ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Տեղի ունեցավ երեխաների իրավունքներին նվիրված հեռաուսուցման առաջին դասընթացի շնորհանդեսը

19.07.2017

Հուլիսի 19-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Անչափահասի պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում» հեռաուսուցման նոր դասընթացի շնորհանդեսը: Երեխայի իրավունքներին նվիրված հեռաուսուցման առաջին դասընթացը մշակվել է Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ:

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, դատավորներ, դատախազներ, ՀԿ ներկայացուցիչներ, հյուրեր:

 

Տանյա Ռադոչայը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց Արդարադատության ակադեմիային կառուցողական համագործակցության համար և նշեց, որ թեև Հայաստանը շարունակում է դասվել քիչ ազատազրկված անչափահասներ ունեցող երկրների թվին, սակայն կարևոր է, որ արդարադատության ոլորտում անչափահասների իրավունքների բարելավմանն ուղղված շարունակական քայլեր են կատարվում: «Արդարադատության հասանելիությունը երեխաների և ցանկացած հասարակության համար կարևոր նպատակ պետք է լինի: Արդարադատության հանդեպ մարդու վստահությունը սկիզբ է առնում մանուկ հասակից և այստեղ է, որ մենք կերտում ենք հասարակություն, որն ունենում է վստահություն առ արդարադատության համակարգ: Հուսով եմ, որ այս կերպ մեր համեստ լուման բերած կլինենք այդ գործին»,-նշեց Տ. Ռադոչայը:

 

ՀՀ արդարադատության նախարարն իր հերթին բարձր գնահատեց նման դասընթացի ստեղծման գաղափարը և ընդգծեց, որ ուսուցման այս նորարարությունն առաջիկայում կտա իր արդյունքը: «Շատ գովելի է, որ Արդարադատության ակադեմիան այս ուղղությամբ շարունակական ջանքեր է գործադրում, այս ծրագիրը էապես տարբերվում է հեռաուսուցման այլ ծրագրերից, և կարծում եմ՝ այն գիտելիքները, որոնք ձեռք են բերվել ծրագիրը մշակելուց, պետք է օգտագործվեն հեռաուսուցման այլ ծրագրերի մշակման ժամանակ ևս»-նշեց Դ. Հարությունյանը: Նախարարի խոսքով՝ մինչև 2022 թվականը կկատարելագործվի իրավախախտ երեխաներին առնչվող օրենսդրությունը, համապատասխան հայեցակարգի ընդունմամբ կստեղծվեն նաև հատուկ մեխանիզմներ իրավախախտ, վկա և հանցագործությունից տուժած երեխաների վերասոցիալականացման ու պաշտպանության համար:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հիշեցրեց, որ Ակադեմիայի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև համագործակցությունը իրավական հիմքերի վրա է դրվել ամիսներ առաջ՝ համագործակցության հուշագրի ստորագրմամբ: Դեռ այն ժամանակ ռեկտորը հույս էր հայտնել, որ դրական արդյունքները մոտ ապագայում տեսանելի կլինեն: «Այն հանգամանքը, որ արդեն ավելի քան 160 ունկնդիր՝ դատավորներ և դատախազներ ընտրել են հեռաուսուցման այս դասընթացը, ոչ միայն ուրախացնող է, այլ նաև պարտավորեցնող, որովհետև կարծում եմ՝ ծրագրի արդյունավետության մասին կարող ենք համապատասխան դատողություններ անել, երբ այդ դասընթացի շրջանակում նրանք կվերապատրաստվեն»,-նշեց ռեկտորը:

 

Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը մանրամասն ներկայացրեց նոր մշակված դասընթացը, նորարարական կրթական լուծումները, հեռաուսուցման պլատֆորմը, փաթեթը և Ակադեմիայի պաշտոնական կայքում ինքնաուսուցման համար նախատեսված էլեկտրոնային էջը: Այնտեղ տեղադրված են դասընթացի նյութերը՝ ազատ մուտքի հնարավորությամբ, և բոլոր հետաքրքրվողները ինքնաուսուցման նպատակով կարող են օգտվել:

 

Հեռաուսուցման փաթեթը ներառում է հեռաուսուցման ձեռնարկ, ուսուցանվողի հեռաուսուցման ուղեցույց, ինքնաստուգիչ հարցերի պատասխանների գրքույկ, բառարան, հեռաուսուցման փաթեթի կրիչ, ուսումնական ծրագիր: Ա. Խուրշուդյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, խոսեց ապագայի ծրագրերից և հեռաուսուցման ձևաչափով դասընթացներ մշակելու և մատուցելու հարցերով հետաքրքրված տարբեր գործընկեր կառույցների հետ համագործակցության հեռանկարներից:

 

Հեռաուսուցման այս դասընթացի ստեղծմանն առնչվող մի շարք հարցերի անդրադարձան նաև դասընթացի բովանդակության մշակման փորձագետները:

 

https://www.youtube.com/watch?v=vlvT7cmjQsY