Ակադեմիայում պաշտոնապես բացվեց «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ը
Մայիսի 6-ին Արդարադատության ակադեմիայում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ի պաշտոնական բացման արարողությունը: Կարմիր ժապավենը կտրեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) ղեկավար Ջորգեն Կ. Էնդրյուսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, մասնավորապես՝ ԹՊԻՀ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները, Ակադեմիայի դասընթացավարները, ունկնդիրները, աշխատակազմը:
Հանդիսավոր արարողությունից առաջ ռեկտորը հանդիպեց Ջորգեն Կ. Էնդրյուսին: Ռեկտորը ջերմորեն ողջունեց բարձրաստիճան հյուրին և նշեց Ակադեմիա-ԹՊԻՀ համագործակցության արձանագրած հաջողությունները՝ սկսած առարկայական նոր դասընթացների մշակումից մինչև դասընթացավարների վերապատրաստում, լսարան-քննասենյակի նորոգում, կահավորում և տեխնիկական վերազինում և այլն: Ջորգեն Կ. Էնդրյուսը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և նշեց, որ ԹՊԻՀ-ն աշխարհի 5 մայրցամաքներում գործունեություն է ծավալում, որի երկարաժամկետ արդյունքները տեսանելի են: Նա նաև ընդգծեց համատեղ իրականացված և իրականացվելիք աշխատանքների կարևորությունը:
Հանդիպումից հետո և «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ի հանդիսավոր բացումից առաջ ելույթով հանդես եկավ Սերգեյ Առաքելյանը: Ռեկտորը նշեց, որ միջազգային համագործակցությունը Ակադեմիայի գործունեության առաջնահերթություններից է, և այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության կարևորությունը. «Մեր համագործակցությունը երկխոսության մի հարթակ է՝ ևս մեկ անգամ ամրապնդելու հայ և ամերիկացի ժողովուրդների միջև առկա բարեկամությունը՝ հիմնված միասնական շահերի ու արժեքների վրա»,-ասաց ռեկտորը:
«Ուրախ եմ, որ այսօր կտրելու ենք Արդարադատության ակադեմիայի «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ի ժապավենը, որը ներառում է ԹՊԻՀ կողմից ձևավորած լսարանը և քննասենյակը: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցությունը Ակադեմիային նմանօրինակ նախագծերի միջոցով, որոնք նպաստում են Հայաստանում քրեական արդարադատության թափանցիկ, արդյունավետ, արդարացի և անկախ համակարգի հետագա զարգացմանը»,-նշեց դեսպանը:
«Մեր երկու պետություններն ընդհանուր նպատակ ունեն, այն է՝ Հայաստանի քրեական արդարադատության համակարգի ամրապնդումը՝ իրավական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման միջոցով: ԹՊԻՀ-ն ունի գլոբալ ցանց և ռեսուրսներ, որոնք կարող են օգտակար լինել նպատակներին հասնելու հարցում»,-նշեց Ջորգեն Կ. Էնդրյուսը՝ վերահաստատելով Հայաստանին և Ակադեմիային աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը՝ ուղղված ոլորտի բարեփոխումներին:
Պաշտոնական բացումից հետո հյուրերը ռեկտորի ուղեկցությամբ շրջեցին «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ում, եղան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ ամբողջությամբ նորոգված, կահավորած և տեխնիկապես վերազինված լսարանում, որը ծառայելու է և՛ որպես քննասենյակ՝ համակարգչայնացված եղանակով քննություններն անցկացնելու համար, և՛ համաժողովների դահլիճ:
Նախասրահից բացվում են ևս երկու լսարաններ, որոնցից մեկը ձևավորված է ազգությամբ հայ ԱՄՆ ականավոր քաղաքացիների լուսանկարներով, մյուսը՝ աշխարահռչակ հայ կանանց լուսանկարներով, որոնք բեկումնային դեր են ունեցել համաշխարհային պատմության մեջ: Հյուրերը տպավորված էին իրականացված աշխատանքով:
Ավարտական վկայականներ ստացան ՀՔԾ քննիչների վերապատրաստման երկրորդ խմբի ունկնդիրները
Ապրիլի 27-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ավարտական վկայականներ հանձնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստման երկրորդ խմբում ընդգրկված 8 ունկնդրի և հաջողություն մաղթեց իրենց պատասխանատու ծառայության մեջ:
Համաձայն «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՔԾ քննիչների պարտադիր վերապատրաստումն անցկացվում է առնվազն 3 տարին մեկ անգամ, ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրի համաձայն՝ 30 ակադեմիական ժամ ծավալով։ ՀՔԾ քննիչների 2019թ. վերապատրաստումն իրականացվել է երկու խմբով, առաջին խմբի ունկնդիրներն ավարտական վկայականներ էին ստացել մարտի 30-ին: Վերապատրաստմանը հաջորդում է հատուկ ուսուցումը՝ ՀՔԾ ծառայողների մոտ հրազենի գործադրման հմտությունների ձևավորման և դրանց շարունակական կատարելագործման նպատակով: Հատուկ ուսուցումը նախատեսվում է անցկացնել մայիսին:
Համագործակցության հեռանկարների քննարկում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ
Ապրիլի 29-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչներին՝ գնահատման խմբի ղեկավար Սայմոն Քոնթեին և փորձագետ Պավել Թադևոսյանին:
Ռեկտորը ողջունեց հյուրերին և ներկայացրեց Ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները, ուսումնական գործընթացին, ուսուցման ծրագրերին և միջազգային համագործակցությանն առնչվող մանրամասներ:
Սայմոն Քոնթեն նշեց, որ իրավական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակում հետազոտություն է պատրաստում, որպեսզի հնարավոր լինի բացահայտել ոլորտում առկա խնդիրները և հստակեցնել USAID-ի աջակցության ձևաչափը: Նրա խոսքով՝ քանի որ Ակադեմիան շատ կարևոր դերակատարում ունի երկրում դատիրավական ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործում, ուստի չափազանց հետաքրքրված է Ակադեմիայի գործունեությամբ, համագործակցության հնարավորություններով:
Հանդիպման ավարտին հյուրերը հնարավորություն ունեցան ռեկտորի ուղեկցությամբ շրջել Ակադեմիայում, ծանոթանալ պայմաններին, լինել դատական նիստերի դահլիճում, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ ամբողջությամբ նորոգված, կահավորված և տեխնիկապես վերազինված լսարանում:
Մեկնարկել է «Աջակցություն դատական բարեփոխումներին քրեական արդարադատության ոլորտում» ծրագիրը
Ապրիլի 25-ին հանդիսավոր միջոցառման ընթացքում տրվեց «Աջակցություն դատական բարեփոխումներին քրեական արդարադատության ոլորտում» ծրագրի մեկնարկը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության (ԵՄ) և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2019-2021 թվականների ծրագրի շրջանակում:
Ծրագրի բացման արարողությանը մասնակցում էր Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Ներկա էին Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դէ Լա Ռոսան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը, ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ, հյուրեր: Պրոռեկտորն իր ողջույնի խոսքում կարևորեց ԵԽ-ի հետ ինչպես այս, այնպես էլ համագործակցության շրջանակում արդյունավետորեն իրականացված այլ ծրագրերը, ներկայացրեց արդյունքները:
Արդարադատության ակադեմիան «Աջակցություն դատական բարեփոխումներին քրեական արդարադատության ոլորտում» ծրագրի ազգային գործընկերների թվում է: Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է հզորացնել Ակադեմիայի կարողությունները՝ քրեաիրավական մասնագիտացմամբ դատավորների, դատավորների թեկնածուների և դատական ծառայողների վերապատրաստման ուղղությամբ, ինչպես նաև մշակել համապատասխան դասընթացներ և նյութեր, կազմակերպել դասավանդողների համար վերապատրաստումներ:
Մեկնարկել է քննիչի թեկնածուների 1-ին խմբի ունկնդիրների քննաշրջանը
Ապրիլի 26-ին մեկնարկել է Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց 1-ին խմբի ունկնդիրների քննաշրջանը: Այս քննաշրջանի ընթացքում նախատեսվում է անցկացնել երկու բանավոր քննություն:
Այսօր ունկնդիրները հանձնել են երկու առարկայական կուրսեր ընդգրկող մեկ միասնական քննություն՝ «ՀՀ քրեական դատավարության արդի հարցեր» և «ՀՀ քրեական իրավունքի արդի հարցեր» դասընթացներից:
Ուսուցման ծրագրի համապատասխան՝ քննաշրջանը կավարտվի մայիսի 3-ին, որին կհաջորդի փորձաշրջանը՝ 3 ամիս տևողությամբ:
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ի վաղ առավոտյան Արդարադատության ակադեմիայի աշխատակազմը՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անմար կրակի շուրջ ծաղիկներ խոնարհեց և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այսօր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է։
Մեկնարկեց քննիչի թեկնածուների 2-րդ խմբի մասնագիտական պատրաստումը
Ապրիլի 22-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) թեկնածությունների 2019 թվականի ցուցակում ընդգրկված անձանց՝ երկրորդ խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը: Խմբում ընդգրկված է 28 ունկնդիր: Ուսումնական գործընթացը սկսվեց «ՀՀ քրեական իրավունքի արդի հարցեր» դասընթացով:
Առաջին դասից առաջ Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ունկնդիրներին, ողջունեց և շնորհավորեց նրանց:
«Քրեական արդարադատության ոլորտում ամենաբարդ գործառույթը քննիչն է իրականացնում: Բարդ, պատասխանատու, բայց միևնույն ժամանակ պատվաբեր մասնագիտություն եք ընտրել, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ և մաղթում նորանոր ձեռքբերումներ»,-նշեց ռեկտորը և ներկայացրեց Ակադեմիայում ուսումնառության առանձնահատկությունները, պատասխանեց հետաքրքրող հարցերին:
Քննիչի թեկնածուների ուսումնառությունն անցկացվելու է ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի հիման վրա: Դասընթացների ընդհանուր ժամաքանակը 150 ակադեմիական ժամ է, ևս 6 ակադեմիական ժամ նախատեսված է քննաշրջանի համար, ինչպես նաև երեք ամիս տևողությամբ փորձաշրջան: Ուսուցման ծրագրի համաձայն՝ երկրորդ խմբի քննիչի թեկնածուների ուսումնառությունն ավարտվելու է սեպտեմբերի 17-ին:
Հանդիպում քննիչի թեկնածուների 1-ին խմբի ունկնդիրների հետ` քննաշրջանին ընդառաջ
Ապրիլի 16-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) թեկնածությունների 2019թ. ցուցակում ընդգրկված անձանց՝ 1-ին խմբի ունկնդիրներին: Ուսուցման առաջին հատվածն ավարտվել է, որին հաջորդում է քննաշրջանը՝ ապրիլի 22-ից մայիսի 3-ը: Այս քննաշրջանում նախատեսվում է անցկացնել երկու բանավոր քննություն:
Քննաշրջանից առաջ ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին, ծանոթացրեց քննությունների կազմակերպման և անցկացման կարգին, քննական հարցերի կառուցվածքի առանձնահատկություններին, գնահատման և քննական միավորների հաշվարկմանը, քննության արդյունքների բողոքարկման ընթացակարգին: Ռեկտորը պատասխանեց քննական գործընթացին առնչվող ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:
Սերգեյ Առաքելյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվել է քննությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար՝ օբյեկտիվության և հրապարակայնության ապահովման նպատակով: Ռեկտորն ունկնդիրներին մաղթեց հաջող քննաշրջան և դրական արդյունքներ:
Ռեկտորն ընդունել է Իտալիայի դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաներից կազմված պատվիրակությանը
Ապրիլի 16-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին այս օրերին Հայաստանում գտնվող Իտալիայի Հանրապետության դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց այցի համար և հատուկ կարևորեց օտարերկրյա գործընկերների հետ շփումները, փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները, պատասխանեց հետաքրքրող հարցերին: Ավելին՝ հենց հանդիպման ընթացքում ռեկտորը հյուրերին փոխանցեց Իտալիայի համանման կառույցի՝ Մագիստրատուրայի դպրոցի հետ համագործակցության հրավեր-առաջարկ: Հյուրերը խոստացան քայլեր ձեռնարկել հնարավոր համագործակցությունը կյանքի կոչելու համար: Ավելին՝ Սերգեյ Առաքելյանը առաջարկեց Իտալիայի լավագույն փորձագետներին հրավիրել Հայաստան և Ակադեմիայում դասախոսություններ անցկացնել ինչպես հակակոռուպցիոն պայքարի, այնպես էլ այլ թեմաների շրջանակում: Հյուրերը հաճույքով ընդունեցին առաջարկը:
Իտալիայից ժամանած պատվիրակության անդամները նաև ծանոթացան Ակադեմիայի շենքային պայմաններին, ռեկտորի ուղեկցությամբ եղան մարզերից ժամանող ունկնդիրների համար նախատեսված հյուրանոցային համալիրում, համակարգչայնացված քննասենյակում, դատական նիստերի դահլիճում: Սերգեյ Առաքելյանը նաև հյուրերի միջոցով երախտագիտություն հայտնեց Իտալիայի բարեկամ ժողովրդին օրեր առաջ ընդունած բանաձևի կապակցությամբ, որով Իտալիայի խորհրդարանը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հյուրերը տպավորված էին և շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և խոստացան առավելագույն ջանքեր գործադրել հնարավոր համագործակցությունն իրականություն դարձնելու ուղղությամբ:
Մեկնարկել է 2019 թվականի քննաշրջանը՝ առաջին անգամ ամբողջությամբ համակարգչայնացված տարբերակով
Ապրիլի 12-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրների՝ դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց առաջին քննությունը՝ առաջին անգամ ամբողջությամբ համակարգչայնացված եղանակով:
Մասնագիտական պատրաստման առաջին հատվածն ավարտվել է, որին հաջորդող այս քննաշրջանի համար նախատեսված է տարբեր առարկայական կուրսեր ընդգրկող մեկ միասնական քննություն՝ թեստային տարբերակով: Քննությունից առաջ ունկնդիրները դիտեցին Ակադեմիայում քննությունների անցկացման կարգի մասին հոլովակ:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ունկնդիրներին հաջողություն մաղթեց և հավաստիացրեց՝ ամեն ինչ արվել է, որպեսզի քննություններն անցկացվենսահմանված կարգի շրջանակում՝ օբյեկտիվության և հրապարակայնության պահանջների առավելագույն պահպանմամբ: Սահմանված կարգով՝ քննության ամբողջ ընթացքը տեսաձայնագրվել է, ինչպես նաև քննասենյակից դուրս գտնվող տարածքում՝ ուղիղ հեռարձակվել: