրականում մի շարք առանձնահատկություններ կան, բնականաբար թե՛ բովանդակային, թե՛ մեթոդաբանության առումներով, և Ակադեմիան մեծապես կարևորում է իր դասընթացավարների համապատասխան հմտությունների զարգացման հարցը»,-նշեց պրոռեկտորը: Ընդգծելով չափազանց կարևոր նշանակություն ունեցող համագործակցությունը՝ Ա. Մանասյանը Ակադեմիայի անունից շնորհակալություն հայտնեց ԵԽ երևանյան գրասենյակին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Պրոռեկտորը նաև տեղեկացրեց, որ վերապատրաստումը վարելու են ոլորտի առաջատար մասնագետներ ԵԽ միջազգային փորձագետ Իվանա Ռոանան, ԵԽ HELP ծրագրի ներկայացուցիչ Վալենտինա Բոսսը, ԵԽ փորձագետ Արա Ղազարյանը (Արդարադատության ակադեմիայի դասընթացավար):

 

Գ. Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի ֆինանսավորմամբ Արևելյան գործընկերության երկրներում ծրագրային համագործակցության կառուցակարգի 2015-2017թթ. ծրագրի շրջանակում իրականացվող ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը: Ավելին՝ նախորդ տարի ԵԽ-ն Ակադեմիայի հետ համատեղ քննիչների և քննիչների թեկնածուների համար ուսումնական մոդուլներ է պատրաստել, ձեռնարկներ հրատարակել և այդ առարկաների դասավանդման համար համապատասխան դասընթացավարներ վերապատրաստել: Այժմ այդ դասընթացավարների համար անցկացվում է մեթոդաբանության բարելավմանն ուղղված վերապատրաստում:

 

Եռօրյա վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն ԵԽ փորձագետների հետ միասին քննարկել մեծահասակների ուսուցման կազմակերպման և անցկացման առանձնահատկությունները, մեթոդաբանությունը՝ HELP-ի հովանու ներքո, հատուկ թիրախային խմբերի հետ աշխատանքի յուրահատկությունները, գիտելիքների, հմտությունների և արժեքների ուսուցման հայեցակարգը, մարդու իրավունքների ոլորտում վերապատրաստմանը բնորոշ մարտահրավերները և այլն:

834

06.07.2017

Համագործակցության հեռանկարների քննարկում GIZ-ի հետ

Հուլիսի 6-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Գերմանիայի Քոբլենցի վարչական դատարանի փոխնախագահ Կլաուս Մայերին, Գերմանիայի Հեսսեն երկրամասի Գերագույն վարչական դատարանի պաշտոնաթող նախագահ Վոլֆգանգ Ռայմերսին, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի իրավաբան Անի Չիլինգարյանին:

 

Հանդիպման նպատակը Արդարադատության ակադեմիայի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության միջև վարչական իրավունքի և վարչական արդարադատության բնագավառում համագործակցության ուղղությունների քննարկումն էր: Համագործակցությունը ենթադրում է Ակադեմիայի կարիքների գնահատման հիման վրա համատեղ դասընթացների մշակում, դասընթացավարների վերապատրաստում՝ 2018 թվականի փետրվարից մեկնարկելիք «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում:

 

Ռեկտորը ողջունեց հյուրերի առաջարկը և պատրաստակամություն հայտնեց GIZ-ի գործընկերների հետ, զարգացած երկրների հաջողված փորձը հաշվի առնելով, վարչական իրավունքին և վարչական արդարադատությանն առնչվող համատեղ դասընթացներ մշակել, վերոնշյալ թեմայով հրավիրյալ փորձագետների դասախոսություններ անցկացնել, դասընթացավարների վերապատրաստումներ կազմակերպել: Կողմերը քննարկեցին հստակ ժամկետներ ծրագիրը կյանքի կոչելու համար:
Հանդիպման ավարտին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նշեց, որ պատրաստ է արդյունավետ համագործակցության և վստահ, որ արդյունքները շոշափելի կլինեն մոտ ապագայում:

833

01.07.2017

Շնորհավորանք դատախազության աշխատողի օրվա առթիվ

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորանքը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ դատախազության աշխատողի օրվա առթիվ:

 


      Հարգելի՛ պարոն Դավթյան,

Անձամբ իմ և Արդարադատության ակադեմիայի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, դատախազության համակարգի աշխատողներին և վետերաններին դատախազության աշխատողի օրվա և դատախազության կազմավորման 99-րդ հոբելյանի կապակցությամբ:

 

Փաստելով, որ Հայաստանի դատախազությունը շուրջ մեկդարյա գործունեությամբ իր անփոխարինելի ավանդն է բերել մեր երկրում օրինականության և իրավակարգի ապահովման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, մեր պետականության ամրապնդման ուղղությամբ, լիահույս եմ, հարգելի՛ պարոն գլխավոր դատախազ, որ հանրապետության դատախազության առաքելության իրականացմանը, համակարգի աննախադեպ բարեփոխումներին միտված Ձեր ջանքերը կպսակվեն հաջողությամբ: Ավելին՝ աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներն ու սկզբունքայնությունը, մասնագիտական պատվախնդրությունը կնպաստեն առավել արդյունավետորեն լուծելու արդիականացման ճանապարհով ընթացող ոլորտի առջև դրված խնդիրները:

 

Արդարադատության ակադեմիան խիստ կարևորում է սերտ ու կառուցողական համագործակցությունը դատախազության հետ և իր կոչմանը հավատարիմ՝ ջանք չի խնայի իրավական բարեփոխումների պահանջներին համապատասխան դատախազի թեկնածուների պատրաստման, դատախազության համակարգի աշխատողների արդյունավետ վերապատրաստման գործում:

 

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, նորանոր հաջողություններ դատախազական դժվարին ծառայության մեջ՝ հանուն մեր պետականության ամրապնդման:

832

30.06.2017

Հրավիրյալ փորձագետի դասախոսություն՝ դատավորի և դատախազի թեկնածուների համար

Հունիսի 30-ին Արդարադատության ակադեմիա այցելեց ԱՄՆ 7-րդ շրջանի դաշնային դատարանների համար կառավարման գործադիր տնօրեն Քոլինս Ֆիցպատրիկը և դասախոսությամբ հանդես եկավ Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների և դատախազների թեկնածուների համար: Վաստակաշատ իրավաբանին ներկայացրեց Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:

 

Իր խոսքում պրոռեկտորը հիշեցրեց, որ Ակադեմիայի ընթացիկ դասընթացների կարևորագույն հատվածներից մեկը հենց հրավիրյալ մասնագետների դասախոսությունների կազմակերպումն է, որի շրջանակում ունկնդիրները հնարավորություն են ունենում լսելու ոչ միայն մեր կոնկրետ առարկաներ դասավանդող դասախոսներին, այլ նաև հրավիրյալ դասախոսների, ովքեր խոսում են ոլորտի վերաբերյալ տարատեսակ հետաքրքիր թեմաների շուրջ: Անահիտ Մանասյանը հակիրճ ներկայացրեց փորձագետի երկարամյա մասնագիտական կենսագրությունն ու համոզմունք հայտնեց, որ ուշագրավ դասախոսություն և հետաքրքիր ու արդյունավետ քննարկում կանցկացվի:

 

Քոլինս Ֆիցպատրիկը շնորհակալություն հայտնեց հնարավորության համար և դասախոսության ընթացքում անդրադարձավ 3 առանցքային կետերի. առաջին՝ դատավորների և դատախազների անկախություն, երկրորդ՝ ինչպես հասնել դրան և երրորդ՝ ինչպես պահպանել այն: Ք. Ֆիցպատրիկն իր խոսքում նշեց դատարանների անկախ լինելու և մնալու դժվարությունների ու խոչընդոտների մասին, ներկայացրեց ամերիկյան փորձը և պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող մի շարք հարցերի:

 

Հանդիպման ավարտին փորձագետն ապագա դատավորներին և դատախազներին ԱՄՆ սահմանադրության օրինակներ նվիրեց՝ հորդորելով հավատարիմ մնալ սկզբունքներին և պատվով իրականացնել դատավորի և դատախազի արժանապատիվ աշխատանքը:

831

23.06.2017

Արտաշես Խուրշուդյանը մասնակցել է ԵԽ HELP ծրագրի տարեկան համաժողովին

Հունիսի 19-ից 20-ը Ստրասբուգում անցկացվեց Եվրոպայի խորհրդի իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթություն՝ HELP (Human Rights Education for Legal Professionals) ծրագրի տարեկան համաժողովը, որը կրում էր «HELP-ը՝ հանուն մատչելի արդարադատության» խորագիրը: Համաժողովին մասնակցում էր Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը, ով նաև հանդիսանում է ԵԽ հեռավար ուսուցման ծրագրերի մշակման մեթոդոլոգիական խմբի փորձագետ:

 

Համաժողովի մասնակից Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են նախադեպային իրավունքին ու մարդու իրավունքների ուսուցման առանձնահատկություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ HELP 2016-2017 թվականների ձեռքբերումները և հետագա անելիքները, HELP դասընթացների առանձնահատկությունները՝ երեխաների իրավունքների և նրանց արդարադատության մատչելիության, խտրականության դեմ պայքարի, աշխատանքային իրավունքի, կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ և այլն:

 

Համաժողովի մասնակիցներն աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով քննարկումներ են ծավալել աշխատանքային առանձին խմբերով՝ վերհանելով իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման առանձնահատկությունները՝ մեթոդաբանական մոտեցումներ, գնահատման գործիքների ազդեցություն, հեռաուսուցման կազմակերպման մեթոդաբանության կատարելագործում ու HELP-ի էլեկտրոնային ուսուցման նոր պլատֆորմի գործառնական և նորարարական լուծումներ:

 

Գործընկերների հետ առանձնազրույցների ընթացքում քննարկվել են նաև հեռաուսուցման համատեղ նոր ծրագրեր մշակելու հնարավորությունները, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:

830

21.06.2017

Հանդիպում՝ ԵԽ աջակցության գնահատման նպատակով

Հունիսի 21-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց գնահատողական եռօրյա այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի ներքին վերահսկողության տնօրինության ներկայացուցիչ Մարիա Գոլդմանին:

 

Ներքին վերահսկողության տնօրինությունը Եվրախորհրդի քարտուղարության կառուցվածքային մարմին է, որը անկախ է ղեկավարությունից: Վերջինիս գնահատման բաժինը գնահատում է կազմակերպության միջամտությունները, որպեսզի նպաստի ԵԽ առավել արդյունավետ որոշումների կայացմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը:

 

Եվրոպայի Խորհուրդը` իր Ներքին վերահսկողության տնօրինության միջոցով, իրականացնում է անդամ պետություններին կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ԵԽ աջակցության գնահատում:

 

Նպատակն է օգնել կազմակերպությանն օպտիմալացնել սեփական միջամտությունները և աշխատանքային մեթոդներն այս ոլորտում:

 

Գնահատման նպատակն է հատկորոշել, թե որքանով է Եվրախորհուրդը հասել սահմանած նպատակներին` կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, ապահովել կազմակերպության կողմից տարատեսակ միջամտությունների համաչափ ու համակարգված լինելը և դրանց իրականացման արդյունքում առաջացած ավելացած արժեքը` համեմատած ոլորտի այլ դերակատարների հետ:

 

Արդարադատության ակադեմիան, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի հիմնական գործընկերներից մեկը, պատրաստակամություն է հայտնել հանդիպել գնահատող տիկին Մարիա Գոլդմանին, քննարկել բարձրացված հարցերը, կարծիքներ փոխանակել թեմայի վերաբերյալ: ԵԽ առաջարկով՝ հանդիպման ընթացքում քննարկված բովանդակային հարցերը հրապարակման ենթակա չեն:

829

21.06.2017

Հրավիրյալ փորձագետի դասախոսություն՝ քննիչի թեկնածուների համար

Հունիսի 21-ին Արդարադատության ակադեմիան հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին՝ իրավապահ հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլլովեյին և Քրեական բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին: Առիթը հրավիրյալ փորձագետի դասախոսությունն էր, որն Ակադեմիայի ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասն է կազմում: Ադի Հոլլովեյը «Քրեական գործերի քննության ժամանակակից սկզբունքներն ու լավագույն փորձը. սպանությունների քննություն» թեմայով դասախոսություն կարդաց Ակադեմիայի ունկնդիրների՝ քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար:

 

Դասախոսությունից առաջ Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը ակտիվ համագործակցության և համատեղ հետաքրքիր ծրագրերի իրականացման հարցում ցուցաբերվող աջակցության համար:

 

«Այս համագործակցությունը կարևոր բովանդակային բնույթ է կրում: Ուսումնական պրոցեսի ընթացքում մենք հաճախ ենք կազմակերպում կոնկրետ թեմատիկայի, հիմնախնդիրների առնչությամբ տարատեսակ դասախոսություններ՝ առավելապես միջազգային փորձագետների մասնակցությամբ: Այսօրվա հրավիրյալ դասախոսի կենսագրությունը տպավորիչ է, իսկ քննարկվող թեման՝ կարևոր նշանակություն ունեցող և քննարկման համար բազում հարցեր առաջադրող»,-նշեց պրոռեկտորը և արդյունավետ քննարկում մաղթեց:

 

Ադի Հոլլովեյը ներկայացրեց իր աշխատանքային կենսագրությունը՝ նշելով, որ վերոնշյալ թեմայով դասախոսություններ կարդալու մեծ փորձ ունի Իրաքում, Աֆղանստանում և այլուր: Ավելին՝ հետաքննությունները, նրա խոսքով, նույն ձևով են վարում գրեթե ամբողջ աշխարհում:

 

Դասախոսությանը ներկա ունկնդիրները հնարավորություն ունեցան ոչ միայն լսելու փորձագետի դասախոսությունը, այլև թեմայի շրջանակում իրենց հետաքրքրող հարցերն ուղղել նրան. այդ առումով բավական օգտակար էր ծավալված քննարկումը:

828

19.06.2017

Ճանաչողական այց՝ Վիեննա և Ստրասբուրգ

Հունիսի 12-ից 15-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ճանաչողական այցով մեկնեց Ավստրիա, ապա՝ Ֆրանսիա: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այցը կազմակերպել էր Եվրոպայի խորհուրդը՝ «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակում:

 

Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են Ավստրիայի մարդու իրավունքների պաշտպան Գերտրուդա Բրինեկի և նրա աշխատակազմի ղեկավար Մայքլ Մաուերերի հետ: Քննարկվել են երկու երկրների օմբուդմանների ինստիտուտների գործունեության հիմնական ուղղությունները և խնդիրներն ու դրանց լուծման երկկողմ փորձը: Առավել հանգամանալի քննարկում է ծավալվել Ավստրիայում կանխարգելման ազգային մեխանիզմի հանձնաժողովների գործունեության վերաբերյալ: Համաձայնություն է ձեռք բերվել հետագա համագործակցության հիմնական ուղղությունների և համատեղ վերապատրաստումների կազմակերպման վերաբերյալ:

 

Այնուհետև պատվիրակության անդամներն ուղևորվել են Ֆրանսիա, որտեղ Ստրասբուրգ քաղաքում ներկա են գտնվել Նաիթ Լիմանն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատի նիստին: Պատվիրակության անդամները հանդիպել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանը ներկայացնող դատավոր Արմեն Հարությունյանին, ով ներկայացրել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումները:

 

Այցի շրջանակում քննարկումներ են եղել նաև ԵԽ՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մի շարք ստորաբաժանումների և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի ներկայացուցիչների հետ:

827

17.06.2017

Աշխատաժողով՝ դատավորների և դատախազների մասնակցությամբ

Հունիսի 17-ից 18-ը Աղվերանում անցկացվում է աշխատաժողով «Կանանց համար արդարադատության հավասար մատչելիության ապահովում՝ դատավորների և դատախազների գործունեության միջոցով» թեմայով: Այն իրականացվում է «Կանանց համար արդարադատության մատչելիության բարելավում Արևելյան գործընկերության վեց երկրներում» ծրագրի շրջանակում, որին մասնակցում են ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի, ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներ, դատախազներ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից: Միջոցառումը կազմակերպել է Արդարադատության ակադեմիան՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ:

 

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Նա Ակադեմիայի անունից ողջունեց ներկաներին և նշեց երկօրյա աշխատաժողովի կազմակերպման շարժառիթը: «Կանանց համար արդարադատության մատչելիության հարցերը ժամանակակից աշխարհի կարևորագույն հիմնախնդիրներից են, որոնք ենթադրում են պատշաճ վերաբերմունք հանրային գործառույթներ իրականացնող բոլոր սուբյեկտների կողմից: Հետևաբար, Ակադեմիան չափազանց մեծ նշանակություն է տալիս հիշյալ հիմնախնդիրների վերլուծությանն ու ներկայացմանը մեր ուկնդիրներին»,- ասաց պրոռեկտորը: Անահիտ Մանասյանը շնորհակալություն հայտնեց ԵԽ գործընկերներին, ազգային և միջազգային փորձագետներին, աշխատաժողովի մասնակիցներին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք:

 

Ներկաներին ողջունեց նաև Անտոնինա Վիխրեսթը՝ Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության բաժնից: Նա ներկայացրեց «Կանանց համար արդարադատության մատչելիության բարելավում Արևելյան գործընկերության վեց երկրներում» ծրագրի շրջանակում իրականացված և իրականացվող միջոցառումները՝ նշելով, որ մեծածավալ ուսումնասիրություններ են կատարվել, վեր են հանվել այդ ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, իրավական պաշտպանության միջոցները: «Հատկապես ընտանեկան բռնությունների աճող ցուցանիշներից ելնելով՝ անհրաժեշտություն կա լրացուցիչ պաշտպանել կանանց իրավունքները: Ավելին՝ մենք գիտակցում ենք, որ այս խնդիրը խորը արտահայտված է ոչ միայն Արևելյան գործընկերության երկրներում, այլև ԵԽ անդամ երկրներում և դրա սահմաններից դուրս»,- նշեց Անտոնինա Վիխրեսթը՝ հատուկ ընդգծելով, որ Հայաստանը, ներգրավված լինելով վերոնշյալ ծրագրում, լուրջ քայլեր է ձեռնարկում այդ առումով:

 

Ծրագրի շրջանակում տարեվերջին նախատեսվում է հրատարակել հատուկ ձեռնարկ դատաիրավական համակարգի մասնագետների վերապատրաստման հաստատությունների համար, որի մշակման գործում զգալի է ազգային փորձագետների ներդրումը:

 

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվող թեմաները բազմաթիվ են՝ սկսած գենդերային հավասարության արդի վիճակից մինչև գենդերային կարծրատիպեր, ներպետական դատարանների փորձ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունք, ընտանեկան բռնությունից տուժած անձանց համար արդարադատության մատչելիություն, նաև հոգեբանական խնդիրներ և այլն: Թեմայի շրջանակում անցկացվող քննարկումներն առնչվում են դատավորների և դատախազների ամենօրյա աշխատանքին:

 

Աշխատաժողովն անցկացնում են դասընթացավարներ և ազգային ու միջազգային փորձագետներ Գոհար Հակոբյանը, Ինեսսա Պետրոսյանը, Նվարդ Փիլիպոսյանը, Սիրանուշ Դավթյանը, Անտոնինա Վիխրեսթը, Իվանա Ռադաչիչը:

 

Նշենք, որ վերոնշյալ ծրագրի շրջանակում կանանց համար արդարադատության հավասար մատչելիության ապահովման հարցերին նվիրված երկօրյա սեմինար անցկացվեց նաև դատավորների և դատախազների թեկնածուների համար՝ հունիսի 15-ից 16-ը Արդարադատության ակադեմիայում:

826

15.06.2017

Երկօրյա սեմինար՝ կանանց համար արդարադատության հավասար մատչելիության ապահովման վերաբերյալ

Հունիսի 15-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց երկօրյա սեմինար Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների և դատախազների թեկնածուների համար: Այն նվիրված է կանանց համար արդարադատության հավասար մատչելիության ապահովմանը՝ դատավորների և դատախազների գործունեության միջոցով: Սեմինարը կազմակերպել է Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի հետ համատեղ՝ «Կանանց համար արդարադատության մատչելիության բարելավում Արևելյան գործընկերության վեց երկրներում» ծրագրի շրջանակում:

 

Սեմինարի մասնակիցներին և փորձագետներին ողջունեց Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Պրոռեկտորը նշեց, որ կանանց համար արդարադատության մատչելիությանն առնչվող խնդիրները ժամանակակից իրավունքի և մասնավորապես արդարադատության բնագավառի կարևորագույն հարցերից են, որոնք պաշտաճ մոտեցում են ենթադրում հանրային գործառույթներ իրականացնող ցանկացած սուբյեկտի կողմից:

 

«Ակադեմիան, որպես դատավորների, դատախազների, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստում, ինչպես նաև գործող դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստում իրականացնող հիմնական մասնագիտացված կառույց, բնականաբար, անչափ կարևորում է այս խնդիրների ելակետային և պատշաճ ներկայացումն ու վերլուծությունը և դրա վերաբերյալ համապատասխան հմտությունների փոխանցումը մեր ունկնդիրներին»,-ասաց Անահիտ Մանասյանը և սեմինարի մասնակիցներին հաջող և արդյունավետ աշխատանք մաղթեց:

 

Դասընթացը վարում են ազգային փորձագետներ Գոհար Հակոբյանը (ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս), Աննա Հովհաննիսյանը («Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման փորձագետ) և նույն կենտրոնի իրավաբան, փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը, Ինեսսա Պետրոսյանը (փաստաբան), Սիրանուշ Դավթյանը («Կանանց ճգնաժամային կենտրոն»-ի հոգեբան) և միջազգային փորձագետ Իվանա Ռադաչիչը:

 

Փորձագետների խոսքով՝ կանանց համար արդարադատության մատչելիությունը խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում, նույնիսկ միջազգային ատյաններում: Ավելին` այդ առումով հետաքրքիր վիճակագրություն ներկայացվեց. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բոլոր դիմումատուների մեջ կանանց թիվը ընդամենը 16% է: Պակաս ուշագրավ չեն տվյալները նաև քաղաքական, իրավական, հասարակական կյանքում կանանց ներգրավածության վերաբերյալ: Ըստ այդմ՝ Հայաստանում դատական համակարգում կանանց ներկայացվածությունը 24 % է, դատախազականում՝ մոտ 10 %:

 

Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանում գենդերային հավասարության արդի վիճակին, մատչելիությանն առնչվող հիմնական խոչընդոտներին, ԵԽ կոնվենցիային «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» (Ստամբուլի կոնվենցիա) և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի պրակտիկային, ընտանեկան բռնությունից տուժած անձանց համար արդարադատության մատչելիության հիմնական մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին:

 

Կներկայացվեն նաև սեռական բռնության գործերով դատական պրակտիկայում ձևավորված գենդերային կարծրատիպերի վերլուծություններ՝ փաստաբանի տեսանկյունից, դատական գենդերային կարծրատիպավորումը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և այլն: Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան նաև դիտել թեմային առնչվող տեսաֆիլմ: Տեսական հատվածից բացի՝ նախատեսվում է անցկացնել խմբային վարժություններ, կոնկրետ գործերի ուսումնասիրում և քննարկում:

 

Նշենք, որ երկօրյա սեմինարի փակմանը ելույթ կունենա նաև Անտոնիա Վիխրեսթը՝ Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության բաժնից: