Հանդիպում-քննարկում SIGMA-ի ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին SIGMA (Support for Improvement in Governance and Management - Կառավարման և կառավարման բարելավման աջակցություն) փաստահավաք առաքելության ներկայացուցիչներ Ջեսպեր Ջոհանսոնը (ավագ խորհրդական) և Դեյվիդ Սզեսկիլոն (փորձագետ): Այս օրերին SIGMA-ի խումբը Հայաստանում է և փաստահավաք առաքելություն է իրականացնում տարբեր գերատեսչություններում, և խմբի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել այցելել նաև Արդարադատության ակադեմիա:
Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց հյուրերին և իր խոսքում ընդգծեց միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը: «Այդ համատեքստում Հայաստանի կառավարման համակարգում, արդարադատության համակարգում իրականացվող բոլոր փոփոխությունները մեզ համար ևս ունեն բացառիկ կարևորություն: Ծանոթանալով ձեր առաքելությանը՝ մեծապես կարևորում ենք այս հանդիպումը»,-նշեց պրոռեկտորը:
SIGMA-ն հանդիսանում է Եվրամիության և OECD-ի (The Organisation for Economic Co-operation and Development - Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) համատեղ նախաձեռնությունը, որի հիմնական նպատակն է ամրապնդել հանրային կառավարման սկզբունքները և, հետևաբար, նպաստել հասարակական-տնտեսական զարգացմանը` կարողությունների հզորությունների ձևավորման և ամրապնդման միջոցով:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և նշեցին, որ առաքելության շրջանակում հետաքրքրված են Ակադեմիայի գործունեությամբ՝ մասնավորապես վարչական մասնագիտացմամբ դատավորների վերապատրաստմամբ:
Հյուրերի խնդրանքով պրոռեկտորը անդրադարձավ Ակադեմիայի գործունեության առանձնահատկություններին, մանրամասն ներկայացրեց ուսումնական գործընթացը, ուսուցման ծրագրերի և առարկայական կուրսերի մշակման յուրահատկությունները:
Վերապատրաստողների վերապատրաստում դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ
Սեպտեմբերի 22-ից 23-ը Ծաղկաձորում անցկացվեց դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ վերապատրաստողների վերապատրաստում Արդարադատության ակադեմիայի դասընթացավարների համար: Վերապատարաստումն անցկացվեց Ակադեմիայի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համագործակցության շրջանակում՝ Գերմանիայի արդարադատության և սպառողների պաշտպանության դաշնային նախարարության ֆինանսավորմամբ:
Միջոցառմանը ներկա էին Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, IRZ Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերը, հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը, Ակադեմիայի դասընթացավար, մարդու իրավունքների գծով Եվրոպայի Խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը:
Բացման խոսքում Անահիտ Մանասյանը կարևորեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հետ Ակադեմիայի համագործակցությունը և Ակադեմիայի դասընթացավարների համար ինչպես բովանդակային հիմնախնդիրների, այնպես էլ դասավանդման մեթոդաբանությանն առնչվող նմանատիպ վերապատրաստումների կազմակերպումը:
Դասընթացը վարում էր գերմանացի փորձագետ, դատավոր Մարտին Հուսսելսը՝ Թեթնանգի առաջին ատյանի դատարանի նախագահի մշտական ներկայացուցիչ, մամուլի խոսնակ, Կոնստանցի և Լուցեռնի համալսարանների դասախոս:
Սեմինար դատավորների համար՝ ԵԽ երևանյան գրասենյակի հետ համատեղ
Սեպտեմբերի 24-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց երկօրյա սեմինար քրեական մասնագիտացմամբ դատավորների համար՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների որոշակի ասպեկտների վերաբերյալ:
Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և տեղեկացրեց, որ միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի հետ համատեղ և բարձր գնահատեց ԵԽ-ի հետ երկարատև և արդունավետ համագործակցությունը:
ԵԽ ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանն իր հերթին կարևորեց Ակադեմիայի հետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ նախորդների նման այս սեմինարը ևս արդյունավետ կլինի, ապա ներկայացրեց ԵԽ միջազգային փորձագետներ Ջերեմի Մքբրայդին և Ջորջ Թուգուշին՝ որպես ոլորտի լավագույն մասնագետներ:
Սեմինարն անցկացվում է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակում: Ծրագրի այս մասը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ և ԵԽ կողմից «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում:
Խորհրդաժողով՝ Ակադեմիայի և ՖԴԿ-ի համագործակցության շրջանակներում
Սեպտեմբերի 20-ին Ծաղկաձորում անցկացվեց խորհրդաժողով՝ «Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և քրեական հետապնդում իրականացնող մարմինների համագործակցությունը. ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված գույքի բռնագանձմանն առնչվող որոշ դրույթների իմպլեմենտացումը» թեմայով: Մասնակցում էին Արդարադատության ակադեմիայի, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի քաղաքականության մշակմանը մասնակից իրավասու պետական մարմինների ներկայացուցիչներ, դատախազներ, փողերի լվացման և նախորդող հանցագործություններ քննող քննիչներ, հետաքննիչներ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցներ:
Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը՝ նշելով, որ Ակադեմիան և ՖԴԿ համատեղ մի քանի ծրագրեր են իրականացնում, և այս հանդիպում-քննարկումը համագործակցության հերթական դրսևորումներից է:
«Մենք փորձում ենք պրակտիկայում առաջացած առավել խնդրահարույց հարցերին համատեղ քննարկումների արդյունքում որոշակի լուծումներ գտնել, առաջարկություններով հանդես գալ: Ավելին՝ քննարկել ենք նաև տարբերակ, որպեսզի մոտ ապագայում ներգրավվենք նաև մեր արտասահմանյան գործընկերներին: Կարծում եմ՝ նման քննարկումների արդյունավետությունը ոչ պակաս բարձր կլինի»,-նշեց Սերգեյ Առաքելյանը:
Խորհրդաժողովի ընթացքում քննարկվեցին Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և քրեական հետապնդում իրականացնող մարմինների համագործակցությանն առնչվող արդի հարցերը, ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված գույքի բռնագանձմանն առնչվող որոշ ինստիտուտների ներդրման օրենսդրական հնարավորությունները, նպատակահարմարությունը, մեխանիզմները և թեմային առնչվող մի շարք այլ հարցեր:
Ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ արժանացան պատվոգրի և շնորհակալագրերի
Արդարադատության ակադեմիայի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի համապատասխան հրամանով՝ Ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ արժանացել են պատվոգրի և շնորհակալագրերի: Սեպտեմբերի 19-ին ռեկտորը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր նշանակալի դերակատարում են ունեցել 5-ամյակի միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում: Սերգեյ Առաքելյանը գոհունակությամբ նշեց, որ հոբելյանական միջոցառումները անցկացվել են բարձր մակարդակով, ինչը գործընկեր կառույցների գնահատմամբ վկայում է Ակադեմիայի կարևոր դերի ու նշանակության մասին: «Նման գովեստի խոսքեր լսելիս ես հպարտ եմ զգում: Յուրաքանչյուրդ իր լուման ունի այդ միջոցառումների կազմակերպման և իրականացման համար հնչած բարձր գնահատանքի համար»,-նշեց ռեկտորը և Ակադեմիայի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ՝ բարեխիղճ աշխատանքի և նվիրումի համար մի խումբ աշխատակիցների հանձնեց շնորհակալագրեր, ևս մեկին՝ հոբելյանական միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներին ցուցաբերած ակտիվ մասնակցության, բարձր պատասխանատվության և նվիրումի համար՝ պատվոգիր:
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց ողջ կոլեկտիվին և մաղթեց նորանոր ձեռքբերումներ, հաջողություն և երջանկություն:
Արդարադատության ակադեմիան 5 տարեկան է
Սեպտեմբերի 13-ին Արդարադատության ակադեմիան մեծ հանդիսավորությամբ տոնեց հիմնադրման 5-ամյակը: Այդ առիթով Ակադեմիայում տեղի ունեցավ տոնական հանդիսություն, որին ներկա էին ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ, Ակադեմիայի հայաստանյան, արցախյան, միջազգային գործընկերներ, օտարերկրյա գործընկեր կառույցների պատվիրակություններ, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ, դասընթացավարներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, հյուրեր:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց հոբելյանի առթիվ: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի 5-ամյա գործունեության արդյունքները, խնդիրները, զարգացման հեռանկարները:
Ներկաներին ողջունեց և հոբելյանի առիթով շնորհավորեց Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանը և նշեց, որ Ակադեմիան 5 տարիների ընթացքում կարողացավ իր տեղն ու դերը ցույց տալ իրավաբանական հանրությունում, ինչը հնարավոր դարձավ եռանդուն և տքնաջան աշխատանքի շնորհիվ: Ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հրամանը՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանին ՀՀ հատուկ քննչական ծառայության «Համագործակցության համար» մեդալով պարգևատրելու մասին:
Միջոցառման ընթացքում Ակադեմիայի կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի ու մասնագիտական գործունեության ընթացքում ունեցած արժանի ձեռքբերումների համար, ռեկտորի համապատասխան հրամաններով, Արդարադատության ակադեմիայի հուշամեդալով պարգևատրվեցին Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Կառավարման խորհրդի անդամներ Համլետ Ասատրյանը, Հովսեփ Բեդևյանը, Արմեն Հարությունյանը, Գևորգ Բաղդասարյանը, Րաֆֆի Ասլանյանը, Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նաև Կառավարման խորհրդի առաջին նախագահ Վազգեն Ռշտունին, Ակադեմիայի առաջին ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:
Ակադեմիայի կայացման և զարգացման գործում առանձնակի նվիրման, գործունեության ընթացքում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Ակադեմիայի հուշամեդալով նաև պարգևատրվեցին Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Շահինյանը, հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը, գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գոհար Գևորգյանը, դատական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Էմիլ Արիստակեսյանը, դատախազության և քննչական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Հասմիկ Ավետիսյանը, անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժնի ղեկավար Նառա Հովհաննիսյանը, համակարգչային մասնագետ Վահան Աթոյանը, տեխնիկատնտեսական բաժնի ղեկավար-տնտեսվար Ալեքսանդր Փիլոսյանը, համագործակցության և հանրային կապերի բաժնի ղեկավար Աննա Մկրտիչյանը:
Հոբելյանական միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել և ելույթներով հանդես եկան նաև oտարերկրյա գործընկեր կառույցների ներկայացուցիչները՝ Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտի տնօրեն Դիանա Սկոբիոալեն, Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի ռեկտոր Միխայիլ Լոշիցկին, Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի գիտական հարցերով պրոռեկտոր Վիկտոր Կորնևը և Ռոստովի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Գավրիցկիին, ՌԴ դատախազության համալսարանի պրոռեկտոր Վիկտոր Կազակովը, Ղազախստանի գերագույն դատարանին կից արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Նազիլիա Ռազզակը, Ղազախստանի գլխավոր դատախազությանն առընթեր իրավապահ մարմինների ակադեմիայի պրոռեկտոր Ռոզա Դոսմբեկովան, Բելառուսի պետական համալսարանի դատավորների, դատախազության, դատարանների և արդարադատության հաստատությունների աշխատակիցների վերապատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտի տնօրեն Վալերի Գոդունովը, նաև Ուզբեկստանի գլխավոր դատախազության ակադեմիայի ղեկավար Եվգենի Կոլենկոն: Օտարերկրյա գործընկերները ջերմորեց շնորհավորեցին Ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին հոբելյանի առթիվ և հետագայում ևս ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:
Համագործակցության համաձայնագիր՝ Արդարադատության ակադեմիայի և Բելառուսի համանման կառույցի միջև
Սեպտեմբերի 13-ին՝ Ակադեմիայի հիմնադրման 5-րդ տարեդարձի օրը, Ակադեմիայում տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի և Բելառուսի պետական համալսարանի դատավորների, դատախազության, դատարանների և արդարադատության հաստատությունների աշխատակիցների վերապատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Փաստաթուղթը ստորագրեցին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Ինստիտուտի տնօրեն Վալերի Գոդունովը:
Միջոցառմանը ներկա էին Ակադեմիայի օտարերկրա գործընկեր կառույցների ներկայացուցիչները, աշխատակազմը, հյուրեր:
Ողջունելով Բելառուսից ժամանած գործընկերներին՝ տնօրեն Վալերի Գոդունովին և Գիտամեթոդական աշխատանքի հարցերով փոխտնօրեն Սնեժանա Լեշենկոյին, ռեկտորը նշեց, որ ավելանում է Ակադեմիայի գործընկերների թիվը: «Մեր համագործակցությունը տարբեր օտարերկրյա գործընկերների հետ տալիս է իր դրական պտուղները շատ արագ տեմպերով, վստահ եմ, որ նման ձեռքբերումներ մոտ ապագայում ունենալու ենք նաև Բելառուսի հետ»,-նշեց Ս. Առաքելյանը: Ավելին՝ ռեկտորն ուրախությամբ փաստեց, որ Ակադեմիայի հիմնադրման 5-ամյա հոբելյանին նվիրված հանդիսությանը մասնակցելու նպատակով Ակադեմիայի օտարերկրյա բոլոր գործընկերները այսօր մեկ հարկի տակ են և իրար ծանոթանալու հնարավորություն ունեն՝ հանուն ընդհանուր ծրագրերի իրականացման:
Վալերի Գոդունովն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սերգեյ Առաքելյանին երկու կառույցների միջև համագործակցությունը իրավական հիմքերի վրա դնելու նախաձեռնության համար: Ներկաներին հիշեցրեց, որ Հայաստանն ու Բելառուսը եղբայրական երկրներ են, ակտիվորեն համագործակցում են տարբեր ուղղություններով, նաև վստահություն հայտնեց, որ երկու կառույցների համագործակցությունն այդ առումով կարևոր ներդրում կլինի:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը վկայականներ է հանձնել Ակադեմիայի դասընթացավարներին
Սեպտեմբերի 11-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում վկայականներ հանձնվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի շրջանակում Ակադեմիայում դասավանդելու համար մշակված առարկայական նոր կուրսերի դասընթացավարներին, որոնք հաջողությամբ ավարտել են վերապատրաստումները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Մայքլ Շուլմանը, «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, դատավորներ, դատախազներ, քննիչներ, դասընթացավարներ, ունկնդիրներ, Ակադեմիայի աշխատակազմը, հյուրեր:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց նշանակալի այս միջոցառմանը մասնակցելու համար, նաև հատուկ կարևորեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունը, ներկայացրեց վերոնշյալ ծրագրի շրջանակում փորձագետների հետ համատեղ իրականացված աշխատանքները: «Նախատեսվում է հաջորդ տարի այս դասընթացները ներդնել Ակադեմիայի ուսումնական գործընթացում, որոնք շատ կարևոր են իրավակիրառ պրակտիկայի հայմար: Բացի այդ՝ դեսպանության հետ համագործակցության արդյունքում իրականացման փուլում է ևս մեկ կարևոր ծրագիր՝ քննասենյակի՝ համակարգչային լաբորատորիայի ձևավորումը, որը կսկսի գործել մոտ ապագայում»,-նշեց ռեկտորը:
Դեսպան Ռիչարդ Միլսն իր խոսքում կարևորեց կատարված աշխատանքը և ուրախությամբ փաստեց, որ դասընթացավարները պատրաստ են իրենց գիտելիքները փոխանցել: Դեսպանը շեշտեց, որ իրավունքի գերակայության ապահովումը, դատական անկախությունը, կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես գտնվել են դեսպանության ուշադրության կենտրոնում և կարևորեց այս ծրագրի իրականացումը, նաև շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի ղեկավարությանը՝ համատեղ աշխատանքի համար:
ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Մայքլ Շուլմանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց, որ հետագայում ևս գործակցությունն առավել թիրախային կլինի՝ ապահովելով շոշափելի արդյունքներ:
Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի շրջանակում Ակադեմիայում դասավանդելու համար մշակվել են առարկայական նոր դասընթացներ հետևյալ թեմաներով՝ «Կոռուպցիոն դեպքերի քննությունը», «Պաշտոնական կոռուպցիայի դեպքերի քննությունը», «Ներքին ուսումնասիրություններ (քննություն)», «Կալանք և այլընտրանքային խափանման միջոցներ», «Գենդերի հիման վրա կատարվող բռնարարքների քննությունը», «Անչափահաս կամ փոքրամասնության խմբին պատկանող իրավախախտների իրավունքների պաշտպանությունը», «Ֆինանսական հանցագործություններ և եկամուտների հայտարարագրման խախտումներ՝ կապված կոռուպցիայի հետ», «Անդրազգային հանցավորության և մտավոր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննությունը և դրանց դեմ պայքարը», «Դատական իշխանության անկախություն և թափանցիկություն»:
Առցանց նոր դասընթացի մեկնարկային հանդիպումը Ակադեմիայում
Սեպտեմբերի 11-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Բռնություն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնություն» թեմայով Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) HELP ծրագրի (Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար) դասընթացի մեկնարկային հանդիպումը: Ներկա էին Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն, ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմից, ինչպես նաև վերոնշյալ դասընթացի մասնակիցները՝ դատավորներ, դատախազներ, քննիչներ, ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրներ, ուսանողներ:
Ողջունելով ներկաներին՝ պրոռեկտոր Անահիտ Մանասյանը շնորհակալություն հայտնեց ԵԽ երևանյան գրասենյակին ծրագրի և վերոնշյալ թեմայով դասընթացի համատեղ մշակման և իրականացման համար: Պրոռեկտորը նաև կարևորեց այն հանգամանքը, որ հեռաուսուցման այս դասընթացը մասնակիցների ընդգրկման լայն շրջանակ ունի, ինչը չափազանց կարևոր է այն հաջողությամբ իրացնելու տեսանկյունից: Նրա խոսքով՝ այս պահին ԵԽ փորձագետների հետ միասին մշակվում է նույն թեմայով դասընթաց, որը կներառվի Ակադեմիայի տարեկան ծրագրի շրջանակում առկա ուսուցման եղանակով դասավանդելու համար:
Առցանց դասընթացի մեկնարկային միջոցառման մասնակիցներին ԵԽ անունից ողջունեց Լորետա Վիոյուն և գոհունակությամբ փաստեց մասնակիցների՝ դասընթացի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության մասին: Լ. Վիոյուի խոսքով՝ թեման չափազանց կարևոր է ԵԽ անդամ բոլոր երկրների համար՝ չնայած վերջին երկու տարիներին կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության առումով Հայաստանում էականորեն փոխվել է իրավիճակը: «Ակադեմիան ԵԽ-ի համար Հայաստանում հիմնական գործընկերներից է, մենք միասին մի շարք դասընթացներ ենք իրականացրել և կշարունակենք մեր համատեղ աշխատանքը»,-նշեց Լ. Վիոյուն:
Հանդիպման ընթացքում դասընթացի մասնակիցներին ներկայացվեց HELP ծրագիրը, առցանց հարթակում գրանցվելու կարգը, ինտերակտիվ դասընթացի յուրահատկությունները և այլն: HELP ծրագիրը 26 հազարից ավելի օգտվող ունի, մասնակիցների թվով ամենաակտիվը Ֆրանսիան է: Այդ առումով Հայաստանը դեռևս առաջատար չէ, բայց տարեցտարի փոխվում է ակտիվության ցուցանիշը:
Մեկնարկել են դատավորների և դատախազների վերապատրաստումները
Սեպտեմբերի 10-ից Արդարադատության ակադեմիայում վերսկսվել են դատավորների և դատախազների վերապատրաստման դասընթացները: Դատախազների խմբում ընդգրկված է 16 ունկնդիր, իսկ դատավորների և Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունն ավարտած ու դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց խմբում՝ քրեական մասնագիտացմամբ 32 ունկնդիր, այդ թվում՝ 3-ը Արցախի Հանրապետությունից:
Վերապատրաստումը, որը տևում է մեկ շաբաթ, իրականացվում է հատուկ մասնագիտական դասընթացների մոդուլների հիման վրա՝ 40 ակադեմիական ժամ: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր դատավորի և դատախազի համար 80 ակադեմիական ժամ է, անցկացվում է երկու փուլով՝ ապրիլ-մայիսին՝ ընդհանուր մասնագիտական և սեպտեմբեր-դեկտեմբերին՝ հատուկ մասնագիտական առարկաներով: Սեպտեմբեր-դեկտեմբերին անցկացվում են նաև հեռավար ուսուցման դասընթացները:
Վերապատրաստումներն իրականացվում են տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրերի համաձայն՝ ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման և կատարելագործման ապահովման նպատակով: