ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

975

18.03.2019

Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության հետ համագործակցությունն ընդլայնվում է

Մարտի 18-ին Արդարադատության ակադեմիա են այցելել Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) ներկայացուցիչները՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ծրագրի համակարգողներ Լյուբոմիր Պետրուլջեսկովը և Ռիմա Գրիշմանովսկայան: Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը հյուրերին ներկայացրել է Ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները, ուսումնական գործընթացին, ուսուցման ծրագրերին վերաբերող մանրամասներ, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ իրականացված և իրականացվող ծրագրերը:

 

Կողմերը քննարկել են առաջիկայում համատեղ կազմակերպել դասընթացավարների վերապատրաստումներ, ինչպես նաև դատավորների համար սեմինարներ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի շրջանակում: Ավելին՝ քննարկվել է նաև մոտ ապագայում Արդարադատության ակադեմիայի և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության միջև առկա համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելու և դրա վերաբերյալ համատեղ փաստաթուղթ ստորագրելու հարցը:

974

15.03.2019

ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրի ներկայացուցիչների այցը Ակադեմիա

Մարտի 15-ին Արդարադատության ակադեմիա են այցելել ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի ներկայացուցիչները: Այցի նպատակն էր ծանոթանալ Ակադեմիայի աշխատանքային պայմաններին, տեղեկանալ դատաիրավական ոլորտի ուսումնական գործընթացի առանձնահատկությունների և առկա խնդիրների մասին, ինչպես նաև դրանց լուծման նպատակով համատեղ ծրագրեր իրականացնել:

 

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ջերմորեն ողջունեց հյուրերին և կարևորեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, մասնավորապես՝ ԹՊԻՀ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը: Ռեկտորը ներկայացրեց ուսուցման ծրագրերի շարունակական զարգացմանը, դասընթացների որակի բարձրացմանը, հրավիրյալ փորձագետների ներգրավմամբ պրակտիկ նշանակություն ունեցող նոր դասընթացների մշակմանն և ներդրմանը, Ակադեմիայի աշխատակազմի և դասընթացավարների համապատասխան վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությանն առնչվող մի շարք հարցեր: Ռեկտորը նաև նշեց Ակադեմիայում հեռավար եղանակով անցկացվող դասընթացների, դրանց նորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ու զարգացման հնարավորությունների մասին:

 

Կողմերը քննարկեցին համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր, ինչպես նաև երկկողմ օգտակար լինելու պատրաստակամություն հայտնեցին: Հյուրերը նաև հնարավորություն ունեցան շրջել Ակադեմիայում, ծանոթանալ պայմաններին, լինել լսարաններում, որոնցից մեկը ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ է նորոգվել, կահավորվել ու տեխնիկապես վերազինվել, նաև՝ գրադարանում, մարզերից վերապատրաստում անցնող ունկնդիրների համար նախատեսված հյուրանոցում:

973

14.03.2019

ԵԽ փորձագետների այցը Ակադեմիա՝ նոր ծրագրի շրջանակում կարիքների գնահատում անցկացնելու նպատակով

Մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին Հայաստանում. դատաիրավական բարեփոխումների քրեական բաղադրիչը և եվրոպական չափանիշների կիրառության պրակտիկայի ներդաշնակեցումը» նոր ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» կառուցակարգի շրջանակում: Ծրագրի իրականացման և նախատեսված արդյունքներին հասնելու համար կարիքների գնահատում անցկացնելու նպատակով Արդարադատության ակադեմիա են այցելել Եվրոպայի խորհրդի միջազգային և ազգային փորձագետները, հայաստանյան ծրագրի ղեկավարը:

 

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և շեշտեց ԵԽ-ի հետ համագործակցության կարևորությունը և արդյունավետությունը: Ռեկտորը գոհունակությամբ նշեց, որ քայլեր են ձեռնարկվում համատեղ նոր ծրագրերի մշակման և դրանց իրականացման ուղղությամբ:

 

Ծրագրի նպատակներից է նպաստել Հայաստանում քրեական արդարադատության ոլորտում լավագույն գործելակերպի կիրառմանը, ինչպես նաև աջակցել Արդարադատության ակադեմիային ինստիտուցիոնալ կարողությունները ամրապնդելուն՝ դատավորներին և դատական ծառայողներին վերապատրաստելու համար:

 

Հանդիպման ընթացքում փորձագետներին ներկայացվեց Ակադեմիայում ուսումնական գործընթացի՝ մասնավորապես ուսուցման ծրագրերի, դրանց մշակման, բովանդակության և դասավանդման մեթոդաբանության առանձնահատկությունները:

972

11.03.2019

Մեկնարկեց 2019թ. քննիչի թեկնածուների առաջին խմբի մասնագիտական պատրաստումը

Մարտի 11-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) թեկնածությունների 2019 թվականի ցուցակում ընդգրկված անձանց՝ առաջին խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը: Ուսումնական գործընթացը սկսվեց «ՀՀ քրեական դատավարության արդի հարցեր» դասընթացով:

 

Քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումն անցկացվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի հիման վրա մշակված ուսուցման ծրագրի համաձայն: Դասընթացների ընդհանուր ժամաքանակը 150 ակադեմիական ժամ է, ևս 6 ակադեմիական ժամ նախատեսված է քննաշրջանի համար, ինչպես նաև երեք ամիս տևողությամբ փորձաշրջան: Ըստ ուսուցման ծրագրի՝ առաջին խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը նախատեսվում է ավարտել օգոստոսի 6-ին:

971

07.03.2019

Ռեկտորը հանդիպեց 2019 թվականի առաջին խմբի քննիչի թեկնածուներին

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն այսօր հանդիպել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) թեկնածությունների 2019 թվականի ցուցակում ընդգրկված անձանց, որոնք մասնագիտական պատրաստում են անցնելու առաջին խմբի կազմում: Խմբում ընդգրկված է 28 ունկնդիր, որոնց մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է մարտի 11-ին:

 

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ռեկտորը մինչ մասնագիտական պատրաստման մեկնարկը հանդիպում է ունկնդիրների հետ, ծանոթանում նրանց և ծանոթացնում Ակադեմիայում ուսումնառության առանձնահատկություններին, պատասխանում հետաքրքրող հարցերի: «Բարո՛վ եք եկել Ակադեմիա»,- դիմելով ունկնդիրներին՝ ողջունեց ռեկտորը, շնորհավորեց նրանց և բարի երթ մաղթեց: Ռեկտորը նաև հույս հայտնեց, որ բոլոր ընդունվածները կավարտեն և կհամալրեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչների շարքերը: «Քննիչի աշխատանքը քրեական արդարադատության ոլորտում ամենաբարդն է, որովհետև ամեն ինչ խարսխված է քննիչի աշխատանքի վրա, ուստի կարծում եմ՝ դա գիտակցում եք և պատկերացնում, թե աշխատանքային ինչ բարդություններ են ձեզ սպասում»,- ասաց Սերգեյ Առաքելյանը:

 

Ռեկտորն ունկնդիրներին ներկայացրեց Ակադեմիայի պաշտոնական կայքում առանձնացված հատուկ բաժինը, որում առկա է ուսումնական գործընթացին առնչվող ամբողջական տեղեկատվություն: Քննիչի թեկնածուների ուսումնառությունն անցկացվելու է ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի հիման վրա: Դասընթացների ընդհանուր ժամաքանակը 150 ակադեմիական ժամ է, ևս 6 ակադեմիական ժամ նախատեսված է քննաշրջանի համար, ինչպես նաև երեք ամիս տևողությամբ փորձաշրջան: Ունկնդիրները նաև տեղեկացան, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացվելու, որի ընթացքում ռեկտորի հետ ուսումնառության ընթացքում առաջացած հարցերն ու խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորություն են ստանալու:

970

07.03.2019

Հանրային կապերի ապագա մասնագետները հետաքրքրված են Ակադեմիայի հանրային կապերի բաժնի աշխատանքով

Մարտի 7-ին Արդարադատության ակադեմիա են այցելել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Սոցիալական գիտությունների և սերվիսի» ֆակուլտետի «Հանրային կապեր (PR)» բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները:

 

Նրանք համապատասխան դասընթացի և պրակտիկայի շրջանակում այցելում են պետական գերատեսչություններ և մասնավոր կազմակերպություններ՝ ծանոթանալու կառույցների գործունեությանը, հանրային կապերի ոլորտում տարվող աշխատանքներին, հաղորդակցության կառավարման և կորպորատիվ PR-ի առանձնահատկություններին: Հանրային կապերի ապագա մասնագետներն իրենք էին ցանկություն հայտնել այցելել Արդարադատության ակադեմիա, ծանոթանալ Ակադեմիայի հանրային կապերի բաժնի աշխատանքներին, տեղում ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

 

Ուսանողներն իրենց դասախոսի հետ ծանոթացան Ակադեմիայի համագործակցության և հանրային կապերի բաժնի աշխատանքներին, քննարկեցին Ակադեմիայում հանրային կապերին վերաբերող մի շարք հարցեր: Հյուրերը նաև շրջեցին Ակադեմիայի շենքում, ծանոթացան ապագա և գործող դատավորների, դատախազների, քննիչների ուսումնառության պայմաններին: Նրանք նաև հնարավորություն ունենցան ներկա լինել Ակադեմիայի ռեկտորի և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) 2019 թվականի թեկնածուների՝ մասնագիտական պատրաստման մեկնարկից առաջ անցկացվող առաջին հանդիպմանը:

969

07.03.2019

Դատական ծառայողների առաջին խմբի վերապատրաստումն ավարտվել է արդյունքների գնահատմամբ

Մարտի 7-ը քննական էր Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում անցած դատական ծառայողների առաջին խմբի ունկնդիրների համար: Ուսուցման ծրագրի համաձայն՝ դատական ծառայողների վերապատրաստումն ավարտվում է արդյունքների գնահատմամբ՝ բանավոր եղանակով, միասնական քննությամբ: Դատական ծառայողը համարվում է վերապատրաստում անցած դրական գնահատման դեպքում:

 

Հիշեցնենք, որ օրենքով սահմանված կարգով՝ պարտադիր վերապատրաստում են անցնում երեք տարին մեկ անգամ: Մարտից մինչև մայիս վերապատրաստում կանցնեն դատական ծառայողների 13 խումբ՝ այդ թվում Արցախի Հանրապետությունից: Վերապատրաստման խմբերում ընդգրկված են իրավաբանական մասնագիտական գործառույթներ իրականացնող դատական ծառայողներ և Դատական դեպարտամենտում այլ դատական ծառայողներ:

968

05.03.2019

Մեկնարկել է ԵՄ և ԵԽ կողմից ֆինանսավորվող նոր ծրագիր

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մարտի 5-ին մասնակցել է «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Ծրագրի բացման արարողությանը մասնակցել է նաև Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում դատարանների անկախության, թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդմանը, դատարանների ու արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի կողմից:

 

Բացման խոսքով հանդես է եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան: Ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը և ուրիշներ:

967

04.03.2019

Վերապատրաստվում են դատական ծառայողները

Մարտի 4-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է դատական ծառայողների 2019 թվականի վերապատրաստումը: Օրենքով սահմանված կարգով՝ դատական ծառայողները պարտադիր վերապատրաստում են անցնում երեք տարին մեկ անգամ: Մարտից մինչև մայիս վերապատրաստում կանցնեն դատական ծառայողների 13 խումբ՝ այդ թվում Արցախի Հանրապետությունից: Վերապատրաստման խմբերում ընդգրկված են իրավաբանական մասնագիտական գործառույթներ իրականացնող դատական ծառայողներ, որոնց համար սահմանված է 32 և Դատական դեպարտամենտում այլ դատական ծառայողներ՝ 24 ակադեմիական ժամ ընդհանուր ժամաքանակով: Դատական ծառայողների վերապատրաստման առաջին խմբում ներառված է 29 ունկնդիր: Ուսուցման ծրագրի համաձայն՝ դատական ծառայողների վերապատրաստումն ավարտվելու է արդյունքների գնահատմամբ՝ բանավոր եղանակով, միասնական քննությամբ:

966

01.03.2019

ՀՀ ԲԴԽ աշխատակազմի հայտարարությունը՝ դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին

Հիմք ընդունելով ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 21.02.2019թ. ԲԴԽ-12-Ո-45 որոշումը՝ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինը՝ քսաներեք (23), քրեական մասնագիտացմամբ բաժինը՝ տասնյոթ (17), վարչական մասնագիտացմամբ բաժինը՝ երկու (2) թեկնածուներով համալրելու անհրաժեշտության մասին՝ հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժինների արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված պահանջներին բավարարող անձիք կարող են հայտերը ներկայացնել ՀՀ դատական դեպարտամենտ /հասցեն՝ ք.Երևան, Վ.Սարգսյան 5, 5-րդ հարկ, 53 սենյակ, հեռ. 010 511 778, 010 511 768/՝ մինչև 2019 թվականի մարտի 28-ը ներառյալ:


Հավակնորդները պարտավոր են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ և 8-14-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Օրենքով սահմանված դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտը այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին: Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

 

Հիշեցում`

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝
Հ/Հ` 900005163671
Բանկ` ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն.
Ստացող` ՀՀ պետական բյուջե.
Նպատակը` «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»: