Փոխըմբռնման հուշագիր՝ Ակադեմիայի և «Արցախի Հանրապետության դատավորներ» ՀԿ-ի միջև
Ապրիլի 12-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և «Արցախի Հանրապետության դատավորներ» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Խաչատրյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
«Այսօր իրավական հիմքերի վրա է դրվում արցախյան մեր գործընկերների հետ առկա համագործակցությունը: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ այսուհետ մեր բոլոր նվաճումները ծառայելու են ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի գործընկերների գործառույթների բարելավման նպատակին: Ցանկացած հարցով, եթե կարող ենք ձեզ օժանդակել, միշտ սիրով պատրաստ ենք»,-ասաց ռեկտորը: Ավելին՝ ռեկտորի հանձնարարությամբ՝ արցախյան գործընկերներին տրամադրվեց մասնագիտական որոշակի գրականություն: Սերգեյ Առաքելյանը հավաստիացրեց, որ այսուհետ ևս արդյունավետ համագործակցությանն ուղղված շարունակական քայլեր են ձեռնարկվելու:
Հասմիկ Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց համագործակցության և արդյունավետ աջակցության համար:
ԹՊԻՀ գրասենյակի գործընկերների այցը Ակադեմիա
Ապրիլի 9-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի ներկայացուցիչներին՝ ԹՊԻՀ Եվրոպայում, Եվրասիայում և Կենտրոնական Ասիայում ծրագրերի իրականացման խմբի ղեկավար (Վաշինգտոն) Ջուդիթ Քեմբլի գլխավորությամբ:
Ռեկտորը ողջունեց հյուրերին և կարևորեց համագործակցության ընդլայնմանն ուղղված նման այցերը և քննարկումները: «Մեր կառույցների միջև առկա համագործակցության լավագույն գնահատականն արդյունքն է՝ մասնավորապես առարկայական 9 կուրսերի համատեղ մշակումը և դրանց ներդրումը Ակադեմիայի ուսումնական ծրագիր, տրամադրված տեխնիկական աջակցությունը»,-նշեց ռեկտորը: Հյուրերը հետաքրքրված էին Ակադեմիայի գործունեության բարելավման ուղղությամբ նախատեսված անելիքներով, դրանց լուծման հնարավորություններով: Հյուրերի խնդրանքով՝ ռեկտորը ներկայացրեց մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ուսումնական գործընթացի շարունակական կատարելագործմանը, փորձագետների ներգրավմանը, Ակադեմիայի դասընթացավարների, նաև աշխատակազմի վերապատրաստմանը, տեսակոնֆերանսների կազմակերպմանը և այլն: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության հեռանկարները:
Ռեկտորի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Ակադեմիայում, եղան դատախաղերի անցկացման համար նախատեսված ամբողջությամբ նորացված դահլիճում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ նորոգված, կահավորված և տեխնիկապես վերազինված լսարանում, ծանոթացան տեխնիկական հնարավորություններին:
Արդարադատության ակադեմիան՝ IOJT անդամ
Արդարադատության ակադեմիան Դատական ոլորտի մասնագետների ուսուցման միջազգային կազմակերպության (IOJT) անդամ է:
Տարեսկզբին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի նախաձեռնությամբ միջազգային այս հեղինակավոր կառույց անդամակցության հայտ էր ներկայացվել: Անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ընթացակարգից հետո կազմակերպության գործադիր մարմինը քննարկել և ընդունել էր Ակադեմիայի անդամակցության հայտը: Այժմ կազմակերպության պաշտոնական կայքի անդամ երկրների ցանկում՝ եվրոպական երկրների շարքում ներառված է նաև Հայաստանի Հանրապետության, մասնավորապես՝ Արդարադատության ակադեմիայի անունը:
Կազմակերպությունը հիմնադրվել է 2002 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել աշխարհի դատական ոլորտի մասնագետների համար ուսուցում իրականացնող հաստատությունների աշխատանքներին: IOJT-ը կազմակերպում է միջազգային և տարածաշրջանային գիտաժողովներ, փոխանակման ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս համատեղ քննարկել դատական ոլորտի ուսումնական կենտրոնների ստեղծման և զարգացման ռազմավարությունները, մշակել արդյունավետ ուսումնական պլաններ, զարգացնել դասավանդման կարողությունները, կատարելագործել ուսուցման մեթոդաբանությունը:
Դատական ոլորտի մասնագետների ուսուցման միջազգային կազմակերպությունն ունի 100-ից ավելի անդամ-ինստիտուտներ՝ աշխարհի շուրջ 80 երկրներից:
Մեկնարկել է դատավորների 2019 թվականի վերապատրաստումը
Ապրիլի 1-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է դատավորների 2019 թվականի վերապատրաստումը: Առաջին խմբում ընդգրկված է 29 դատավոր, որոնցից 2-ը՝ Արցախի Հանրապետությունից: Տարեկան վերապատրաստումն իրականացվում է Ակադեմիայի կողմից մշակված ուսուցման ծրագրի համապատասխան՝ յուրաքանչյուր դատավորի համար 80 ակադեմիական ժամ ընդհանուր ժամաքանակով:
Դատավորների վերապատրաստումն իրականացվում է ընդհանուր և հարակից, և հատուկ մասնագիտական դասընթացների մոդուլների հիման վրա: Յուրաքանչյուր դատավոր, իր մասնագիտացմանը համապատասխան (քաղաքացիաիրավական, քրեաիրավական, վարչաիրավական), վերապատրաստվում է 40 ակադեմիական ժամ՝ հատուկ և 40 ակադեմիական ժամ՝ ընդհանուր և հարակից մասնագիտական կամ հեռավար ուսուցման ձևով դասավանդվող դասընթացների շրջանակում: Առկա ուսուցման ձևով վերապատրաստման ժամանակացույց է սահմանված 2019թ. ապրիլ-մայիս և սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսները, իսկ հեռավար ուսուցման ձևով՝ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսները:
Ավարտական վկայականներ՝ վերապատրաստում անցած ՀՔԾ քննիչներին
Մարտի 30-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ավարտական վկայականներ հանձնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստման առաջին խմբում ընդգրկված 9 ունկնդրի: Ռեկտորը շնորհավորեց վերապատրաստում անցած ՀՔԾ քննիչներին և հաջողություն մաղթեց իրենց պատասխանատու ծառայության մեջ:
Համաձայն «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՔԾ քննիչների պարտադիր վերապատրաստումն անցկացվում է առնվազն 3 տարին մեկ անգամ, ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների ուսուցման ծրագրի համաձայն՝ 30 ակադեմիական ժամ ծավալով։ Ուսուցման ծրագիրը նպատակաուղղված է ՀՔԾ ծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը քրեական իրավունքի, քրեական դատավարության, ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների, խոշտանգումների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Վերապատրաստումն իրականացվում է երկու խմբով:
Տեղի ունեցավ Կառավարման խորհրդի հերթական նիստը
Մարտի 29-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը: Ներկա էին Խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը, անդամներ՝ Երվանդ Խունդկարյանը, Համլետ Ասատրյանը, Հովսեփ Բեդևյանը, Գևորգ Բաղդասարյանը, Րաֆֆի Ասլանյանը, ինչպես նաև Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Օրակարգի հաստատումից հետո ներկաները այլ հարցերի շարքում քննարկեցին և որոշում կայացրին Ակադեմիայի «Ներքին կարգապահական կանոններում» փոփոխությունների և լրացումների կատարման հարցի վերաբերյալ:
GIZ-ի հետ համագործակցությունը շարունակվում է՝ նոր ծրագրի շրջանակում
Մարտի 27-ին Արդարադատության ակադեմիա են այցելել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչները՝ Գնահատման առաքելության իրավական հարցերով պատասխանատու Լոթար Յանը և «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի մոնիթորինգի և գնահատման պատասխանատու, Հարավային Կովկասում ծրագրի իրավաբան Հրաչիկ Յարմալոյանը:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և կարևորեց GIZ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, համատեղ իրականացված ծրագրերը, նաև երախտագիտությամբ նշեց նախորդ տարեվերջին Ակադեմիային տրամադրված տեխնիկական միջոցների աջակցության մասին:
Հյուրերը Ակադեմիա էին եկել Գերմանական կառավարության աջակցությամբ իրականացվելիք նոր ծրագիրը քննարկելու առաքելությամբ, որն ուղղված է լինելու համայնքային կառույցների կարողությունների զարգացմանը: Նախատեսվում է ՀՀ վարչական դատարանների դատավորներին ներգրավել որպես փորձագետներ և կազմակերպել համապատասխան վերապատրաստումներ: Ծրագիրը կմեկնարկի 2020 թվականին և կտևի երեք տարի:
Ռեկտորը պատրաստակամություն հայտնեց օժանդակել նման վերապատրաստումների անցկացմանը, դասընթացավարների ընտրությանը, նյութերի մշակմանը: Ավելին՝ ռեկտորի խոսքով, քանի որ Հայաստանում չկա առանձին կառույց, որը զբաղվում է համայնքային մարմինների աշխատակիցների որակավորման բարձրացմամբ, ուստի ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառումները կարող են դրական փորձ լինել ապագայում ստեղծվելիք կառույցի գործունեության նախանշման ուղղությամբ:
Ռեկտորի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Ակադեմիայում: Նրանք տպավորված էին շենքային պայմաններով, ուսումնական գործընթացը կազմակերպելու հնարավորություններով:
Արդարադատության ակադեմիայի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին
Մարտի 23-ին Արդարադատության ակադեմիայի աշխատակազմը՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ վաղ առավոտից միացել է համապետական շաբաթօրյակ-ծառատունկին:
Ակադեմիայի պրոռեկտորը մենագրություն է հրատարակել սահմանադրական կայունության թեմայով
Լույս է տեսել Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանի «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրությունը: Այդ առիթով ԵՊՀ-ում կազմակերպվել էր շնորհանդես-քննարկում, որին ներկա էին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, գրքի գրախոս, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, դատավորներ, հյուրեր:
Գիրքը նվիրված է սահմանադրական կայունության արժեբանական բնութագրին և կայուն ժողովրդավարության երաշխավորման գործում վերջինիս դերակատարությանը։ Գիրքը նախատեսված է սահմանադրական իրավունքի, իրավունքի տեսության ու փիլիսոփայության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության հարցերով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար:
Դատավորների և դատախազների կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագիր ԵԽ-ի հետ
Մարտի 18-ին Արդարադատության ակադեմիա է այցելել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) համագործակցության ծրագրերի և կարողությունների զարգացման բաժնի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Անկա Սանդեսկուն: Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը կարևորել է ԵԽ-ի հետ շարունակական համագործակցությունը և ընդգծել ԵԽ «Կանանց համար արդարադատության մատչելիություն» ծրագրի իրականացման կարևորությունը: Ծրագիրը նախանշված է Արևելյան գործընկերության երկրների դատաիրավական ուսուցում իրականացնող համապատասխան կառույցների համար՝ 2019-2021թթ.-ին:
Անկա Սանդեսկուն ներկայացրել է ծրագրի այն բաղադրիչը, որն առնչվում է Արդարադատության ակադեմիայի հետ իրականացվելիք համատեղ միջոցառումներին՝ ուղղված ուսումնական ծրագրերի՝ մասնավորապես դատավորների և դատախազների կարողությունների զարգացմանը: Կողմերը քննարկել են ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն առնչվող բովանդակային և կազմակերպական մի շարք հարցեր: