Վերապատրաստվում են դատական կարգադրիչները
Մայիսի 15-ից Արդարադատության ակադեմիայում սկսվել է դատական կարգադրիչների վերապատրաստումը: 2017 թվականի մայիս-հուլիս ամիսներին վերապատրաստում է անցնելու 9 խումբ՝ ընդհանուր թվով 232 կարգադրիչ: Այսօր մեկնարկել է 1-ին խմբի վերապատրաստումը, ընդգրկված է 25 կարգադրիչ՝ ՀՀ-ից, ևս 1-ը՝ ԼՂՀ-ից:
Դատական կարգադրիչների վերապատրաստումն ու հատուկ ուսուցումն իրականացվում է համաձայն ուսուցման ծրագրի, որը մշակվել է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա: Ծրագիրը նպատակաուղղված է դատական կարգադրիչների գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը վարքաբանության, առաջին բուժական և հոգեբանական օգնության, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ոլորտներում:
Դատական կարգադրիչների վերապատրաստման տեսական մասն իրականացվում է Արդարադատության ակադեմիայում, իսկ գործնականը՝ հրազենի և հատուկ միջոցների գործադրման հմտությունները՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:
Յուրաքանչյուր խմբի վերապատրաստումն ու հատուկ ուսուցումն ավարտվում է վերապատրաստման արդյունքների գնահատմամբ: Այն իրականացվում է բանավոր եղանակով՝ միասնական քննությամբ և հմտությունների գործնական ստուգման եղանակով:
Տեղեկացնենք նաև, որ դատական կարգադրիչների ծառայությունը գործում է ՀՀ դատական դեպարտամենտի կազմում և իր լիազորությունների շրջանակում ապահովում է արդարադատության իրականացման գործընթացը՝ դատարանի տարածքում հասարակական կարգի պահպանումն ու անվտանգությունը, դատական նիստերի դահլիճում դատավորի կարգադրությունների կատարումը, ինչպես նաև դատարանի գույքի և դատարանի շենքի սպասարկման տարածքների պահպանությունը: