Քննարկում էլեկտրոնային տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթաց ներդնելու մասին
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը, որի նպատակը Էլեկտրոնային կառավարման համակարգերի լայնածավալ գործարկմամբ պայմանավորված կրթական հաստատություններում ապագա իրավաբանների պրակտիկ հմտությունների կատարելագործումն է:
Հուլիսի 10-ին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայաստանյան մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետների և իրավաբանական կրթություն իրականացնող կառույցների ղեկավարների հետ քննարկել է ԲՈՒՀ-երում իրավունքի բնագավառում էլեկտրոնային գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթաց ներդնելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավական տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթացի ներդրման հայեցակարգային մոտեցումները, արտասահմանյան առաջատար համալսարաններում գործող ծրագրերը և Արդարադատության նախարարության առաջարկը՝ համալսարաններում դասավանդման ենթակա ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, առաջարկվել է պետական և մասնավոր հատվածում համապատասխան հմտություններ ունեցող իրավաբաններ պատրաստելու նպատակով բուհական ծրագրում ընդգրկել դասընթաց՝ ուղղված Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգերի, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի, դատական տեղեկատվական համակարգի, մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի կայքէջերի օգտագործման համար հմտությունների ու գիտելիքների ձեռքբերմանը:
ՀՀ արդարադատության նախարարի խոսքով՝ ապագա իրավաբանները պետք է տեղյակ լինեն նշված համակարգերից օգտվելու հնարավորություններից ու դրանք դարձնեն իրենց ամենօրյա կիրառման գործիքը: Ներկաները ողջունել են ներկայացված առաջարկը և պայմանավորվել համատեղ ծրագիր մշակել՝ ուղղված իրավական տեխնոլոգիաների վերաբերյալ դասավանդման ենթակա ծրագրերի ներդրմանը:
Լուսանկարները՝ www.moj.am