Սեմինարը վարում էին Գերմանիայից ժամանած փորձագետները
Արդարադատության ակադեմիան Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ հոկտեմբերի 2-ին անցկացրեց սեմինար՝ «Հիմնական իրավունքները վարչական դատավարությունում» թեմայով: Սեմինարն իրականացվեց GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում:
Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գոհար Գևորգյանը ողջունեց ներկաներին, արդյունավետ աշխատանք մաղթեց և նշեց, որ այս սեմինարը GIZ-ի հետ հաջող համագործակցության շրջանակում իրականացվող հերթական միջոցառումն է:
Սեմինարը վարում էին Գերմանիայի վարչական դաշնային դատարանի դատավոր, պալատի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Ռյուդիգեր Ռուբելը և Քոբլենցի վարչական դատարանի փոխնախագահ Կլաուս Մայերը: Մասնակցում էին դատավորներ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանից, ՀՀ վարչական դատարանից:
Շարունակվում է քննիչների վերապատրաստումը
Շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների 2018 թվականի վերապատրաստումը: Այս շաբաթ Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում անցնող քննիչների խմբում ընդգրկված է 24 քննիչ: Վերապատրաստումն իրականացվում է ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի հիման վրա:
Ուսուցման ծրագիրը ուղղված է քննիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը քրեական իրավունքի, քրեական դատավարության, քրեական գործերով ՄԻԵԴ իրավական դիրորոշումների, դատական փորձաքննությունների, մինչդատական կալանքի և քննության հարակից հիմնախնդիրների, ապացույցների թույլատրելիության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքի, քրեական գործերի քննության ընդհանուր մեթոդաբանության, հանցագործությունների առանձին տեսակների քննության առանձնահատկությունների, առանձին քննչական գործողությունների տակտիկայի և մեթոդիկայի և այլ ոլորտներում: Ուսուցման ծրագրի համաձայն՝ քննիչների համար վերապատրաստման ժամաքանակը 30 ակադեմիական ժամ է։
Համագործակցության հուշագիր` Ակադեմիայի և Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի միջև
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Երևանում է Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի պատվիրակությունը՝ ռեկտոր Միկոլա Օնիշչուկի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Գիտահետազոտական աշխատանքի գծով պրոռեկտոր Նատալյա Շուկլինան, Դատավորների հոգեբանական պատրաստվածության գիտամեթոդական ուսուցման բաժնի ղեկավար Հաննա Սավչենկոն, Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Տետիանա Պուստովոյտովան, Թեստոլոգիական կենտրոնի տնօրենի տեղակալ Միխայիլ Ցուրկանը: Այցի օրակարգը բավական հագեցած է, նպատակն է ծանոթանալ Հայաստանի դատական համակարգին, հանդիպել դատական համակարգի ներկայացուցիչներին, ծանոթանալ Արդարադատության ակադեմիայի գործունեությանը, քննարկել համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ուրվագծել համագործակցության հեռանկարները:
Այցի շրջանակում հոկտեմբերի 1-ին Ակադեմիայում ռեկտորներ Սերգեյ Առաքելյանը և Միկոլա Օնիշչուկը հանդիսավոր պայմաններում ստորագրեցին համագործակցության հուշագիրը:
Սերգեյ Առաքելյանը ջերմորեն ողջունեց հյուրերին. Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի պատվիրակության բոլոր անդամները Հայաստանում են առաջին անգամ: Ռեկտորի խոսքով՝ Ակադեմիան մեծ կարևորություն է տալիս գործընկերների հետ հարաբերություններին, և այդ առումով լիահույս է, որ մոտ ապագայում ականատես կլինենք համագործակցության արդյունքներին:
Միկոլա Օնիշչուկն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սերգեյ Առաքելյանին հրավերի համար, որը մեծ հաճույքով են ընդունել: «Այսօր աշխարհը դինամիկ զարգանում է, և տեղեկատվության փոխանակումը, նոր փորձի ձեռքբերումը և դրա օգտագործումը չափազանց կարևոր է: Կարծում եմ՝ փորձով կիսվելը երկկողմանի օգտակար կլինի»,-նշեց ռեկտորը:
Հյուրերը ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո ռեկտոր Ս. Առաքելյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ և հանդիպեցին խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին: Հյուրերը չափազանց հետաքրքրված էին Հայաստանում ոլորտի զարգացումներով: Գագիկ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը, հայաստանյան դատական համակարգի առանձնահատկությունները, դատավորների նշանակման ընթացակարգը: Մ. Օնիշչուկը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ մեծ հետաքրքրությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հուսադրող միտումներ են տեսնում: Կողմերը քննարկեցին երկու երկրների դատաիրավական համակարգերի յուրահատկությունները, դատավորների թեկնածուների պատրաստմանն ու նշանակմանն առնչվող հարցեր:
Դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ՝ Ակադեմիայի շրջանավարտ-քննիչի թեկնածուներին
Սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեում ավարտական դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ ստացան Արդարադատության ակադեմիայի 2018 թվականի ունկնդիր-շրջանավարտները՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 21 անձինք: Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներ, հյուրեր: Ակադեմիայի շրջանավարտները, արդեն որպես նորանշանակ քննիչներ, նաև հանդիսավորությամբ երդվեցին:
Դիմելով ներկաներին՝ ռեկտորը նշեց, որ ունկնդիրների համար անցած ուղին բավական դժվար էր: Ռեկտորը հույս հայտնեց, որ այսօրվա շրջանավարտները բարձր են պահելու Ակադեմիայի պատիվը և համոզմունք հայտնեց, որ նրանք ի վիճակի են պատվով իրականացնել իրենց առաքելությունը: «Իմ համոզմամբ՝ հենց քննչական գործունեությունն է այն հիմքը, որի վրա խարսխվում է արդարադատության ողջ համակարգը: Այդ առումով շատ պատասխանատու, բարդ մասնագիտություն եք ընտրել: Վստահ եմ՝ այսօրվա շրջանավարտները նոր շունչ են հաղորդելու քննչական մարմիների գործունեությանը»,-նշեց ռեկտորը:
Դիմելով նորանշանակ քննիչներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հորդորեց առաջնորդվել սպայի հոգեբանությամբ, քանի որ քննիչ լինելը ոչ թե կոչում է, այլ հանուն հայրենիքի աշխատանքային ճակատում ինքնազոհաբերություն, ջանք չխնայող մասնագիտություն է, որը պետք է ամենաարդյունավետ, ամենաազնիվ, ամենապարկեշտ ձևով կատարել: «Յուրաքանչյուր քաղաքացի՝ ի դեմս ձեզ տեսնում է պետություն: Ձեզ հետ աշխատելով՝ պետության մասին կարծիք է կազմում, և ծառայելով օրենքին՝ ծառայում ենք ժողովրդին: Առաջին իսկ վայրկյանից յուրաքանչյուր քրեական գործին և փաստաթղթին վերաբերվեք ամենայն պատասխանատվությամբ»,-ասաց Հայկ Գրիգորյանը:
Օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն անցկացվել է Արդարադատության ակադեմիայում՝ 2018 թվականի փետրվարի 19-ից սեպտեմբերի 25-ը, ներառյալ 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենի դասախոսությունը՝ Ակադեմիայում
Արդարադատության ակադեմիայի հրավերով սեպտեմբերի 27-ին Ակադեմիա այցելեց և դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրին և նշեց, որ հրավիրյալ մասնագետների կողմից դասախոսությունների անցկացումը արդեն ավանդական դարձած ձևաչափ է Ակադեմիայում: Ավելին՝ ռեկտորն առաջարկեց աշխատանքային խումբ ձևավորել, ոլորտը ուսումնասիրել և համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցել: «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը ուսումնական գործընթացում: Այս պահին ինտերակտիվ կուրսեր ենք մշակում դատավորների ու դատախազների համար՝ նաև բջջային հեռախոսներով օգտագործելու հնարավորությամբ: Տեղեկատվական անվտանգության առումով ևս բաց ենք համագործակցության համար»,-նշեց ռեկտորը և հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի հաջողված և շարունակական:
Անդրեյ Պյատախինն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար: «Մեր ժամանակներում ճիշտ և մտածված որոշումների ընդունումը հաջողության գրավականն է ինչպես աշխատանքում, այնպես էլ ամենօրյա կյանքում: Beeline-ի նման խոշոր ընկերությունների համար դա զարգացման գլխավոր պայմանն է, և ես ուրախ եմ կիսվել փորձով: Հուսով եմ՝ նոր գիտելիքներն օգտակար կլինեն և կօգնեն գրագետ մոտենալ կարևոր որոշումների կայացմանը»,-նշեց Անդրեյ Պյատախինը:
Հեռահաղորդակցության ոլորտում Անդրեյ Պյատախինն իր կարիերան սկսել է 1996 թ.-ին: Առաջին մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է նաև Հարվարդի բիզնես դպրոցը, տնտեսագիտության թեկնածու է: Այսօրվա դասախոսությունը նվիրված էր «Սխալը՝ ռազմավարական որոշումներ ընդունելիս» թեմային: Բանախոսը լսարանին ներկայացրեց, թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնել և ինչպես խուսափել ամենահաճախ կրկնվող սխալներից՝ ճիշտ ռազմավարական որոշում ընդունելու համար:
Դասախոսությանը ներկա էին դատավորներ, դատախազներ, Ակադեմիայի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Հանդիպում-քննարկում SIGMA-ի ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին SIGMA (Support for Improvement in Governance and Management - Կառավարման և կառավարման բարելավման աջակցություն) փաստահավաք առաքելության ներկայացուցիչներ Ջեսպեր Ջոհանսոնը (ավագ խորհրդական) և Դեյվիդ Սզեսկիլոն (փորձագետ): Այս օրերին SIGMA-ի խումբը Հայաստանում է և փաստահավաք առաքելություն է իրականացնում տարբեր գերատեսչություններում, և խմբի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել այցելել նաև Արդարադատության ակադեմիա:
Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց հյուրերին և իր խոսքում ընդգծեց միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը: «Այդ համատեքստում Հայաստանի կառավարման համակարգում, արդարադատության համակարգում իրականացվող բոլոր փոփոխությունները մեզ համար ևս ունեն բացառիկ կարևորություն: Ծանոթանալով ձեր առաքելությանը՝ մեծապես կարևորում ենք այս հանդիպումը»,-նշեց պրոռեկտորը:
SIGMA-ն հանդիսանում է Եվրամիության և OECD-ի (The Organisation for Economic Co-operation and Development - Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) համատեղ նախաձեռնությունը, որի հիմնական նպատակն է ամրապնդել հանրային կառավարման սկզբունքները և, հետևաբար, նպաստել հասարակական-տնտեսական զարգացմանը` կարողությունների հզորությունների ձևավորման և ամրապնդման միջոցով:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և նշեցին, որ առաքելության շրջանակում հետաքրքրված են Ակադեմիայի գործունեությամբ՝ մասնավորապես վարչական մասնագիտացմամբ դատավորների վերապատրաստմամբ:
Հյուրերի խնդրանքով պրոռեկտորը անդրադարձավ Ակադեմիայի գործունեության առանձնահատկություններին, մանրամասն ներկայացրեց ուսումնական գործընթացը, ուսուցման ծրագրերի և առարկայական կուրսերի մշակման յուրահատկությունները:
Վերապատրաստողների վերապատրաստում դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ
Սեպտեմբերի 22-ից 23-ը Ծաղկաձորում անցկացվեց դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ վերապատրաստողների վերապատրաստում Արդարադատության ակադեմիայի դասընթացավարների համար: Վերապատարաստումն անցկացվեց Ակադեմիայի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համագործակցության շրջանակում՝ Գերմանիայի արդարադատության և սպառողների պաշտպանության դաշնային նախարարության ֆինանսավորմամբ:
Միջոցառմանը ներկա էին Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, IRZ Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերը, հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը, Ակադեմիայի դասընթացավար, մարդու իրավունքների գծով Եվրոպայի Խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը:
Բացման խոսքում Անահիտ Մանասյանը կարևորեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հետ Ակադեմիայի համագործակցությունը և Ակադեմիայի դասընթացավարների համար ինչպես բովանդակային հիմնախնդիրների, այնպես էլ դասավանդման մեթոդաբանությանն առնչվող նմանատիպ վերապատրաստումների կազմակերպումը:
Դասընթացը վարում էր գերմանացի փորձագետ, դատավոր Մարտին Հուսսելսը՝ Թեթնանգի առաջին ատյանի դատարանի նախագահի մշտական ներկայացուցիչ, մամուլի խոսնակ, Կոնստանցի և Լուցեռնի համալսարանների դասախոս:
Սեմինար դատավորների համար՝ ԵԽ երևանյան գրասենյակի հետ համատեղ
Սեպտեմբերի 24-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց երկօրյա սեմինար քրեական մասնագիտացմամբ դատավորների համար՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների որոշակի ասպեկտների վերաբերյալ:
Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և տեղեկացրեց, որ միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի հետ համատեղ և բարձր գնահատեց ԵԽ-ի հետ երկարատև և արդունավետ համագործակցությունը:
ԵԽ ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանն իր հերթին կարևորեց Ակադեմիայի հետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ նախորդների նման այս սեմինարը ևս արդյունավետ կլինի, ապա ներկայացրեց ԵԽ միջազգային փորձագետներ Ջերեմի Մքբրայդին և Ջորջ Թուգուշին՝ որպես ոլորտի լավագույն մասնագետներ:
Սեմինարն անցկացվում է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակում: Ծրագրի այս մասը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ և ԵԽ կողմից «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում:
Խորհրդաժողով՝ Ակադեմիայի և ՖԴԿ-ի համագործակցության շրջանակներում
Սեպտեմբերի 20-ին Ծաղկաձորում անցկացվեց խորհրդաժողով՝ «Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և քրեական հետապնդում իրականացնող մարմինների համագործակցությունը. ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված գույքի բռնագանձմանն առնչվող որոշ դրույթների իմպլեմենտացումը» թեմայով: Մասնակցում էին Արդարադատության ակադեմիայի, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի քաղաքականության մշակմանը մասնակից իրավասու պետական մարմինների ներկայացուցիչներ, դատախազներ, փողերի լվացման և նախորդող հանցագործություններ քննող քննիչներ, հետաքննիչներ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցներ:
Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը՝ նշելով, որ Ակադեմիան և ՖԴԿ համատեղ մի քանի ծրագրեր են իրականացնում, և այս հանդիպում-քննարկումը համագործակցության հերթական դրսևորումներից է:
«Մենք փորձում ենք պրակտիկայում առաջացած առավել խնդրահարույց հարցերին համատեղ քննարկումների արդյունքում որոշակի լուծումներ գտնել, առաջարկություններով հանդես գալ: Ավելին՝ քննարկել ենք նաև տարբերակ, որպեսզի մոտ ապագայում ներգրավվենք նաև մեր արտասահմանյան գործընկերներին: Կարծում եմ՝ նման քննարկումների արդյունավետությունը ոչ պակաս բարձր կլինի»,-նշեց Սերգեյ Առաքելյանը:
Խորհրդաժողովի ընթացքում քննարկվեցին Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և քրեական հետապնդում իրականացնող մարմինների համագործակցությանն առնչվող արդի հարցերը, ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված գույքի բռնագանձմանն առնչվող որոշ ինստիտուտների ներդրման օրենսդրական հնարավորությունները, նպատակահարմարությունը, մեխանիզմները և թեմային առնչվող մի շարք այլ հարցեր:
Ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ արժանացան պատվոգրի և շնորհակալագրերի
Արդարադատության ակադեմիայի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի համապատասխան հրամանով՝ Ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ արժանացել են պատվոգրի և շնորհակալագրերի: Սեպտեմբերի 19-ին ռեկտորը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր նշանակալի դերակատարում են ունեցել 5-ամյակի միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում: Սերգեյ Առաքելյանը գոհունակությամբ նշեց, որ հոբելյանական միջոցառումները անցկացվել են բարձր մակարդակով, ինչը գործընկեր կառույցների գնահատմամբ վկայում է Ակադեմիայի կարևոր դերի ու նշանակության մասին: «Նման գովեստի խոսքեր լսելիս ես հպարտ եմ զգում: Յուրաքանչյուրդ իր լուման ունի այդ միջոցառումների կազմակերպման և իրականացման համար հնչած բարձր գնահատանքի համար»,-նշեց ռեկտորը և Ակադեմիայի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ՝ բարեխիղճ աշխատանքի և նվիրումի համար մի խումբ աշխատակիցների հանձնեց շնորհակալագրեր, ևս մեկին՝ հոբելյանական միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներին ցուցաբերած ակտիվ մասնակցության, բարձր պատասխանատվության և նվիրումի համար՝ պատվոգիր:
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց ողջ կոլեկտիվին և մաղթեց նորանոր ձեռքբերումներ, հաջողություն և երջանկություն: