Մեկնարկեց քննիչի թեկնածուների 2-րդ խմբի մասնագիտական պատրաստումը
Ապրիլի 22-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների (քննիչների) թեկնածությունների 2019 թվականի ցուցակում ընդգրկված անձանց՝ երկրորդ խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը: Խմբում ընդգրկված է 28 ունկնդիր: Ուսումնական գործընթացը սկսվեց «ՀՀ քրեական իրավունքի արդի հարցեր» դասընթացով:
Առաջին դասից առաջ Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ունկնդիրներին, ողջունեց և շնորհավորեց նրանց:
«Քրեական արդարադատության ոլորտում ամենաբարդ գործառույթը քննիչն է իրականացնում: Բարդ, պատասխանատու, բայց միևնույն ժամանակ պատվաբեր մասնագիտություն եք ընտրել, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ և մաղթում նորանոր ձեռքբերումներ»,-նշեց ռեկտորը և ներկայացրեց Ակադեմիայում ուսումնառության առանձնահատկությունները, պատասխանեց հետաքրքրող հարցերին:
Քննիչի թեկնածուների ուսումնառությունն անցկացվելու է ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի հիման վրա: Դասընթացների ընդհանուր ժամաքանակը 150 ակադեմիական ժամ է, ևս 6 ակադեմիական ժամ նախատեսված է քննաշրջանի համար, ինչպես նաև երեք ամիս տևողությամբ փորձաշրջան: Ուսուցման ծրագրի համաձայն՝ երկրորդ խմբի քննիչի թեկնածուների ուսումնառությունն ավարտվելու է սեպտեմբերի 17-ին: