ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Արդարադատության ակադեմիայի պատվիրակության այցը Ուկրաինա

29.05.2017

Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի հրավերով մայիսի 25-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիև մեկնեց Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ:

 

Պատվիրակության կազմում ընդգրկված էին գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Շահինյանը, հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը, համագործակցության և հանրային կապերի բաժնի ղեկավար Աննա Մկրտիչյանը:

 

Այցն աշխատանքային էր և նպատակ ուներ կողմերի միջև դեռևս այս տարվա մարտին Երևանում ստորագրված համագործակցության համաձայնագրում ամրագրված քայլերի իրականացմանն ուղղված հարցեր քննարկել:

 

Ավելին՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը շատ են, փորձի փոխանակում և համատեղ ծրագրեր իրականացնելու ցանկությունը՝ մեծ:

 

Հայաստանի պատվիրակությունը ջերմ ընդունելության արժանացավ ուկրաինացի գործընկերների կողմից: Հանդիպումների շարքը սկսվեց Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Դմիտրի Ստորոժուկի և Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի ռեկտոր Իվան Պրիսյաժնյուկի հետ: Քննարկվեցին բազմաթիվ հարցեր, միաժամանակ կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցության խորացմանն ուղղված քայլերը արդյունավետ կլինեն:

 

Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի գործունեությանն առավել հանգամանալի ծանոթանալու նպատակով Արդարադատության ակադեմիայի պատվիրակության անդամները հանդիպեցին առաջին պրոռեկտոր Նիկոլայ Յակիմչուկի, պրոռեկտորներ Ալեքսանդր Տոլոչկոյի, Յուրի Սեվրուկի, Գեորգի Պոպովի հետ:

 

Զրույցի ընթացքում ներկայացվեցին երկու կառույցների գործունեության առանձնահատկությունները, նմանություններն ու տարբերությունները, նաև կողմերի դրական փորձը ներդնելու անհրաժեշտությունը: Նշենք, որ Ուկրաինայում շուրջ 15 հազար դատախազ կա, որոնք որակավորման բարձրացման համար սահմանված կարգով վերապատրաստում են անցնում: Մասնագիտական դասընթացներից բացի՝ մեծապես կարևորվում է նաև օտար լեզուների դասավանդումը: Ամենամտահոգիչը՝ Ակադեմիայի իրավական կարգավիճակի հարցն է, որը լուրջ խնդիրներ է առաջացնում գործունեության ընթացքում:

 

Հանդիպումներից հետո Հայաստանից ժամանած պատվիրակները հնարավորություն ունեցան ծանոթանալ շենքային պայմաններին, այցելել շենքի ներսում գործող թանգարան, որտեղ ներկայացված են Ուկրաինայի դատախազության, նաև Ակադեմիայի հիմնադրման պատմությունները:

 

Նշենք, որ Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիան այս տարի տոնելու է գործունեության 70-ամյակը: Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը հոբելյանական միջոցառումներին մասնակցության հրավեր ստացավ:

 

Շրջայցի ժամանակ պատվիրակության անդամներին ներկայացվեցին նաև համակարգչային լսարանները, դատախաղերի անցկացման համար նախատեսված դատական նիստերի դահլիճները, գրադարանը, տպարանը, որտեղ հրատարակվում է Ակադեմիայի գիտական հանդեսը, ունկնդիրների և աշխատակազմի համար նախատեսված հանրակացարանը:

 

Իսկ գործընկերների հետ արված բազմաթիվ լուսանկարների շարքում, որոնք ներկայացված են նախասրահում, նաև Արդարադատության ակադեմիան է՝ հիշեցնելով Ուկրաինայի պատվիրակության Երևան կատարած այցի մասին:

 

Այցի շրջանակում նախատեսված էր ունկնդիրների և դասախոսական կազմի հետ հանդիպում: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ելույթ ունեցավ մեծ լսարանի առաջ՝ ներկայացնելով Հայաստանում դատախազների մասնագիտական պատրաստմանը և վերապատրաստմանն առնչվող հետաքրքրական տվյալներ, Ակադեմիայում ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ, գիտահետազոտական աշխատանքներ, հեռաուսուցման անցկացում:

 

Ռեկտորի ելույթը չափազանց մեծ հետաքրքրություն առաջացրեց լսարանում, ինչի վկայությունն էին հնչած բազմաթիվ հարցերը: Իսկ հարցերը վերաբերում էին մեկ հարկի տակ դատավորների և դատախազների համատեղ ուսուցման կազմակերպման ռիսկերին, պրակտիկայի անցկացմանը, ուսուցման ծրագրերի կազմմանը, դասախոսների ընտրությանը, դասընթացների անցկացման մեթոդաբանությանը և այլն:

 

Լսարանը հետաքրքրված էր նաև Արդարադատության ակադեմիայում հեռաուսուցման կազմակերպմամբ: Հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը ներկայացրեց հեռաուսուցման կազմակերպման ակադեմիայի փորձը, մշակված դասընթացների առավելությունները և առաջարկեց երկկողմ օգտակար փորձով կիսվել:

 

Շնորհակալություն հայտնելով ներկաներին ցուցաբերած հետաքրքրության համար՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանը վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում հնարավորություն կլինի գնահատել համագործակցության արդյունքը:

 

Հանդիպումների ավարտին, ի նշանավորումն այցի, ռեկտոր Սերգեյ Առաքելյանը գրառում կատարեց Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի պատվավոր հյուրերի մատյանում: