Շնորհավորանք դատախազության աշխատողի օրվա առթիվ
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորանքը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ դատախազության աշխատողի օրվա առթիվ:
Հարգելի՛ պարոն Դավթյան,
Անձամբ իմ և Արդարադատության ակադեմիայի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, դատախազության համակարգի աշխատողներին և վետերաններին դատախազության աշխատողի օրվա և դատախազության կազմավորման 99-րդ հոբելյանի կապակցությամբ:
Փաստելով, որ Հայաստանի դատախազությունը շուրջ մեկդարյա գործունեությամբ իր անփոխարինելի ավանդն է բերել մեր երկրում օրինականության և իրավակարգի ապահովման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, մեր պետականության ամրապնդման ուղղությամբ, լիահույս եմ, հարգելի՛ պարոն գլխավոր դատախազ, որ հանրապետության դատախազության առաքելության իրականացմանը, համակարգի աննախադեպ բարեփոխումներին միտված Ձեր ջանքերը կպսակվեն հաջողությամբ: Ավելին՝ աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներն ու սկզբունքայնությունը, մասնագիտական պատվախնդրությունը կնպաստեն առավել արդյունավետորեն լուծելու արդիականացման ճանապարհով ընթացող ոլորտի առջև դրված խնդիրները:
Արդարադատության ակադեմիան խիստ կարևորում է սերտ ու կառուցողական համագործակցությունը դատախազության հետ և իր կոչմանը հավատարիմ՝ ջանք չի խնայի իրավական բարեփոխումների պահանջներին համապատասխան դատախազի թեկնածուների պատրաստման, դատախազության համակարգի աշխատողների արդյունավետ վերապատրաստման գործում:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, նորանոր հաջողություններ դատախազական դժվարին ծառայության մեջ՝ հանուն մեր պետականության ամրապնդման: