Մեկնարկեց Ակադեմիայի 2019 թվականի ուսումնական տարին
Փետրվարի 25-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի 2019 թվականի ունկնդիրների՝ դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Ուսումնական գործընթացը մեկնարկեց «ՀՀ սահմանադրական իրավունքի գիտության և սահմանադրական արդարադատության արդի միտումները» դասընթացով: Այս տարի ունկնդիրների թվում են դատավորների թեկնածուների 19 հավակնորդ (12-ը՝ քաղաքացիական, 5-ը՝ քրեական, 2-ը՝ վարչական մասնագիտացումներով) և դատախազի 15 թեկնածու: Ընդ որում՝ դատավորների թեկնածուների հավակնորդների թվում է գիտական աստիճան ունեցող 6 ունկնդիր, որոնք սահմանված կարգով ազատված են ուսումնառության առաջին հատվածում անցկացվող դասերից: Իրավաբան գիտնականների մասնագիտական պատրաստումը կմեկնարկի ապրիլի 15-ին՝ ուսուցման երկրորդ հատվածից սկսած:
Մասնագիտական պատրաստումը, համաձայն համապատասխան ուսուցման ծրագրերի, տևելու է 7 ամիս և 2 շաբաթ՝ մինչև 2019 թ. հոկտեմբերի 11-ը՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1026 ակադեմիական ժամ է:
Ակադեմիա են այցելել ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում ուսումնասիրություններ իրականացնող փորձագետները
Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարության ու համապատասխան գործողությունների ծրագրի մշակմանն աջակցելու նպատակով Եվրոպական Միությունը նախաձեռնել է տեխնիկական աջակցության ծրագիր՝ ոլորտում բարեփոխումների ֆինանսական գնահատում իրականացնելու համար: Փետրվարի 20-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ծրագրի շրջանակում Հայաստանում նախնական ուսումնասիրություններ իրականացնող փորձագիտական խմբի անդամներ Թոմաս Թոմսենը (տնտեսագետ) և Մովսես Հակոբյանը (իրավաբան): Համապարփակ զեկույց պատրաստելու նպատակով այս օրերին փորձագետները հանդիպումներ են անցկացնում հայաստանյան տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Փորձագետներին հանդիպեց պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Պրոռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության՝ մասնավորապես մասնագիտական պատրաստման ու վերապատրաստման առանձնահատկությունները: Փորձագետների խնդրանքով՝ պրոռեկտորը նաև ներկայացրեց միջազգային համագործակցությանն առնչվող մանրամասներ՝ միջազգային կառույցների հետ համատեղ իրականացված և իրականացվող ծրագրերը, մշակված դասընթացները, համատեղ այլ միջոցառումները:
Ռեկտորը հանդիպեց Ակադեմիայի 2019 թ. ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին և դատախազի թեկնածուներին
Փետրվարի 18-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի 2019 թվականի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց: Այս տարի ունկնդիրների թվում են դատավորների թեկնածուների 19 հավակնորդներ (12-ը՝ քաղաքացիական, 5-ը՝ քրեական, 2-ը՝ վարչական մասնագիտացումներով) և դատախազի 15 թեկնածու: Նրանց մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է փետրվարի 25-ին և համաձայն համապատասխան ուսուցման ծրագրերի՝ տևելու է 7 ամիս և 2 շաբաթ՝ մինչև 2019 թ. հոկտեմբերի 11-ը՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
Ռեկտորը ջերմորեն ողջունեց և շնորհավորեց ներկաներին՝ Ակադեմիայի ունկնդիրների շարքերը համալրելու կապակցությամբ: «Կարծում եմ՝ դուք ընտրել եք ձեր սիրած մասնագիտությունը և ցանկություն ունեք զբաղվելու ձեր սիրած գործով՝ այդ կերպ նպաստելով մեր երկրի արդարադատության համակարգի զարգացմանը և կատարելագործմանը»,-դիմելով ունկնդիրներին՝ նշեց ռեկտորը և պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում աջակցել: Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ Ակադեմիայի գլխավոր նպատակը ուսուցման պատշաճ կազմակերպումն է, որի արդյունքում որակյալ կադրեր կունենանք դատաիրավական համակարգում աշխատելու համար:
Ռեկտորն ունկնդիրներին մանրամասն ներկայացրեց Ակադեմիայում ուսումնական գործընթացի առանձնահատկությունները, անդրադարձավ ուսումնառությանը վերաբերող բովանդակային և տեխնիկական հարցերի: Ունկնդիրներին նաև ներկայացվեց Ակադեմիայի պաշտոնական կայքում առանձնացված հատուկ բաժինը, որում առկա է ուսումնական գործընթացին առնչվող ամբողջական տեղեկատվություն:
Ունկնդիրները նաև տեղեկացան, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացվելու, որի ընթացքում ռեկտորի հետ ուսումնառության ընթացքում առաջացած հարցերն ու խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորություն են ստանալու:
Փոփոխություններ և լրացումներ է կատարվում Ակադեմիայում քննությունների կազմակերպման և անցկացման կարգում
Հունվարի 31-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ քննարկվեց Ակադեմիայում քննությունների կազմակերպման և անցկացման կարգը: Ռեկտորի խոսքով՝ Ակադեմիայի լսարաններից մեկը ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է և այսուհետ ծառայելու է որպես քննասենյակ էլեկտրոնային եղանակով քննությունների անցկացման համար:
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել կարգում, որն առաջիկայում ռեկտորը կներկայացնի Ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատմանը: Կարգը սահմանում է Ակադեմիայում դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց, դատական ծառայողների և դատական կարգադրիչների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների գիտելիքների ստուգման եղանակների, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննությունների անցկացման կարգն ու պայմանները, գիտելիքների գնահատման և քննական միավորների հաշվարկման, քննության արդյունքների բողոքարկման հետ կապված հարաբերությունները՝ ապահովելով դրանց օբյեկտիվությունն ու հրապարակայնությունը:
Համագործակցության հեռանկարների քննարկում
Հունվարի 30-ին Արդարադատության ակադեմիա այցելեց Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին նաև ներկայացուցիչներ Թբիլիսիում Նիդեռլանդների դեսպանությունից, Լեյդենի համալսարանից, Հաագայի տեղական կառավարման ակադեմիայից:
Հյուրերին ողջունեց Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և կարևորեց գործընկերների այցը՝ նշելով, որ միջազգային համագործակցությունն Ակադեմիայի գործունեության առաջնահերթություններից է: Պրոռեկտորը ներկայացրեց մասնագիտական պատրաստման և վերապատրաստման, հեռաուսուցման կազմակերպման առանձնահատկությունները և Ակադեմիայի գործունեությանն առնչվող այլ մանրամասներ:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և ներկայացրին իրենց գործունեությունը, առաջարկվող ծրագրերը, համագործակցության հնարավոր ուղղությունները: Նրանց խոսքով՝ իրենք հետևում են Հայաստանում ընթացող փոփոխություններին և մեծ հույսեր են կապում դատաիրավական համակարգում նախանշվող բարեփոխումներրի հետ:
Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Փեփին Գերիթսի խոսքով՝ Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի, Լեյդենի համալսարանի և Հաագայի տեղական կառավարման ակադեմիայի կողմից 2017-2020թթ. իրականացվում է իրավական ուսուցման ծրագիր՝ Նիդեռլանդների արտգործնախարարության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակում կարողությունների զարգացման և ամրապնդման նպատակով քաղծառայողների, նաև դատաիրավական ոլորտի մասնագետների համար անցկացվում են վերապատրաստումներ: 2019 թվականից վերապատրաստումների մասնակից 11 երկրների ցանկում (Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Կոսովո, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Սերբիա, Թուրքիա և Ուկրաինա) ընդգրկված է նաև Հայաստանը: Այդ նպատակով պատվիրակությունը ժամանել է Երևան՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ անցկացնելու, ծրագրին հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին քննարկված հարցերի իրականացման ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել:
Դասընթացավարների վերապատրաստում՝ առարկայական նոր կուրսի շրջանակում
Արդարադատության ակադեմիան՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, մշակել է «Խոշտանգման քրեաիրավական բնութագիրը և քննության առանձնահատկությունները» վերտառությամբ առարկայական դասընթաց և վերջինիս դասավանդման նպատակով համանուն ձեռնարկ։ Դասընթացն ընդգրկվել է Արդարադատության ակադեմիայի 2019 թվականի տարեկան ուսուցման ծրագրերում:
Նոր դասընթացի դասավանդման նպատակով հունվարի 26-ին և 27-ին տեղի ունեցավ դասընթացավարների վերապատրաստում: Մասնակցում էին Արդարադատության ակադեմիայի այն դասընթացավարները, ովքեր դասավանդելու են մշակված նոր դասընթացը, ինչպես նաև Ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակիցները:
Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց ԵՄ-ի «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրին և իրականացնող գործընկերներին (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ և ՅՈւՆԻՍԵՖ), կարևորեց ընտրված թեմայի ուսումնասիրության և դասավանդման անհրաժեշտությունը և ընդգծեց փորձագետների կատարած աշխատանքի արդյունավետությունը:
Ձեռնարկի մշակման աշխատանքներն իրականացրել են Ակադեմիայի դասընթացավարներ Արսեն Նիկողոսյանը, Դավիթ Թումասյանը, Սրբուհի Գալյանը: Ձեռնարկը նախատեսված է Ակադեմիայում վերապատրաստում անցնող դատավորների, դատախազների, քննիչների համար: Այն կարող է օգտակար լինել նաև դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների մասնագիտական պատրաստման համար:
Տեղի ունեցավ Կառավարման խորհրդի 2019թ. առաջին նիստը
Հունվարի 25-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Ակադեմիայի կառավարման խորհրդի 2019 թվականի անդրանիկ նիստը, որը վարում էր Խորհրդի նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Ներկա էին Խորհրդի անդամները, նիստին մասնակցում էր Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Ի թիվս այլ հարցերի՝ նիստի օրակարգում ընդգրկված էր Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվեց միաձայն՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով: «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Կառավարման խորհուրդը: Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից՝ նրա անդամների ձայների մեծամասնությամբ, դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:
Խորհրդի նախագահի ընտրությունից հետո Խորհուրդն անցավ օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Արդարադատության ակադեմիայի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ռեկտորի առաջարկով քննարկվեց և հաստատվեց Ակադեմիայի հաստիքացուցակի և կառուցվածքի փոփոխության մասին հարցը՝ պայմանավորված աշխատողների պաշտոնային դրույքաչափերի փոփոխությամբ: Բացի այդ՝ Խորհուրդը հաստատեց դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման 2019 թվականի ուսուցման ծրագրերը, նաև Ակադեմիայի 2019 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Նիստի ընթացքում Խորհուրդը նաև քննարկեց և ի գիտություն ընդունեց 2017 թվականի գործունեության վերստուգման (աուդիտի) արդյունքները, ինչպես նաև 2018 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:
«2018-ն արդյունավետ էր Ակադեմիայի համար». ռեկտոր Սերգեյ Առաքելյան
Դեկտեմբերի 28-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց տարեվերջյան հանդիպում աշխատակազմի հետ, որի ընթացքում ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ամփոփեց աշխատանքային 2018 թվականը: Ռեկտորը ներկայացրեց անցնող տարում Ակադեմիայի կողմից իրականացված աշխատանքները, արդյունքները ու նաև հաջորդ տարվա անելիքները: 2018-ը չափազանց հագեցած էր ոչ միայն Ակադեմիայի՝ օրենքով սահմանված գործառույթների իրականացման, այլև գործընկերային նոր հարաբերություններ ձևավորելու ու ամրապնդելու ուղղությամբ տարված աշխատանքների առումով: Որպես կարևորագույն ձեռքբերում՝ Սերգեյ Առաքելյանն առանձնացրեց այն հանգամանքը, որ Արդարադատության ակադեմիան հուսալի, արդյունավետ գործընկերոջ համարում ունի, ինչը ոչ միայն հաճելի, այլև պարտավորեցնող է:
Ռեկտորն իր խոսքում կարևորեց Ակադեմիայի հիմնադրման 5-ամյակին նվիրված տոնական միջոցառումների անցկացումը բարձր մակարդակով ու այդ առիթով Հայաստան ժամանած օտարերկրյա մի շարք համանման գործընկեր կառույցների հետ ձեռքբերված նոր պայմանավորվածություններն ու դրանց իրականացման հեռանկարները:
«Կարևորագույն ձեռքբերում եմ համարում Ակադեմիայում համակարգչային լսարանի ստեղծումը, որն ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ»,-նշեց ռեկտորը:
Սերգեյ Առաքելյանն իր խոսքում անդրադարձավ ինչպես ուսումնական գործընթացում իրականացված աշխատանքներին, այնպես էլ շենքի և հարակից տարածքի բարեկարգման հարցերին. այդ առումով ևս տարին հաջողված էր:
Ռեկտորն Ակադեմիայի աշխատակազմին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և նորանոր հաջողություններ, իսկ Ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ, անբասիր, արդյունավետ աշխատանքի և նվիրումի համար, ռեկտորի համապատասխան հրամաններով, արժանացան պատվոգրի և շնորհակալագրերի:
Համագործակցության հեռանկարների քննարկում
Դեկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության ներկայացուցիչների համատեղ պատվիրակությանը: Ռեկտորը ողջունել է պատվիրակության անդամներին՝ ՎԶԵԲ ավագ խորհրդատու Քեթրին Բրիջին, Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության կոմերցիոն իրավունքի խորհրդական Դեյվիդ Թանենբաումին և տարածաշրջանային ծրագրի ղեկավար Մարգարիտա Միլիխին՝ ուրախությամբ արձանագրելով Ակադեմիայի գործունեությամբ միջազգային գործընկերների հետաքրքրվածությունը:
Հյուրերը ցանկություն հայտնեցին համագործակցել, մասնավորապես՝ համատեղ կազմակերպել դասընթացներ, սեմինարներ դատավորների համար՝ սնանկության վերաբերյալ գործերի քննության առանձնահատկությունների և ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի կապակցությամբ:
Ռեկտորը տեղեկացրեց, որ ՀՀ դատավորները, օրենքով սահմանված կարգով, ամենամյա պարտադիր վերապատրաստում են անցնում Արդարադատության ակադեմիայում՝ Կառավարման խորհրդի կողմից հաստատված համապատասխան ուսուցման ծրագրերի համաձայն: Այդ ծրագրերով արդեն իսկ նախատեսված է դասընթացներ անցկացնել սնանկության, ինչպես նաև քաղաքացիական գործեր քննող դատավորների համար, սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում սնանկության դատարանը նոր է ձևավորվել, հատուկ ուշադրություն է դարձվել այդ հարցին: «Վստահաբար համատեղ լրացուցիչ վերապատրաստումները, սեմինարները արդյունավետ կլինեն, որովհետև ոլորտը նոր է, գործունեության դաշտը՝ լայն և այդ առումով մեր գործընկերների փորձը կարող է օգտակար լինել»,-նշեց ռեկտորը: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին, ապա նշյալ թեմայով ևս մինչ օրենսգրքի ուժի մեջ մտնելը մի շարք վերապատրաստումներ են անցկացվել Ակադեմիայի ունկնդիրների համար: «Սակայն կարծում եմ՝ այս ընթացքում բազմաթիվ հարցեր առաջացած կլինեն»,-հավելեց ռեկտորը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին թեմային առնչվող մի շարք հարցեր, նաև պայմանավորվեցին համագործակցել սնանկության գործեր քննող դատավոր-դասընթացավարներ պատրաստելու հարցում: Նախատեսվում է կարիքների գնահատման հիման վրա համատեղ ծրագրեր մշակել և իրականացնել 2019 թվականին:
Ամփոփվեցին «Կանանց դերը արդարադատությունում» համաժողովի արդյունքները
Դեկտեմբերի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցել է «Կանանց դերը արդարադատությունում» 4-օրյա համաժողովի փակմանը: Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հետ համատեղ: Ռեկտորը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ից ժամանած փորձագետներին և ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին՝ արձանագրելով համաժողովի դրական արդյունքը: «Կարծում եմ՝ մեր հասարակությունում կանայք իրավունքների պաշտպանվածության առումով հավասարի մեջ ավելի հավասար են, բայց իհարկե, դեռևս կան խնդիրներ, և նման միջոցառումները նպաստում են դրանց լուծմանը: Հետագայում հնարավոր է ընդլայնել մասնակիցների և նույնիսկ պետությունների շրջանակը՝ անշուշտ ընդգրկելով նաև տղամարդկանց, քանզի նման քննարկումները երկկողմանի օգտակար կարող են լինել»,-նշեց ռեկտորը:
Փորձագետները, որոնք ԱՄՆ արդարադատության ոլորտում լուրջ ձեռքբերումներ և դրական փորձ ունեցող կանայք են, ևս երախտագիտությամբ նշեցին, որ հաճույքով ներկայացրին իրենց փորձառությունը և տպավորված են հայ կանանց ջերմությամբ, իրենց փորձը փոխանցելու պատրաստակամությամբ: Մասնակիցներն իրենց հերթին փաստեցին, որ ակտիվ քննարկումների ձևաչափով անցկացված համաժողովը չափազանց հետաքրքիր և արդյունավետ էր: