ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ակադեմիան այսուհետ ունի իր պուրակը՝ շատրվանով

28.07.2017

Արդարադատության ակադեմիայի հարակից տարածքը՝ հետնաբակը, հիմնովին բարեկարգվել է և ամբողջությամբ կանաչապատվել:

 

Ստեղծվել է պուրակ, որի երկայնքով անցնում են ճեմուղիներ, տնկվել են բարդիներ, եղևնիներ, տեղադրվել են նստարաններ, կառուցվել է նաև գեղեցիկ և ինքնատիպ լուծումներով ջրավազան՝ շատրվանով: Բարեկարգված տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 170 քմ:

 

Հուլիսի 28-ին տեղի ունեցավ Ակադեմիայի պուրակի և շատրվանի բացման արարողությունը, որին մասնակցում էին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները՝ խորհրդի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ փոխնագահ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ՀՀ դատական, դատախազական, քննչական համակարգերի ներկայացուցիչներ, հյուրեր:

 

Մինչ շատրվանի հանդիսավոր գործարկումը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին՝ նորաստեղծ պուրակի բացման կապակցությամբ և նշեց, որ պուրակի ստեղծման գաղափարը երկար քննարկումների արդյունք է: «Յուրաքանչյուրիս պարտքը պիտի լինի քարը քարի վրա դնելը, շենացնելը: Համոզված եմ՝ պետք է առաջնորդվել այն նշանաբանով, որ որտեղ մենք ենք, այնտեղ լավ է, ոչ թե հակառակը: Կարծում եմ, որ այս համեստ քայլը կարելի է փոքր ներդրում համարել մեր շրջապատի, մեր քաղաքի շենացման գործում»,-ասաց ռեկտորը:

 

Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ Ակադեմիան իր ուժերով է ստեղծել պուրակը. որևէ այլ մարդ չի ներգրավվել բարեկարգման և կառուցապատման գործին: Ամիսներ տևած աշխատանքներն ավարտվել են, այժմ Երևանում ավելացել է ևս մի գողտրիկ անկյուն՝ կանաչապատ ու ջրառատ:

 

Սերգեյ Առաքելյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի այն աշխատակիցներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել տարածքը բարեկարգելու և կանաչապատելու գործում:

 

Ավելին՝ նրանք արժանացան խրախուսանքի, իսկ Ակադեմիայի բարեկարգման աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու և լավագույնս իրականացնելու համար Տեխնիկատնտեսական բաժնի ղեկավար-տնտեսվար Ալեքսանդր Փիլոսյանը ռեկտորի կողմից արժանացավ պատվոգրի: