Ռեկտորն ընդունել է Իտալիայի դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաներից կազմված պատվիրակությանը
Ապրիլի 16-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին այս օրերին Հայաստանում գտնվող Իտալիայի Հանրապետության դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց այցի համար և հատուկ կարևորեց օտարերկրյա գործընկերների հետ շփումները, փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները, պատասխանեց հետաքրքրող հարցերին: Ավելին՝ հենց հանդիպման ընթացքում ռեկտորը հյուրերին փոխանցեց Իտալիայի համանման կառույցի՝ Մագիստրատուրայի դպրոցի հետ համագործակցության հրավեր-առաջարկ: Հյուրերը խոստացան քայլեր ձեռնարկել հնարավոր համագործակցությունը կյանքի կոչելու համար: Ավելին՝ Սերգեյ Առաքելյանը առաջարկեց Իտալիայի լավագույն փորձագետներին հրավիրել Հայաստան և Ակադեմիայում դասախոսություններ անցկացնել ինչպես հակակոռուպցիոն պայքարի, այնպես էլ այլ թեմաների շրջանակում: Հյուրերը հաճույքով ընդունեցին առաջարկը:
Իտալիայից ժամանած պատվիրակության անդամները նաև ծանոթացան Ակադեմիայի շենքային պայմաններին, ռեկտորի ուղեկցությամբ եղան մարզերից ժամանող ունկնդիրների համար նախատեսված հյուրանոցային համալիրում, համակարգչայնացված քննասենյակում, դատական նիստերի դահլիճում: Սերգեյ Առաքելյանը նաև հյուրերի միջոցով երախտագիտություն հայտնեց Իտալիայի բարեկամ ժողովրդին օրեր առաջ ընդունած բանաձևի կապակցությամբ, որով Իտալիայի խորհրդարանը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հյուրերը տպավորված էին և շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և խոստացան առավելագույն ջանքեր գործադրել հնարավոր համագործակցությունն իրականություն դարձնելու ուղղությամբ: