Վերապատրաստվում են Քննչական կոմիտեի քննիչները
2017 թվականին Արդարադատության ակադեմիայում նախատեսվում է վերապատրաստում անցկացնել քննիչների 15 խմբի համար: Ապրիլի 25-ին մեկնարկել է քննիչների առաջին խմբի վերապատրաստումը: Խմբում ընդգրկված է ՀՀ քննչական կոմիտեի 21 քննիչ:
<<ՀՀ քննչական կոմիտեի մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ քննիչների պարտադիր վերապատրաստում նախատեսվում է անցկացնել ոչ պակաս, քան 2 տարին մեկ անգամ: Վերապատրաստումն իրականացվում է <<Արդարադատության ակադեմիայի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Ուսումնառությունն իրականացվում է ուսուցման ծրագրի համաձայն, որը նպատակաուղղված է քննիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը քրեական իրավունքի, քրեական դատավարության, քրեական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի, դատական փորձաքննությունների և այլ ոլորտներում: Ծրագիրն իրականացվում է առկա ուսուցման ձևով: Վերապատրաստվող յուրաքանչյուր քննիչի համար ուսումնառության ժամաքանակը 30 ակադեմիական ժամ է։
Բացի վերոնշյալ վերապատրաստումից՝ սահմանված կարգով նախատեսվում է անցկացնել նաև քննիչների հատուկ ուսուցում՝ 10 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ: Հատուկ ուսուցման ծրագիրը նպատակաուղղված է քննիչների մոտ հրազենի գործադրման հմտությունների ձևավորմանը և դրանց շարունակական կատարելագործմանը: <<Հրազենի գործադրման հմտություններ>> դասընթացը ներառում է հրազեն գործադրելու, պահելու, տեղափոխելու անվտանգության կանոնները, հրազենային վնասվածքներ ստացած անձանց առաջին բժշկական օգնության հիմունքները, ինչպես նաև հրազենի կիրառման գործնական պարապմունքներ: