Մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստում վերապատրաստողների համար
Հուլիսի 7-ին Դիլիջանում մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի դասընթացավարների եռօրյա վերապատրաստումը մարդու իրավունքների ոլորտում վերապատրաստման մեթոդաբանության վերաբերյալ: Վերապատրաստումն իրականացվում է Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ՝ «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակում:
Ողջույնի խոսքով հանդես եկան Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և ԵԽ ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը:
Անահիտ Մանասյանն ողջունեց ներկաներին և նշեց, որ Ակադեմիայի համար դասընթացավարների դասավանդման մեթոդաբանությունը չափազանց կարևոր նշանակություն ունեցող հարց է: «Մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացը նույն կրթությունը չէ, ինչը տրվում է ԲՈւՀ-երում: Իրականում մի շարք առանձնահատկություններ կան, բնականաբար թե՛ բովանդակային, թե՛ մեթոդաբանության առումներով, և Ակադեմիան մեծապես կարևորում է իր դասընթացավարների համապատասխան հմտությունների զարգացման հարցը»,-նշեց պրոռեկտորը: Ընդգծելով չափազանց կարևոր նշանակություն ունեցող համագործակցությունը՝ Ա. Մանասյանը Ակադեմիայի անունից շնորհակալություն հայտնեց ԵԽ երևանյան գրասենյակին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Պրոռեկտորը նաև տեղեկացրեց, որ վերապատրաստումը վարելու են ոլորտի առաջատար մասնագետներ ԵԽ միջազգային փորձագետ Իվանա Ռոանան, ԵԽ HELP ծրագրի ներկայացուցիչ Վալենտինա Բոսսը, ԵԽ փորձագետ Արա Ղազարյանը (Արդարադատության ակադեմիայի դասընթացավար):
Գ. Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի ֆինանսավորմամբ Արևելյան գործընկերության երկրներում ծրագրային համագործակցության կառուցակարգի 2015-2017թթ. ծրագրի շրջանակում իրականացվող ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը: Ավելին՝ նախորդ տարի ԵԽ-ն Ակադեմիայի հետ համատեղ քննիչների և քննիչների թեկնածուների համար ուսումնական մոդուլներ է պատրաստել, ձեռնարկներ հրատարակել և այդ առարկաների դասավանդման համար համապատասխան դասընթացավարներ վերապատրաստել: Այժմ այդ դասընթացավարների համար անցկացվում է մեթոդաբանության բարելավմանն ուղղված վերապատրաստում:
Եռօրյա վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն ԵԽ փորձագետների հետ միասին քննարկել մեծահասակների ուսուցման կազմակերպման և անցկացման առանձնահատկությունները, մեթոդաբանությունը՝ HELP-ի հովանու ներքո, հատուկ թիրախային խմբերի հետ աշխատանքի յուրահատկությունները, գիտելիքների, հմտությունների և արժեքների ուսուցման հայեցակարգը, մարդու իրավունքների ոլորտում վերապատրաստմանը բնորոշ մարտահրավերները և այլն: