ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Մեկնարկել է «Աջակցություն դատական բարեփոխումներին քրեական արդարադատության ոլորտում» ծրագիրը

26.04.2019

Ապրիլի 25-ին հանդիսավոր միջոցառման ընթացքում տրվեց «Աջակցություն դատական բարեփոխումներին քրեական արդարադատության ոլորտում» ծրագրի մեկնարկը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության (ԵՄ) և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2019-2021 թվականների ծրագրի շրջանակում:

 

Ծրագրի բացման արարողությանը մասնակցում էր Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Ներկա էին Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դէ Լա Ռոսան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը, ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ, հյուրեր: Պրոռեկտորն իր ողջույնի խոսքում կարևորեց ԵԽ-ի հետ ինչպես այս, այնպես էլ համագործակցության շրջանակում արդյունավետորեն իրականացված այլ ծրագրերը, ներկայացրեց արդյունքները:

 

Արդարադատության ակադեմիան «Աջակցություն դատական բարեփոխումներին քրեական արդարադատության ոլորտում» ծրագրի ազգային գործընկերների թվում է: Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է հզորացնել Ակադեմիայի կարողությունները՝ քրեաիրավական մասնագիտացմամբ դատավորների, դատավորների թեկնածուների և դատական ծառայողների վերապատրաստման ուղղությամբ, ինչպես նաև մշակել համապատասխան դասընթացներ և նյութեր, կազմակերպել դասավանդողների համար վերապատրաստումներ: