Ակադեմիայի ռեկտորը Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր
Հոկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիա այցելեց և ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հետ հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայան:
Ռեկտորը ողջունեց բարձրաստիճան հյուրին և երախտագիտություն հայտնեց արդյունավետ համագործակցության, Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրականացվող ծրագրերի և արդեն տեսանելի արդյունքների համար:
Ֆիլիպ Բուայան իր հերթին գոհունակություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ Արդարադատության ակադեմիան, ի թիվս Եվրոպայում գործող նմանատիպ այլ կառույցների, Եվրոպայի խորհրդի կարևոր գործընկերներից է:
<<Մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունի դատական համակարգի անկախությունն ու արդյունավետությունը ԵԽ անդամ 47 երկրներում, հետևաբար այդ ուղղությամբ իրականացվող ջանքերը պետք է շարունակական լինեն>>,-ընդգծեց Ֆ. Բուայան՝ հատուկ կարևորելով Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի համագործակցությունը և մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման համար իրականացվող ծրագրերում Ակադեմիայի դերակատարությունը: Այդ առումով ռեկտոր Սերգեյ Առաքելյանն իր խոսքում նշեց, որ ակադեմիայի ուսուցման ծրագրերում ներառված են և շարունակաբար լրամշակվում են դասընթացներ, որոնք վերաբերում են եվրոպական չափանիշների կիրառմանը և այդ չափանիշներին մեր երկրի օրենսդրության համապատասխանեցմանը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին զարգացնել երկկողմ համագործակցությունը:
Ակադեմիայի խորհրդանշան-արձանն օրհնվեց
Հոկտեմբերի 14-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ ակադեմիայի խորհրդանշան-արձանի օրհնման արարողությունը:
Հանդիսությանը ներկա էին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ, ՀՀ դատական, դատախազական, քննչական համակարգերի ներկայացուցիչներ, ակադեմիայի աշխատակազմը, հյուրեր:
Ողջունելով ներկաներին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց արձանի ստեղծման գաղափարը և հատուկ շնորհակալություն հայտնեց արձանի քանդակագործ Սևակ Նալբանդյանին, ակադեմիայի տարբերանշանի հեղինակ Արմեն Քյուրքչյանին: Ռեկտորի խոսքով՝ արդարության ոլորտում կրթությունը խորհրդանշող արձանի ստեղծման հիմքում նաև ակադեմիայի տարբերանշանն է, այդ առումով քանդակագործը կարճ ժամանակում մեծ ու ինքնատիպ աշխատանք է կատարել:
Արձանի բարձրությունը 2, 5 մետր է, կշռում է շուրջ 500 կգ: Այն քանդակված է տուֆից՝ մեկ կտորից:
Արձանի և ակադեմիայի շենքի օրհնումը կատարեց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ով իր ոգևորիչ խոսքով դիմեց ներկաներին. <<Արդարությունը սրտերին և հոգիներին ամրագրված հավատամք պիտի լինի, որովհետև ամբողջ արձանը և մասնավորապես հավասար կշեռքները նշանակում են արդարադատության կատարյալ մոտեցում>>:
Դասախոսությամբ հանդես եկավ Հռոմում Ինտերպոլի ԱԿԲ-ի ներկայացուցիչը
Սեպտեմբերի 27-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Հռոմում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) ներկայացուցիչներ Սանդրո Չիամարոնեն և Ստեֆանո Դիլզոտին:
Ակադեմիայում վերապատրաստում անցնող ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների քրեական մասնագիտացմամբ դատավորների և դատախազների համար դասախոսությամբ հանդես եկավ Սանդրո Չիամարոնեն: Դասախոսությունը նվիրված էր թղթադրամների և մետաղադրամների կեղծմանն ու ապօրինի շրջանառությանը, ինչպես նաև փողերի կեղծման հետ կապված գործերի բացահայտմանը:
Բանախոսը հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց Իտալիայում թղթադրամների կեղծման դեպքերի, դրանց բացահայտման և այդ առնչությամբ վերջին տարիների վիճակագրության վերաբերյալ: Ըստ բանախոսի՝ եվրոյի կեղծման դեպքերի շուրջ 80%-ը կատարվում է հենց Իտալիայի տարածքում, մասնավորապես՝ Նեապոլ քաղաքում են ամենամեծ թվով կեղծ թղթադրամներ առգրավում: Ավելին՝ այսօր ամենաշատը կեղծվում են 20 և 50 եվրո արժողությամբ թղթադրամները: Հազվադեպ չեն նաև ամերիկյան դոլարի կեղծման դեպքերը:
Հռոմում Ինտերպոլի ԱԿԲ ներկայացուցիչ Սանդրո Չիամարոնեն դատավորներին և դատախազներին ներկայացրեց նաև Իտալիայի ոստիկանության իրականացրած մի քանի հայտնի գործողությունների մանրամասներ, որոնց արդյունքում բացահայտվել են միլիոնավոր կեղծ դրամներ, ձերբակալվել են բազմաթիվ մարդիկ, առգրավվել տպագրական սարքեր, թուղթ, թանաք և այլն: Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կատարելագործվում է նաև կեղծ թղթադրամների արտադրությունն ու իրացումը:
Խոսելով թղթադրամի և մետաղադրամի կեղծման դեպքերի մասին՝ Ս. Չիամարոնեն ներկայացրեց ոլորտի կարգավորմանն ուղղված Իտալիայի օրենսդրությունը, որն այս տարի է բարեփոխվել: Փոփոխությունները միտված են նման հանցագործությունները բացահայտելու միջոցների արդյունավետության բարձրացմանը, դրամ կեղծողների դեմ պայքարի համակարգված մոտեցումների մշակմանը, ոստիկանության և մյուս շահագրգիռ կառույցների համագործակցության ակտիվացմանը:
Ակադեմիայի ռեկտորը Վաշինգտոնում մասնակցել է սնանկության հարցերի կարգավորման շուրջ խորհրդակցությունների
ԱՄՆ պետական դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) հրավերով սեպտեմբերի 19-23-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Վաշինգտոնում մասնակցել է <<Սնանկության հարցերի կարգավորման շուրջ>> խորհրդակցությունների:
Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են եղել սնանկության գործեր քննող դատավորներ՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը:
Պատվիրակության անդամները Միացյալ Նահանգների իրենց գործընկերների հետ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի սնանկության գործերով դատարանում մասնակցել են դատական լսումների, ծանոթացել գործերի վարման էլեկտրոնային գործընթացին, այնուհետև <<Փիլսբըրի և Վինթրոփ>> իրավախորհրդատվական ընկերությունում քննարկում ծավալել սնանկության վեճերի և դրանց լուծման եղանակների մասին: Ներկայացվել է սնանկության վերաբերյալ ԱՄՆ օրենսդրության ընդհանուր նկարագիրը, քննարկվել են մի շարք այլ հարցեր:
Մեր երկրի պատվիրակությունն իր հերթին գործընկերներին է ներկայացրել սնանկության հարցերի կարգավորման վերաբերյալ հայաստանյան փորձը, օրենսդրության բարեփոխումները, Հայաստանում ոլորտի կարգավորման առավել արդյունավետ համակարգ ստեղծելու ուղիները:
Այցի շրջանակում ԱՄՆ-Հայաստան խորհրդակցությունների մասնակիցները հանդիպում են ունեցել նաև ԱՄՆ կառավարիչների գործակալության ղեկավար կազմի հետ, քննարկվել են սնանկության գործընթացում նրանց դերին ու նշանակությանն առնչվող մի շարք հարցեր:
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու հնարավոր ուղղությունները:
Ակադեմիայի ներկայացուցիչը՝ Ղազախստանում անցկացված միջտարածաշրջանային աշխատանքային սեմինարին
Սեպտեմբերի 20-ից 22-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչը, Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից կազմակերպված միջտարածաշրջանային աշխատանքային սեմինարին, որը կրում էր <<Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վերհանումն ու դրանցով քննություն կատարելը>> խորագիրը:
Սեմինարը նախատեսված էր իրավապահ մարմինների աշխատակիցների և դատախազների համար, որին մասնակցում էին պատվիրակություններ Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետություններից, ինպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից, Պակիստանից և Աֆղանստանից:
Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված էին Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական վարչության մասնագետ, դասընթացավար Տիգրան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հայկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ Վահագն Հարությունյանը, ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ավետիսյանը:
Աշխատանքային սեմինարը վարում էին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից հրավիրված փորձագետները, որոնք Նիդերլանդների, Բելգիայի, Նորվեգիայի և Ռուսաստանի Դաշնության տվյալ բնագավառում մեծ փորձառություն ունեցող մասնագետներ են:
Արդարադատության ակադեմիան ներկայացնող Տիգրան Պողոսյանը սեմինարի մասնակից երկրների ներկայացուցիչներին է ներկայացրել կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում Ակադեմիայում դասավանդվող առարկայական կուրսերը և դրանց բովանդակությունը: Ուշադրության է արժանացել հենց Տ. Պողոսյանի կողմից մշակված <<Կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդի հարցերը>> թեմայով առարկայական ծրագրի ներկայացումը, որն արդեն 2-րդ տարին է՝ դասավանդվում է Ակադեմիայում: Վերոնշյալ առարկայական ծրագիրն իր մեջ ներառում է այդ ոլորտում ներպետական և միջազգային իրավական կարգավորման և պրակտիկայի արդի խնդիրները, կիբերհանագործությունների կատարման եղանակներն ու դրանց դեմ տարվող պայքարը, ինչպես նաև միջազգային համագործակցության առանձնահատկությունները:
«Ներսես Շնորհալի» հուշամեդալներ՝ ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ
Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Էմիլ Ամիրխանյանը և Հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով պարգևատրվել են Արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» հուշամեդալներով:
Սեպտեմբերի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ հուշամեդալների հանձնման արարողությունը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, հանձնելով հուշամեդալները, շնորհավորեց պարգևատրվածներին և հատուկ ընդգծեց ակադեմիայի կայացման գործում նրանց ունեցած մեծ ներդրումը:
«Այդ արդյունքը չէր գրանցվի, եթե չլինեին իրենց գործին նվիրված աշխատակիցներ՝ ի դեմս Ակադեմիայի նախկին ռեկտոր Ռուբեն Մելիքյանի:
Կառույցի կայացման գործում մեծ ներդրում ունեցավ նաև Էմիլ Ամիրխանյանը, որի կազմած աշխատանքային ծրագրերը բարձր գնահատականի են արժանանում և՛ տեղացի, և՛ միջազգային գործընկերների կողմից:
Ցանկանում եմ հատուկ ընդգծել նաև Արտաշես Խուրշուդյանի կատարած աշխատանքը՝ Ակադեմիայում հեռավար ուսուցման համակարգի ներդրման գործում, որն օրինակելի է դարձել Եվրոպայի խորհրդի համար»,- ասել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություն:
Լուսանկարները՝ www.moj.am
<<Փախստականների իրավունք>>. մշակվել և ներդրվել է հեռաուսուցման նոր դասընթաց
Արդարադատության ակադեմիան՝ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության (ՄԱԿ ՓԳՀ) աջակցությամբ մշակել է հեռաուսուցման նոր դասընթաց, որը նվիրված է փախստականների իրավունքին: Դասընթացը նախատեսված է ՀՀ վարչական դատարանի դատավորների համար: Դասընթացի մեկնարկը սեպտեմբերի 15-ին է, ընդհանուր տևողությունը՝ 10 շաբաթ: Փախստականների միջազգային իրավունքին նվիրված հեռաուսուցման փաթեթն ու անհրաժեշտ բոլոր մեդիա նյութերը հասանելի են Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում՝ justiceacadamy.am հասցեով: Բացի այդ՝ Արդարադատության ակադեմիան մշակել է նաև էլեկտրոնային ուսուցման պլատֆորմ <<Փախստականների իրավունք>> դասընթացը էլեկտրոնային ուսուցման ձևաչափով մատուցելու համար:
Հեռաուսուցման նոր դասընթացը բարձր գնահատականի է արժանացել գործընկեր կազմակերպությունների կողմից: Օրերս ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչությունը կազմակերպել էր սեմինար-քննարկում իր գործընկեր կառույցների հետ, որի ընթացքում Ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը ներկայացրել է <<Փախստականների իրավունք>> հեռաուսուցման դասընթացը, մասնավորապես՝ այդ դասընթացի ինքնուրույն ուսուցման համար նախատեսված ակադեմիայի կայքի էլեկտրոնային էջը (justiceacademy.am) և նորաստեղծ էլեկտրոնային պլատֆորմը (elearn.justiceacademy.am), որի միջոցով իրականացվելու է այդ դասընթացի էլեկտրոնային ուսուցումը:
Էլեկտրոնային էջը բաց է բոլոր հետաքրքրվողների համար, իսկ էլեկտրոնային պլատֆորմը՝ միայն գրանցված օգտատերերի համար:
<<Փախստականների իրավունք>> դասընթացի կարևորությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիներին աշխարհում նկատվում է փախստականների թվի աճ, ինչն էական ազդեցություն է ունեցել և ունի Հայաստանի Հանրապետության վրա, որը բնակչության մեկ շնչի հաշվով փախստականների և տեղահանված անձանց թվով առաջատարներից է Եվրոպայում։ Հանգամանք, որը հրատապ է դարձնում փախստականների իրավունքի առանցքային հասկացությունների, սկզբունքների և ընթացակարգերի լավ իմացությունն ու դրա հիման վրա համապատասխան քայլերի իրագործումը:
Դիպլոմներ երրորդ սերնդի շրջանավարտներին
Հուլիսի 29-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտին:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց և դիպլոմներ հանձնեց ակադեմիայի երրորդ սերնդի շրջանավարտներին՝ դատավորների 9 թեկնածուներին (7-ը՝ քաղաքացիաիրավական, 2-ը՝ վարչաիրավական մասնագիտացումներով):
Նրանց մասնագիտական պատրաստումն իրականացվել է 2015թ. օգոստոսի 31-ից 2016թ. հունիսի 17-ը՝ հինգ հատվածով, ընդհանուրը՝ 1230 ակադեմիական ժամով, ներառյալ ավելի քան 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
Մասնագիտական շուրջ 9,5 ամսվա ուսուցումը նպատակաուղղված էր ունկնդիրների՝ դատավորի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը, կարողությունների խորացմանը և հմտությունների ձևավորմանը:
Լսարանային ուսուցումն իրականացվել է ընդհանուր, հատուկ մասնագիտական և հարակից դասընթացների մոդուլների հիման վրա։
Ունկնդիրները մասնագիտական պատրաստման ընթացքում հանձնել են 20 (քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ) և 23 (վարչաիրավական մասնագիտացմամբ) քննություն:
Ռեկտոր Ս. Առաքելյանը հույս հայտնեց, որ շրջանավարտներն ի զորու են անել հնարավորը, որպեսզի նպաստեն դատական համակարգի բարելավմանը, արդարադատության և դատավորի հանդեպ հասարակության վստահության բարձրացմանը:
<<Դուք նոր ժամանակի և նոր սերնդի դատավորներ եք դառնում, իսկ դա նշանակում է, որ ձեր պատասխանատվության ու պրոֆեսիոնալ արդյունավետության նկատմամբ պահանջները չափազանց մեծ են:
Վստահ եմ, որ ուժ, եռանդ և գիտելիք չեք խնայի ձեր առջև դրված խնդիրները լավագույնս լուծելու, արդարադատության ոլորտին նոր շունչ հաղորդելու համար>>,-իր ելույթում նշեց ռեկտորը:
Շրջանավարտներին շնորհավորեց նաև Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա շրջանավարտները գիտակցում են այն բարձր պատասխանատվությունը, որ դրվելու է յուրաքանչյուրի վրա դատավորի բարձր առաքելությունն իրականացնելիս:
<<Առաքելություն, որովհետև յուրաքանչյուրն իր գործունեության հիմնական նպատակ պետք է դարձնի անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը, որակյալ և անաչառ արդարադատության իրականացումը>>,-իր ելույթում նշեց Ե. Խունդկարյանը:
<<Ակադեմիան կայացել է այս տարիների ընթացքում՝ որպես դատական իշխանության կադրային ապահովման առանձին ինստիտուտ>>,-իր ելույթում շեշտեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը՝ միաժամանակ ողջունելով և աշխատանքային հաջողություններ մաղթելով շրջանավարտներին:
Երախտիքի խոսքով հանդես եկան նաև ակադեմիայի շրջանավարտները: Ռուստամ Մախմուդյանի խոսքն ուղղված էր ակադեմիայի ղեկավարությանն ու աշխատակազմին, իսկ Նաիրա Մխիթարյանն անկեղծորեն նշեց, որ գրեթե 9,5 ամսվա մասնագիտական ուսուցման ընթացքում իրենք բազմապատկել են իրենց մասնագիտական գիտելիքները, ունակությունները, բարձրացել է իրավական գիտակցությունը, այժմ հասել է արդարադատության իրականացման ժամանակը:
Ավելին, շրջանավարտները հավաստիացրին, որ իրենց գործունեությամբ կնպաստեն ակադեմիայի անունն ու հեղինակությունը բարձրացնելուն:
Օրը քննական է քննիչի թեկնածուների համար
Արդարադատության ակադեմիայում քննաշրջանը շարունակվում է, որը սահմանված կարգով անցկացվում է ունկնդիրների մասնագիտական պատրաստման ընթացքում ուսուցման յուրաքանչյուր հատվածի ավարտից հետո: Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման առաջին խմբի քննաշրջանը մեկնարկել է հուլիսի 18-ին և կավարտվի հուլիսի 23-ին: Այսօր 26 ունկնդիր բանավոր քննություն է հանձնել <<Կրիմինալիստիկական մեթոդիկայի արդի հարցերը>> դասընթացից:
Տեղեկացնենք, որ քննիչների թեկնածուների ուսուցումը կազմակերպվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2016թ. փետրվարի 18-ի թիվ 5-Ա որոշման հիման վրա մշակված ուսուցման ծրագրի համաձայն: Այն նպատակ ունի ձևավորել ունկնդիրների մոտ քննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողություններ և հմտություններ, ընդլայնել մասնագիտական գիտելիքների ծավալը ընդհանուր, հատուկ և հարակից մասնագիտական դասընթացների մոդուլների հիման վրա։ Ուսուցման ծրագրով նախատեսված է ուսումնառության՝ դասընթացների (ներառյալ՝ քննաշրջանի) և փորձաշրջանի ընդհանուր ժամաքանակը՝ 1670 ակադեմիական ժամ: Ուսումնառության տևողությունը շուրջ ութ ամիս է (2016 թվականի մարտի 1-ից նոյեմբեր 4-ը)՝ ներառյալ 20 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը:
Մեկնարկեց դատախազի թեկնածուների հերթական քննաշրջանը
Հուլիսի 18-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց դատախազի թեկնածուների հերթական քննաշրջանը, որը սահմանված կարգով անցկացվում է մասնագիտական պատրաստման ընթացքում ուսուցման յուրաքանչյուր հատվածի ավարտից հետո:
Այսօր գրավոր քննություն հանձնեց դատախազի 11 թեկնածու <<Կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդի հարցերը>> առարկայից: Ուսուցման երրորդ հատվածին հաջորդող քննաշրջանը մեկնարկեց հուլիսի 18-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 5-ը:
Տեղեկացնենք, որ դատախազի թեկնածուների ուսուցումը կազմակերպվում է ակադեմիայի կողմից <<Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա մշակված ծրագրի համաձայն: Այն նպատակաուղղված է ունկնդիրների մոտ դատախազի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական դասընթացների մոդուլների հիման վրա:
Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը սահմանված է 1240 ակադեմիական ժամ: Դասընթացների (ներառյալ՝ քննաշրջանի) ընդհանուր ժամաքանակը 440 ակադեմիական ժամ է (ներառյալ՝ 40 ակադեմիական ժամ քննաշրջանի համար), իսկ հրավիրյալ դասախոսություններինը՝ 20 ակադեմիական ժամ:
Ուսումնառության տևողությունը 9,5 ամիս է (2016 թվականի մարտ 1-ից դեկտեմբերի 16-ը)՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը (օգոստոս 15-ից դեկտեմբեր 16-ը):