ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Պոլիգրաֆի կիրառման հիմնահարցերի վերաբերյալ սեմինար՝ դատավորի և դատախազի թեկնածուների համար

27.07.2017

Հուլիսի 27-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ «Հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ պոլիգրաֆի կիրառմամբ դատաիրավական համակարգում» թեմայով, որին մասնակցում էին Ակադեմիայի ունկնդիրները՝ դատավորի և դատախազի թեկնածուները: Սեմինարը վարում էին կենս. գիտ. թեկ., փորձագետ-խորհրդական Գարեգին Համբարձումյանը և կենս. գիտ. թեկ., փորձագետ-պոլիգրաֆոլոգ Կարեն Պանչուլազյանը:

 

Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց փորձագետներին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: «Թեմատիկան, որն այսօր քննարկելու ենք, սովորական չէ, այն հետաքրքրություն է ներկայացնում ամբողջ աշխարհում: Թե՛ արդյունավետության, թե՛ հեռանկար ունենալու տեսանկյունից այն չափազանց կարևոր է նաև հայաստանյան իրավակիրառ պրակտիկայի համար»,-իր խոսքում նշեց պրոռեկտորը:

 

Փորձագետները երախտագիտություն հայտնեցին Ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանին ընձեռնված հնարավորության համար և լսարանին ներկայացրին աշխարհում ընդունված դատաիրավական համակարգում տարբեր պետությունների հոգեֆիզիոլոգիական ուսումնասիրությունների և նրանց հիմքում ընկած փորձագիտական եզրակացությունների վերաբերյալ հետաքրքրական տեղեկություններ: Սեմինարի ընթացքում փորձագետները մանրամասն խոսեցին պոլիգրաֆ սարքերի ու դրանց կիրառման առանձնահատկությունների, իրականացվող լայնածավալ գիտական հետազոտությունների, տեխնոլոգիական զարգացումներով պայմանավորված սարքերի նոր մոդելների, դրանց առավելությունների և այլնի մասին: Պոլիգրաֆը (ստի դետեկտոր) բժշկական-կենսաբանական սարք է, որը նախատեսված է մի քանի ֆիզիոլոգիական ցուցանիշների միաժամանակյա արձանագրման համար: Այն օգտագործվում է անձի հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների նպատակով, միաժամանակ գրանցում է շնչառական, սրտանոթային ակտիվության տվյալները, մաշկի էլեկտրական դիմադրությունը և այլ ֆիզիոլոգիական տվյալներ, որոնք անհրաժեշտ են անձի հաղորդած տեղեկությունների հավաստիությունը պարզելու համար: Փորձագետները նաև խոսեցին պոլիգրաֆ սարքերի միջոցով անցկացվող թեստավորման, 99% ճշգրտության հասնող տվյալների` դատաիրավական պրակտիկայում օգտագործման մասին և այլն: 

 

Ակադեմիայի ունկնդիրները բավական հետաքրքրված էին, այդ էին վկայում թեմայի շրջանակում հնչեցված հարցերը:

 

Հաշվի առնելով լսարանի հետաքրքրվածությունը՝ փորձագետներն ունկնդիրներին հրավիրեցին Ֆիզիոլոգիայի ինստիտուտ, տեղում ծանոթանալու վերոնշյալ սարքի հնարավորություններին: