ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

940

11.10.2018

Ակադեմիայի պատվիրակությունը մասնակցել է Քիշնևում անցկացված տարածաշրջանային կոնֆերանսին

ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հրավերով Մոլդովայում էր Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը՝ հոկտեմբերի 9-ից 10-ը Քիշնևում անցկացվող տարածաշրջանային կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Այն նվիրված էր «Գրացի հանձնարարականները արդարադատության մատչելիության վերաբերյալ և ազգային փոքրամասնությունները» թեմային: Գրացի հանձնարարականները 10-ն են և ընդունվել են 2017 թվականի նոյեմբերին, ավստրիական Գրաց քաղաքում:

 

Կոնֆերանսի մասնակիցների շրջանակը բավական լայն էր, մասնակցում էր 75 ներկայացուցիչ Արևելյան գործընկերության հինգ երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) և Ռումինիայի արդարադատության ակադեմիաներից, ինստիտուտներից, դպրոցներից, Մոլդովայի Հանրապետության դատական համակարգից, Դատախազների բարձրագույն խորհրդից, Գլխավոր դատախազությունից, Իրավաբանների միությունից, ԵԱՀԿ-ից և ԺՀՄԻԳ-ից (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ինչպես նաև Մոլդովայի գիտական շրջանակներից: Երկօրյա կոնֆերանսի նպատակներից էին քննարկել հիմնական հարցերը և փոխանակվել փորձով, նաև դատավորների, դատախազների և իրավական ոլորտի այլ մասնագնետների համար վերոնշյալ թեմայի շուրջ վերապատրաստումների անցկացման համար արդյունավետ լուծումներ գտնել, ազգային փոքրամասնությունների համար արդարադատության մատչելիության բարելավման նպատակով տարածել Գրացի հանձնարարականները, ամրապնդել և ընդլյանել համագործակցությունը տարբեր երկրների արդարադատության ակադեմիաների միջև և այլն:

 

Կոնֆերանսի պաշտոնական բացմանը ելույթով հանդես եկավ և մասնակիցներին ողջունեց Մոլդովայի հանրապետության արդարադատության նախարար Վիկտորյա Իֆտոդին: Նախարարի խոսքով՝ արդարադատության հավասար մատչելիությունն անհրաժեշտություն է հասարակության լիարժեքության համար: Ավելին՝ անխոչընդոտ մատչելիությունն ու հասանելիությունը հրամայական է, ուստի կոնֆերասնի ընթացքում պետք է քննարկել բոլոր հնարավորությունները ոլորտի խնդիրները լուծելու համար:

 

Կոնֆերանսի ընթացքում ծավալուն ելույթով հանդես եկավ ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ մասնակիցներին ներկայացնելով «ՀՀ-ում արդարադատության հասանելիությունը ազգային փոքրամասնությունների համար» զեկույցը: Ռեկտորը ներկայացրեց Հայաստանում ազգային փոքրամասնությունների, պետական և հասարակական սեկտորում նրանց ներկայացվածության, Ակադեմիայի գործունեության, ազգային փոքրամասնությունների կողմից իրավաբանության՝ որպես մասնագիտության նկատմամբ ունեցած հետաքրքրության, Ակադեմիայում վերապատրաստման շրջանակում նշյալ թեմային առնչվող դասընթացների, Գրացի հանձնարարականների կիրառման և այլնի մասին: Ռեկտորի զեկույցը բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում:

 

Կոնֆերանսի աշխատանքները բավական հագեցած էին և արդյունավետ ոչ միայն վերոնշյալ թեմայի վերաբերյալ քննարկումների, այլև նոր գործընկերային հարաբերություններ հաստատելու, համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով պայմանավորվածություններ ձեռք բերելու առումներով:

939

05.10.2018

Վերականգնողական արդարադատությանը նվիրված դասախոսություն դատավորների և դատախազների համար

Հոկտեմբերի 5-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դասընթաց՝ «Վերականգնողական արդարադատությունը քրեական ոլորտում. ԱՄՆ-ում գործող մոդելները» թեմայով: Դասախոսությունը վարում էր Ատլանտայի հանրային պաշտպանի գրասենյակի տնօրենի տեղակալ Լուանա Ուոլշը, ով Հայաստանում է ԱՄՆ պետական դեպարտամենտի և Ամերիկյան Խորհուրդների ֆինանսավորմամբ և աջակցությամբ՝ Professional Fellows Program ծրագրի շրջանակում: Դասընթացին մասնակցում էին այս շաբաթ Ակադեմիայում վերապատրաստում անցնող դատավորները և դատախազները:

 

Ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գոհար Գևորգյանը ողջունեց մասնակիցներին և տեղեկացրեց, որ հրավիրյալ մասնագետների դասախոսությունների ձևաչափով անցկացվող դասընթացները Ակադեմիայի ուսումնական ծրագրի անբաժան մասն է կազմում: Ավելին՝ Գ. Գևորգյանը վստահություն հայտնեց, որ ընտրված թեման հետաքրքիր և օգտակար կլինի ունկնդիրների համար:

938

05.10.2018

Սեմինար դատական ակտի կազմման հմտությունների վերաբերյալ

Հոկտեմբերի 5-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ «Դատական ակտի կազմման հմտություններ՝ ըստ հայցատեսակների» թեմայով: Սեմինարին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի, ՀՀ վերաքննիչ վարչական, ՀՀ վարչական դատարանների դատավորներ: Սեմինարն իրականացվեց Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ՝ GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում:

 

Ակադեմիայի անունից ներկաներին ողջունեց Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գոհար Գևորգյանը, ներկայացրեց փորձագետներին և արդյունավետ աշխատանք մաղթեց:

 

Սեմինարը վարում էին Գերմանիայի վարչական դաշնային դատարանի դատավոր, պալատի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Ռյուդիգեր Ռուբելը և Քոբլենցի վարչական դատարանի փոխնախագահ Կլաուս Մայերը: Փորձագետները շնորհավորեցին Երվանդ Խունդկարյանին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու և Ռուզաննա Հակոբյանին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:

937

03.10.2018

Դասախոսություն՝ Ակադեմիայում, ապա՝ հանդիպում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում

Հոկտեմբերի 3-ին Արդարադատության ակադեմիայում դասախոսությամբ հանդես եկավ Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի ռեկտոր, իրավագիտության դոկտոր, Ուկրաինայի վաստակավոր իրավաբան Միկոլա Օնիշչուկը: Մասնակցում էին Ակադեմիայում այս շաբաթ վերապատրաստում անցնող դատավորները և դատախազները: Թեման՝ «Արդարադատության ոլորտի բարեփոխումները Ուկրաինայում. սահմանադրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները»:

 

Դասախոսությունից առաջ Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը լսարանին ներկայացրեց հյուրին, ով գլխավորում է այս օրերին Երևանում գտնվող Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի պատվիրակությունը: «Հրավիրյալ մասնագետների դասախոսություններ Ակադեմիայում հաճախ են անցկացվում, և մեզ համար չափազանց պատվաբեր է, հատկապես երբ մեր օտարերկրյա գործընկերներն են վարում այդ դասախոսությունները»,-նշեց ռեկտորը՝ ընդգծելով ընտրված թեմայի կարևորությունը՝ հաշվի առնելով այն, որ ուկրաինական փորձը բավական հետաքրքիր է:

 

Մ. Օնիշչուկը լսարանին ներկայացրեց Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի գործունեության հիմնական ուղղությունները՝ ուսումնականից մինչև գիտամեթոդական, իր ղեկավարած դպրոցի տեղն ու դերը արդարադատության համակարգի ձևավորման մեջ, ինչպես նաև Ուկրաինայում գործող շուրջ 6000 դատավորների նշանակմանն ու որակավորման բարձրացմանն առնչվող հարցեր, Արդարադատության բարձրագույն խորհրդի ձևավորման առանձնահատկությունները, լիազորությունների շրջանակը և այլն:

 

Դասախոսությունից հետո Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի պատվիրակության անդամները Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ եղան ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, հանդիպեցին դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանին: Հյուրերը ծանոթացան դատարանի շենքային պայմաններին: Հ. Բեդևյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանում վարչական արդարադատությանը և դատարանի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

 

Մ. Օնիշչուկը խոսեց Ուկրաինայում վարչական արդարադատության առանձնահատկությունների և ոլորտի խնդիրների մասին: Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նաև պայմանավորվեցին համագործակցության հնարավոր ուղիների մասին:

936

02.10.2018

Հաշտարարությանը նվիրված դասախոսություն քաղաքացիական գործեր քննող դատավորների համար

Հոկտեմբերի 2-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դասընթաց՝ հրավիրյալ մասնագետների դասախոսության ձևաչափով: Թեման՝ «Հաշտարարություն (մեդիացիա). դատարաններին կից գործող հաշտարարության առանձնահատկությունները և դատարանների դերը հաշտարարության զարգացման գործընթացում»: Դասընթացին մասնակցում էին քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորները: Էլմեր Գոբլը և Լուանա Ուոլշը Հայաստան են ժամանել ԱՄՆ պետական դեպարտամենտի և Ամերիկյան Խորհուրդների ֆինանսավորմամբ և աջակցությամբ՝ Professional Fellows Program ծրագրի շրջանակում:

 

Արդարադատության ակադեմիայի անունից մասնակիցներին ողջունեց Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գոհար Գևորգյանը: Նրա խոսքով՝ հրավիրյալ մասնագետների դասախոսությունների անցկացումն Ակադեմիայում ուսումնական ծրագրի անբաժան մաս է կազմում և վստահություն հայտնեց, որ վերոնշյալ թեմատիկայով դասընթացը հետաքրքիր և օգտակար կլինի ունկնդիրների համար:

 

Դասախոսությունը վարում էր Էլմեր Գոբլը, ով ԱՄՆ Ջորջիա նահանգում գործող հաշտարար է, «Justice Center of Atlanta» կազմակերպությունում գործող հաշտարար և դասընթացավար:

935

02.10.2018

Սեմինարը վարում էին Գերմանիայից ժամանած փորձագետները

Արդարադատության ակադեմիան Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ հոկտեմբերի 2-ին անցկացրեց սեմինար՝ «Հիմնական իրավունքները վարչական դատավարությունում» թեմայով: Սեմինարն իրականացվեց GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում:

 

Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գոհար Գևորգյանը ողջունեց ներկաներին, արդյունավետ աշխատանք մաղթեց և նշեց, որ այս սեմինարը GIZ-ի հետ հաջող համագործակցության շրջանակում իրականացվող հերթական միջոցառումն է:

 

Սեմինարը վարում էին Գերմանիայի վարչական դաշնային դատարանի դատավոր, պալատի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Ռյուդիգեր Ռուբելը և Քոբլենցի վարչական դատարանի փոխնախագահ Կլաուս Մայերը: Մասնակցում էին դատավորներ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանից, ՀՀ վարչական դատարանից:

934

01.10.2018

Շարունակվում է քննիչների վերապատրաստումը

Շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների 2018 թվականի վերապատրաստումը: Այս շաբաթ Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում անցնող քննիչների խմբում ընդգրկված է 24 քննիչ: Վերապատրաստումն իրականացվում է ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի հիման վրա:

 

Ուսուցման ծրագիրը ուղղված է քննիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը քրեական իրավունքի, քրեական դատավարության, քրեական գործերով ՄԻԵԴ իրավական դիրորոշումների, դատական փորձաքննությունների, մինչդատական կալանքի և քննության հարակից հիմնախնդիրների, ապացույցների թույլատրելիության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքի, քրեական գործերի քննության ընդհանուր մեթոդաբանության, հանցագործությունների առանձին տեսակների քննության առանձնահատկությունների, առանձին քննչական գործողությունների տակտիկայի և մեթոդիկայի և այլ ոլորտներում: Ուսուցման ծրագրի համաձայն՝ քննիչների համար վերապատրաստման ժամաքանակը 30 ակադեմիական ժամ է։

933

01.10.2018

Համագործակցության հուշագիր` Ակադեմիայի և Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի միջև

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Երևանում է Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի պատվիրակությունը՝ ռեկտոր Միկոլա Օնիշչուկի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Գիտահետազոտական աշխատանքի գծով պրոռեկտոր Նատալյա Շուկլինան, Դատավորների հոգեբանական պատրաստվածության գիտամեթոդական ուսուցման բաժնի ղեկավար Հաննա Սավչենկոն, Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Տետիանա Պուստովոյտովան, Թեստոլոգիական կենտրոնի տնօրենի տեղակալ Միխայիլ Ցուրկանը: Այցի օրակարգը բավական հագեցած է, նպատակն է ծանոթանալ Հայաստանի դատական համակարգին, հանդիպել դատական համակարգի ներկայացուցիչներին, ծանոթանալ Արդարադատության ակադեմիայի գործունեությանը, քննարկել համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ուրվագծել համագործակցության հեռանկարները:

 

Այցի շրջանակում հոկտեմբերի 1-ին Ակադեմիայում ռեկտորներ Սերգեյ Առաքելյանը և Միկոլա Օնիշչուկը հանդիսավոր պայմաններում ստորագրեցին համագործակցության հուշագիրը:

 

Սերգեյ Առաքելյանը ջերմորեն ողջունեց հյուրերին. Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի պատվիրակության բոլոր անդամները Հայաստանում են առաջին անգամ: Ռեկտորի խոսքով՝ Ակադեմիան մեծ կարևորություն է տալիս գործընկերների հետ հարաբերություններին, և այդ առումով լիահույս է, որ մոտ ապագայում ականատես կլինենք համագործակցության արդյունքներին:


Միկոլա Օնիշչուկն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սերգեյ Առաքելյանին հրավերի համար, որը մեծ հաճույքով են ընդունել: «Այսօր աշխարհը դինամիկ զարգանում է, և տեղեկատվության փոխանակումը, նոր փորձի ձեռքբերումը և դրա օգտագործումը չափազանց կարևոր է: Կարծում եմ՝ փորձով կիսվելը երկկողմանի օգտակար կլինի»,-նշեց ռեկտորը:

 

Հյուրերը ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո ռեկտոր Ս. Առաքելյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ և հանդիպեցին խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին: Հյուրերը չափազանց հետաքրքրված էին Հայաստանում ոլորտի զարգացումներով: Գագիկ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը, հայաստանյան դատական համակարգի առանձնահատկությունները, դատավորների նշանակման ընթացակարգը: Մ. Օնիշչուկը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ մեծ հետաքրքրությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հուսադրող միտումներ են տեսնում: Կողմերը քննարկեցին երկու երկրների դատաիրավական համակարգերի յուրահատկությունները, դատավորների թեկնածուների պատրաստմանն ու նշանակմանն առնչվող հարցեր:

932

28.09.2018

Դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ՝ Ակադեմիայի շրջանավարտ-քննիչի թեկնածուներին

Սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեում ավարտական դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ ստացան Արդարադատության ակադեմիայի 2018 թվականի ունկնդիր-շրջանավարտները՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 21 անձինք: Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներ, հյուրեր: Ակադեմիայի շրջանավարտները, արդեն որպես նորանշանակ քննիչներ, նաև հանդիսավորությամբ երդվեցին:

 

Դիմելով ներկաներին՝ ռեկտորը նշեց, որ ունկնդիրների համար անցած ուղին բավական դժվար էր: Ռեկտորը հույս հայտնեց, որ այսօրվա շրջանավարտները բարձր են պահելու Ակադեմիայի պատիվը և համոզմունք հայտնեց, որ նրանք ի վիճակի են պատվով իրականացնել իրենց առաքելությունը: «Իմ համոզմամբ՝ հենց քննչական գործունեությունն է այն հիմքը, որի վրա խարսխվում է արդարադատության ողջ համակարգը: Այդ առումով շատ պատասխանատու, բարդ մասնագիտություն եք ընտրել: Վստահ եմ՝ այսօրվա շրջանավարտները նոր շունչ են հաղորդելու քննչական մարմիների գործունեությանը»,-նշեց ռեկտորը:

 

Դիմելով նորանշանակ քննիչներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հորդորեց առաջնորդվել սպայի հոգեբանությամբ, քանի որ քննիչ լինելը ոչ թե կոչում է, այլ հանուն հայրենիքի աշխատանքային ճակատում ինքնազոհաբերություն, ջանք չխնայող մասնագիտություն է, որը պետք է ամենաարդյունավետ, ամենաազնիվ, ամենապարկեշտ ձևով կատարել: «Յուրաքանչյուր քաղաքացի՝ ի դեմս ձեզ տեսնում է պետություն: Ձեզ հետ աշխատելով՝ պետության մասին կարծիք է կազմում, և ծառայելով օրենքին՝ ծառայում ենք ժողովրդին: Առաջին իսկ վայրկյանից յուրաքանչյուր քրեական գործին և փաստաթղթին վերաբերվեք ամենայն պատասխանատվությամբ»,-ասաց Հայկ Գրիգորյանը:

 

Օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն անցկացվել է Արդարադատության ակադեմիայում՝ 2018 թվականի փետրվարի 19-ից սեպտեմբերի 25-ը, ներառյալ 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

931

27.09.2018

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենի դասախոսությունը՝ Ակադեմիայում

Արդարադատության ակադեմիայի հրավերով սեպտեմբերի 27-ին Ակադեմիա այցելեց և դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրին և նշեց, որ հրավիրյալ մասնագետների կողմից դասախոսությունների անցկացումը արդեն ավանդական դարձած ձևաչափ է Ակադեմիայում: Ավելին՝ ռեկտորն առաջարկեց աշխատանքային խումբ ձևավորել, ոլորտը ուսումնասիրել և համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցել: «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը ուսումնական գործընթացում: Այս պահին ինտերակտիվ կուրսեր ենք մշակում դատավորների ու դատախազների համար՝ նաև բջջային հեռախոսներով օգտագործելու հնարավորությամբ: Տեղեկատվական անվտանգության առումով ևս բաց ենք համագործակցության համար»,-նշեց ռեկտորը և հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի հաջողված և շարունակական:

 

Անդրեյ Պյատախինն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար: «Մեր ժամանակներում ճիշտ և մտածված որոշումների ընդունումը հաջողության գրավականն է ինչպես աշխատանքում, այնպես էլ ամենօրյա կյանքում: Beeline-ի նման խոշոր ընկերությունների համար դա զարգացման գլխավոր պայմանն է, և ես ուրախ եմ կիսվել փորձով: Հուսով եմ՝ նոր գիտելիքներն օգտակար կլինեն և կօգնեն գրագետ մոտենալ կարևոր որոշումների կայացմանը»,-նշեց Անդրեյ Պյատախինը:

 

Հեռահաղորդակցության ոլորտում Անդրեյ Պյատախինն իր կարիերան սկսել է 1996 թ.-ին: Առաջին մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է նաև Հարվարդի բիզնես դպրոցը, տնտեսագիտության թեկնածու է: Այսօրվա դասախոսությունը նվիրված էր «Սխալը՝ ռազմավարական որոշումներ ընդունելիս» թեմային: Բանախոսը լսարանին ներկայացրեց, թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնել և ինչպես խուսափել ամենահաճախ կրկնվող սխալներից՝ ճիշտ ռազմավարական որոշում ընդունելու համար:

 

Դասախոսությանը ներկա էին դատավորներ, դատախազներ, Ակադեմիայի աշխատակազմի ներկայացուցիչներ: