ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Սեմինար՝ պատիժ նշանակելու հիմնախնդիրների վերաբերյալ

02.05.2017

Մայիսի 2-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է երկօրյա սեմինար՝ նվիրված պատիժ նշանակելու հիմնախնդիրներին: Սեմինարը կազմակերպել է Ակադեմիայի գործընկեր կառույցը՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ): Սեմինարն անցկացնում են գերմանացի փորձագետներ Ալեքսանդր Ֆյուլինգը (Բոննի առաջին ատյանի դատարանի դատավոր) և Վոլֆ-Թիլման Բաումերթը (ավագ դատախազ, տնտեսական հանցագործությունների բաժնի պետ, Վուփերթալի դատախազության մամուլի խոսնակ): Մասնակցում են քրեական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուները և դատախազի թեկնածուները:

 

Ողջունելով Գերմանիայից ժամանած հյուրերին, գործընկեր կառույցի ներկայացուցիչներին ու սեմինարի մասնակից ունկնդիրներին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը կարևորեց Հիմնադրամի հետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում՝ առանձնահատուկ ընդգծելով գործընկերների դրական փորձը վերոնշյալ ոլորտում: Ռեկտորի խոսքով՝ քրեական արդարադատության ոլորտում անհերքելի է, որ կարևորագույն օղակներից կամ ինստիտուտներից մեկը պատիժ նշանակելն է և հենց դրանով է պայմանավորված, որ շատերը փորձում են գնահատական տալ արդարադատության որակին, բովանդակությանը:

 

«Սեմինարի բացման օրը զուգադիպել է Ակադեմիայի համար շատ նշանակալի մի օրվա հետ, մասնավորապես 2013 թվականի մայիսի 2-ին է ընդունվել «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը, որով ըստ էության սկիզբ է դրվել որևէ գերատեսչական ենթակայությունից անկախ մարմնի ձևավորմանը, որը զբաղվում է դատավորների, դատախազների, քննիչների մասնագիտական պատրաստմամբ, վերապատրաստմամբ և հատուկ ուսուցմամբ:

 

Այս կարճ տարիների ընթացքում շրջանավարտների մի քանի սերունդներ ունենք, և կարծում եմ՝ մեր գործունեության լավագույն գնահատականը շրջանավարտների հաջողություններն են, որոնց նրանք հասնում են իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելիս»,-նշեց ռեկտորը:

 

IRZ-ի անունից ներկաներին ողջունեց և սեմինարի մասնակիցներին արդյունավետ աշխատանք մաղթեց նաև Հիմնադրամի հայաստանյան ծրագրերի մենեջեր Ամալյա Վուքերթը: Նա ներկայացրեց հիմնադրամի ստեղծման պատմությունը, գործունեության առանցքային ուղղությունները, 2011 թվականից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

 

«Մեր խնդիրն է օժանդակել գործընկեր երկրներին բարեփոխել արդարադատության համակարգը, այդ նպատակով արդեն 30 երկրների հետ ենք համագործակցում: Ուրախ եմ, որ սկսել ենք համագործակցել Արդարադատության ակադեմիայի հետ. սա մեր համատեղ առաջին միջոցառումն է»,-նշեց տիկին Վուքերթը:

 

Սեմինարի ընթացքում բանախոսները գերմանական փորձի օրինակով ներկայացնում են պատիժ նշանակելու հիմնախնդիրները, նաև ունկնդիրների հարցերին ի պատասխան՝ հետաքրքիր քննարկում ծավալում: