Ակադեմիայում պաշտոնապես բացվեց «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ը
Մայիսի 6-ին Արդարադատության ակադեմիայում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ի պաշտոնական բացման արարողությունը: Կարմիր ժապավենը կտրեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) ղեկավար Ջորգեն Կ. Էնդրյուսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, մասնավորապես՝ ԹՊԻՀ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները, Ակադեմիայի դասընթացավարները, ունկնդիրները, աշխատակազմը:
Հանդիսավոր արարողությունից առաջ ռեկտորը հանդիպեց Ջորգեն Կ. Էնդրյուսին: Ռեկտորը ջերմորեն ողջունեց բարձրաստիճան հյուրին և նշեց Ակադեմիա-ԹՊԻՀ համագործակցության արձանագրած հաջողությունները՝ սկսած առարկայական նոր դասընթացների մշակումից մինչև դասընթացավարների վերապատրաստում, լսարան-քննասենյակի նորոգում, կահավորում և տեխնիկական վերազինում և այլն: Ջորգեն Կ. Էնդրյուսը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և նշեց, որ ԹՊԻՀ-ն աշխարհի 5 մայրցամաքներում գործունեություն է ծավալում, որի երկարաժամկետ արդյունքները տեսանելի են: Նա նաև ընդգծեց համատեղ իրականացված և իրականացվելիք աշխատանքների կարևորությունը:
Հանդիպումից հետո և «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ի հանդիսավոր բացումից առաջ ելույթով հանդես եկավ Սերգեյ Առաքելյանը: Ռեկտորը նշեց, որ միջազգային համագործակցությունը Ակադեմիայի գործունեության առաջնահերթություններից է, և այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության կարևորությունը. «Մեր համագործակցությունը երկխոսության մի հարթակ է՝ ևս մեկ անգամ ամրապնդելու հայ և ամերիկացի ժողովուրդների միջև առկա բարեկամությունը՝ հիմնված միասնական շահերի ու արժեքների վրա»,-ասաց ռեկտորը:
«Ուրախ եմ, որ այսօր կտրելու ենք Արդարադատության ակադեմիայի «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ի ժապավենը, որը ներառում է ԹՊԻՀ կողմից ձևավորած լսարանը և քննասենյակը: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցությունը Ակադեմիային նմանօրինակ նախագծերի միջոցով, որոնք նպաստում են Հայաստանում քրեական արդարադատության թափանցիկ, արդյունավետ, արդարացի և անկախ համակարգի հետագա զարգացմանը»,-նշեց դեսպանը:
«Մեր երկու պետություններն ընդհանուր նպատակ ունեն, այն է՝ Հայաստանի քրեական արդարադատության համակարգի ամրապնդումը՝ իրավական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման միջոցով: ԹՊԻՀ-ն ունի գլոբալ ցանց և ռեսուրսներ, որոնք կարող են օգտակար լինել նպատակներին հասնելու հարցում»,-նշեց Ջորգեն Կ. Էնդրյուսը՝ վերահաստատելով Հայաստանին և Ակադեմիային աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը՝ ուղղված ոլորտի բարեփոխումներին:
Պաշտոնական բացումից հետո հյուրերը ռեկտորի ուղեկցությամբ շրջեցին «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ում, եղան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ ամբողջությամբ նորոգված, կահավորած և տեխնիկապես վերազինված լսարանում, որը ծառայելու է և՛ որպես քննասենյակ՝ համակարգչայնացված եղանակով քննություններն անցկացնելու համար, և՛ համաժողովների դահլիճ:
Նախասրահից բացվում են ևս երկու լսարաններ, որոնցից մեկը ձևավորված է ազգությամբ հայ ԱՄՆ ականավոր քաղաքացիների լուսանկարներով, մյուսը՝ աշխարահռչակ հայ կանանց լուսանկարներով, որոնք բեկումնային դեր են ունեցել համաշխարհային պատմության մեջ: Հյուրերը տպավորված էին իրականացված աշխատանքով: