ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի պատվիրակության այցը Ակադեմիա

16.03.2017

Արդարադատության ակադեմիայի հրավերով երկօրյա այցով Երևանում է Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Իվան Պրիսյաժնյուկի գլխավորությամբ:

 

Պատվիրակության կազմում ընդգրկված են Դատախազության մարմինների պետական ծառայողների պատրաստման և որակավորման բարձրացման բաժնի պետ Նատալյա Նաուլիկը, Քրեական վարույթներում դատական որոշումների կատարման, օրենքների պահպանման նկատմամբ հսկողության գծով դատախազների վերապատրաստման բաժնի պետի տեղակալ Նիկոլայ Արմանովը, Օպերատիվ-հետախուզական գործունեություն, հետաքննություն և մինչդատական քննություն իրականացնող մարմինների կողմից օրենքների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների պատրաստման բաժնի պետի տեղակալ Ալեքսանդր Սապինը, Միջազգային հարաբերությունների բաժնի գիտական աշխատող Իվան Կլևցովը, Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալի և տեղակալների գործունեության կազմակերպավերլուծական ապահովման բաժնի պետի տեղակալ Նատալյա Կոտլյարը:

 

Այցի գլխավոր նպատակը երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումն էր և այդ համատեքստում մի շարք հարցերի քննարկումը:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և համաձայնագրի ստորագրումը համագործակցությանն ուղղված կարևոր ու առաջնային քայլ համարեց:

 

Նրա խոսքով՝ համաձայնագրի տեքստում նկարագրված են համապատասխան ոլորտներ, որոնց կապակցությամբ համագործակցությունը նպաստելու է երկու երկրների դատախազական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, փորձի փոխանակմանը, համատեղ գիտական հետազոտությունների իրականացմանը: <<Լիահույս եմ՝ համագործակցությունը մոտ ապագայում արդյունքներ կտա>>,-նշեց Սերգեյ Առաքելյանը:

 

Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի ռեկտոր Իվան Պրիսյաժնյուկը իր և ամբողջ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: <<Ուրախ ենք, որ Երևանում ենք՝ Արդարադատության ակադեմիայում: Անչափ կարևորում ենք այս համագործակցությունը, որն ուղղված է երկու երկրների միջև համապատասխան ոլորտում փորձի փոխանակմանը>>,-նշեց ռեկտոր Պրիսյաժնյուկը:

 

ՀՀ գլխավոր դատախազի և Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անունից ուկրաինացի գործընկերներին ողջունեց նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը:

 

<<2018 թվականին, երբ լրանա Հայաստանի դատախազության 100 տարին, կհասցնենք առաջընթաց ապահովել այս համագործակցության ոլորտում, և հոբելյանական միջոցառումների շարքում իր տեղը կգտնի նաև այս աշխատանքի գնահատականը>>,-նշեց Արմեն Հարությունյանը և պատրաստակամություն հայտնեց աջակցել այն նախաձեռնություններին, որոնք կդրսևորվեն այս համագործակցության ընթացքում:

 

Ռեկտորներ Սերգեյ Առաքելյանն ու Իվան Պրիսյաժնյուկը համաձայնագիր ստորագրեցին՝ իրավական հիմքերի վրա դնելով երկու կառույցների միջև համագործակցությունը:

 

Ստորագրման արարողությունից հետո Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի ռեկտորը հանդես եկավ դասախոսությամբ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների համար:

 

Այն նվիրված էր Ուկրաինայի դատախազական մարմինների գործունեության առանձնահատկություններին, Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի կողմից իրականացվող մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանը և այլն:

 

Ներկաները նաև կարճ տեսաֆիլմ դիտեցին Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի վերաբերյալ:

 

Նշենք նաև, որ ուկրաինացի պատվիրակներից շատերը Հայաստանում են առաջին անգամ, ուստի նրանց համար հնարավորություն է ստեղծվել մշակութային ու ճանաչողական այցերի միջոցով փորձել բացահայտել բազմադարյա պատմություն ու մշակույթ ունեցող երկիրն ու ժողովուրդը: