ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրի ներկայացուցիչների այցը Ակադեմիա
Մարտի 15-ին Արդարադատության ակադեմիա են այցելել ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի ներկայացուցիչները: Այցի նպատակն էր ծանոթանալ Ակադեմիայի աշխատանքային պայմաններին, տեղեկանալ դատաիրավական ոլորտի ուսումնական գործընթացի առանձնահատկությունների և առկա խնդիրների մասին, ինչպես նաև դրանց լուծման նպատակով համատեղ ծրագրեր իրականացնել:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ջերմորեն ողջունեց հյուրերին և կարևորեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, մասնավորապես՝ ԹՊԻՀ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը: Ռեկտորը ներկայացրեց ուսուցման ծրագրերի շարունակական զարգացմանը, դասընթացների որակի բարձրացմանը, հրավիրյալ փորձագետների ներգրավմամբ պրակտիկ նշանակություն ունեցող նոր դասընթացների մշակմանն և ներդրմանը, Ակադեմիայի աշխատակազմի և դասընթացավարների համապատասխան վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությանն առնչվող մի շարք հարցեր: Ռեկտորը նաև նշեց Ակադեմիայում հեռավար եղանակով անցկացվող դասընթացների, դրանց նորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ու զարգացման հնարավորությունների մասին:
Կողմերը քննարկեցին համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր, ինչպես նաև երկկողմ օգտակար լինելու պատրաստակամություն հայտնեցին: Հյուրերը նաև հնարավորություն ունեցան շրջել Ակադեմիայում, ծանոթանալ պայմաններին, լինել լսարաններում, որոնցից մեկը ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ է նորոգվել, կահավորվել ու տեխնիկապես վերազինվել, նաև՝ գրադարանում, մարզերից վերապատրաստում անցնող ունկնդիրների համար նախատեսված հյուրանոցում: