Մշակվում է հեռաուսուցման նոր դասընթաց՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ
Փետրվարի 27-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՄԱԿ մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները՝ Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանն ու նույն բաժնի <<Արդարադատության մատչելիություն>> ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը:
Ակադեմիայի հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանն ողջունեց գործընկեր միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին և երկկողմ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնեց: Կողմերն առաջիկայում համագործակցության հուշագիր ստորագրելու և այդ հիմքով համատեղ ծրագրեր իրականացնելու հստակ պայմանավորվածություններ ձեռք բերեցին: Ավելին՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ արդեն սկսվել են հեռաուսուցման նոր դասընթացի՝ <<Անչափահասի պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում>> մշակման աշխատանքները: Այն նախատեսված է Ակադեմիայում վերապատրաստում անցնող քրեական մասնագիտացմամբ դատավորների և դատախազների համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նոր դասընթացի պատրաստմանն առնչվող մի շարք հարցեր:
Որպես հաջողված օրինակ՝ Արտաշես Խուրշուդյանը հյուրերին մանրամասն ներկայացրեց նախորդ տարի ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ մշակված <<Փախստականների իրավունք>> դասընթացը, որը հաջողությամբ անցկացվեց դատավորների համար: Մասնավորապես՝ ներկայացվեցին հեռաուսուցման դասընթացի արդյունքները, նյութերի մշակման առանձնահատկությունները, մեթոդաբանությունը, մոտիվացնող նյութերի կառուցվածքը և այլն:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին խորացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: