ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

«Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի փորձագետների այցը Ակադեմիա

23.05.2017

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի շրջանակում մայիսի 23-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչները՝ ավագ միջազգային փորձագետ Ապոստոլոս Անտիմոսը (Հունաստան), փորձագիտական խմբի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանը, ծրագրի փորձագետ Տաթևիկ Մատինյանը, ծրագրի օգնական Նազելի Թովմասյանը:

 

Արդարադատության ակադեմիայի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ռուզաննա Ղևոնդյանը և գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեցին հյուրերին՝ նշելով, որ չափազանց կարևոր են նման ծրագրերը և դրանց արդյունքների ներդրումը Ակադեմիայի գործունեության հիմքում:

 

Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց ծրագրի նախորդ փուլերը, որոնք հաջողությամբ իրականացվել են, և խոսեց այս փուլի շրջանակում նախանշված անելիքների մասին, մասնավորապես՝ Ակադեմիայի կարիքների գնահատում, ուսումնական ծրագրերի դիտարկում, խնդիրների վերհանում և աջակցության տրամադրում՝ այդ թվում նոր դասընթացների մշակում, սեմինարների կազմակերպում, դասընթացավարների վերապատրաստում, գրադարանի՝ մասնագիտական նոր գրականությամբ համալրում և այլն:

 

Հանդիպումից առաջ Հունաստանից ժամանած փորձագետը հնարավորություն էր ունեցել ընդհանուր առմամբ ծանոթանալ Արդարադատության ակադեմիայի կողմից մշակված ծրագրերին, որոնք դրական գնահատեց: Փորձագետը հետաքրքրվեց ունկնդիրների ուսուցման ծրագրերի կազմման, դրանց առանձնահատկությունների, փորձաշրջանի կազմակերպման և այլ հարցերի մասին:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Փորձագետները պատրաստակամություն հայտնեցին ծրագրի շրջանակում աջակցություն տրամադրել բարձրացված խնդիրների լուծման համար: