ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հանդիպում՝ համագործակցության հեռանկարով

30.08.2017

Օգոստոսի 30-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները՝ ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) բյուրոյի Վաշինգտոնյան գրասենյակի Հայաստանում և Վրաստանում ծրագրերի համակարգող Շարայա Հեյդենհայնը (Վաշինգտոն) և ԹՊԻՀ Երևանյան գրասենյակի իրավապահ հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և ուրախությամբ նշեց, որ քայլ առ քայլ իրականանում են երկկողմ պայմանավորվածությունները, ինչը լավ նախանշան է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունը ամուր հիմքերի վրա է:

 

Հանդիպմանը ներկա էին Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը:

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ռեկտոր Սերգեյ Առաքելյանին ջերմ ընդունելության համար: ԹՊԻՀ գրասենյակը մի քանի արկղ օրենսդրական գրքեր նվիրաբերեց Ակադեմիայի գրադարանին ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի կողմից: Վերջինս 15 տարվա համագործակցության պատմություն ունի Հայաստանի Հանրապետության հետ և ԱՄՆ տարբեր գերատեսչություններից գրականություն է հավաքել Հայաստան բերելու նպատակով:

 

Հյուրերի խնդրանքով ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մանրամասն ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցկացնելուն, դասախոսական կազմի ընտրությանը, ուսուցման ծրագրեր կազմելուն առնչվող մի շարք հարցեր և այլն: Ավելին՝ ռեկտորը հյուրերին առաջարկեց ծանոթանալ Ակադեմիայի նորարարական ուսումնական մի նախաձեռնությանը, որը բոլորովին վերջերս է կյանքի կոչվել և առաջին անգամ է հանրայնացվում: Արտաշես Խուրշուդյանը ներկայացրեց ինտերակտիվ խաղաֆիկացված նորարարական ուսումնական տեսանյութեր «Դատավորի էթիկա» թեմայի շրջանակում, որը պատրաստվել է Ակադեմիայի ունկնդիրների համար:

Ներկաները տպավորված էին, իսկ Արտաշես Խուրշուդյանը պատասխանեց նրանց տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես նման նորարարական տեսանյութերի կարևորությանը և դերակատարությանը ուսումնական գործընթացում, այնպես էլ դրանց մշակման և մատուցման առանձնահատկություններին: 

 

Կողմերը պայմանավորվեցին համագործակցությունն շարունակելու և համատեղ ծրագրեր իրականացնելու մասին: