ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

925

13.09.2018

Արդարադատության ակադեմիան 5 տարեկան է

Սեպտեմբերի 13-ին Արդարադատության ակադեմիան մեծ հանդիսավորությամբ տոնեց հիմնադրման 5-ամյակը: Այդ առիթով Ակադեմիայում տեղի ունեցավ տոնական հանդիսություն, որին ներկա էին ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ, Ակադեմիայի հայաստանյան, արցախյան, միջազգային գործընկերներ, օտարերկրյա գործընկեր կառույցների պատվիրակություններ, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ, դասընթացավարներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, հյուրեր:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց հոբելյանի առթիվ: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի 5-ամյա գործունեության արդյունքները, խնդիրները, զարգացման հեռանկարները:

 

Ներկաներին ողջունեց և հոբելյանի առիթով շնորհավորեց Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանը և նշեց, որ Ակադեմիան 5 տարիների ընթացքում կարողացավ իր տեղն ու դերը ցույց տալ իրավաբանական հանրությունում, ինչը հնարավոր դարձավ եռանդուն և տքնաջան աշխատանքի շնորհիվ: Ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հրամանը՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանին ՀՀ հատուկ քննչական ծառայության «Համագործակցության համար» մեդալով պարգևատրելու մասին:

 

Միջոցառման ընթացքում Ակադեմիայի կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի ու մասնագիտական գործունեության ընթացքում ունեցած արժանի ձեռքբերումների համար, ռեկտորի համապատասխան հրամաններով, Արդարադատության ակադեմիայի հուշամեդալով պարգևատրվեցին Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Կառավարման խորհրդի անդամներ Համլետ Ասատրյանը, Հովսեփ Բեդևյանը, Արմեն Հարությունյանը, Գևորգ Բաղդասարյանը, Րաֆֆի Ասլանյանը, Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նաև Կառավարման խորհրդի առաջին նախագահ Վազգեն Ռշտունին, Ակադեմիայի առաջին ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:

 

Ակադեմիայի կայացման և զարգացման գործում առանձնակի նվիրման, գործունեության ընթացքում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Ակադեմիայի հուշամեդալով նաև պարգևատրվեցին Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Շահինյանը, հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը, գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գոհար Գևորգյանը, դատական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Էմիլ Արիստակեսյանը, դատախազության և քննչական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Հասմիկ Ավետիսյանը, անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժնի ղեկավար Նառա Հովհաննիսյանը, համակարգչային մասնագետ Վահան Աթոյանը, տեխնիկատնտեսական բաժնի ղեկավար-տնտեսվար Ալեքսանդր Փիլոսյանը, համագործակցության և հանրային կապերի բաժնի ղեկավար Աննա Մկրտիչյանը:

 

Հոբելյանական միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել և ելույթներով հանդես եկան նաև oտարերկրյա գործընկեր կառույցների ներկայացուցիչները՝ Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտի տնօրեն Դիանա Սկոբիոալեն, Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի ռեկտոր Միխայիլ Լոշիցկին, Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի գիտական հարցերով պրոռեկտոր Վիկտոր Կորնևը և Ռոստովի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Գավրիցկիին, ՌԴ դատախազության համալսարանի պրոռեկտոր Վիկտոր Կազակովը, Ղազախստանի գերագույն դատարանին կից արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Նազիլիա Ռազզակը, Ղազախստանի գլխավոր դատախազությանն առընթեր իրավապահ մարմինների ակադեմիայի պրոռեկտոր Ռոզա Դոսմբեկովան, Բելառուսի պետական համալսարանի դատավորների, դատախազության, դատարանների և արդարադատության հաստատությունների աշխատակիցների վերապատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտի տնօրեն Վալերի Գոդունովը, նաև Ուզբեկստանի գլխավոր դատախազության ակադեմիայի ղեկավար Եվգենի Կոլենկոն: Օտարերկրյա գործընկերները ջերմորեց շնորհավորեցին Ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին հոբելյանի առթիվ և հետագայում ևս ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:

924

13.09.2018

Համագործակցության համաձայնագիր՝ Արդարադատության ակադեմիայի և Բելառուսի համանման կառույցի միջև

Սեպտեմբերի 13-ին՝ Ակադեմիայի հիմնադրման 5-րդ տարեդարձի օրը, Ակադեմիայում տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի և Բելառուսի պետական համալսարանի դատավորների, դատախազության, դատարանների և արդարադատության հաստատությունների աշխատակիցների վերապատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Փաստաթուղթը ստորագրեցին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Ինստիտուտի տնօրեն Վալերի Գոդունովը:

 

Միջոցառմանը ներկա էին Ակադեմիայի օտարերկրա գործընկեր կառույցների ներկայացուցիչները, աշխատակազմը, հյուրեր:

 

Ողջունելով Բելառուսից ժամանած գործընկերներին՝ տնօրեն Վալերի Գոդունովին և Գիտամեթոդական աշխատանքի հարցերով փոխտնօրեն Սնեժանա Լեշենկոյին, ռեկտորը նշեց, որ ավելանում է Ակադեմիայի գործընկերների թիվը: «Մեր համագործակցությունը տարբեր օտարերկրյա գործընկերների հետ տալիս է իր դրական պտուղները շատ արագ տեմպերով, վստահ եմ, որ նման ձեռքբերումներ մոտ ապագայում ունենալու ենք նաև Բելառուսի հետ»,-նշեց Ս. Առաքելյանը: Ավելին՝ ռեկտորն ուրախությամբ փաստեց, որ Ակադեմիայի հիմնադրման 5-ամյա հոբելյանին նվիրված հանդիսությանը մասնակցելու նպատակով Ակադեմիայի օտարերկրյա բոլոր գործընկերները այսօր մեկ հարկի տակ են և իրար ծանոթանալու հնարավորություն ունեն՝ հանուն ընդհանուր ծրագրերի իրականացման:

 

Վալերի Գոդունովն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սերգեյ Առաքելյանին երկու կառույցների միջև համագործակցությունը իրավական հիմքերի վրա դնելու նախաձեռնության համար: Ներկաներին հիշեցրեց, որ Հայաստանն ու Բելառուսը եղբայրական երկրներ են, ակտիվորեն համագործակցում են տարբեր ուղղություններով, նաև վստահություն հայտնեց, որ երկու կառույցների համագործակցությունն այդ առումով կարևոր ներդրում կլինի:

923

12.09.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը վկայականներ է հանձնել Ակադեմիայի դասընթացավարներին

Սեպտեմբերի 11-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում վկայականներ հանձնվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի շրջանակում Ակադեմիայում դասավանդելու համար մշակված առարկայական նոր կուրսերի դասընթացավարներին, որոնք հաջողությամբ ավարտել են վերապատրաստումները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Մայքլ Շուլմանը, «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, դատավորներ, դատախազներ, քննիչներ, դասընթացավարներ, ունկնդիրներ, Ակադեմիայի աշխատակազմը, հյուրեր:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց նշանակալի այս միջոցառմանը մասնակցելու համար, նաև հատուկ կարևորեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունը, ներկայացրեց վերոնշյալ ծրագրի շրջանակում փորձագետների հետ համատեղ իրականացված աշխատանքները: «Նախատեսվում է հաջորդ տարի այս դասընթացները ներդնել Ակադեմիայի ուսումնական գործընթացում, որոնք շատ կարևոր են իրավակիրառ պրակտիկայի հայմար: Բացի այդ՝ դեսպանության հետ համագործակցության արդյունքում իրականացման փուլում է ևս մեկ կարևոր ծրագիր՝ քննասենյակի՝ համակարգչային լաբորատորիայի ձևավորումը, որը կսկսի գործել մոտ ապագայում»,-նշեց ռեկտորը:

 

Դեսպան Ռիչարդ Միլսն իր խոսքում կարևորեց կատարված աշխատանքը և ուրախությամբ փաստեց, որ դասընթացավարները պատրաստ են իրենց գիտելիքները փոխանցել: Դեսպանը շեշտեց, որ իրավունքի գերակայության ապահովումը, դատական անկախությունը, կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես գտնվել են դեսպանության ուշադրության կենտրոնում և կարևորեց այս ծրագրի իրականացումը, նաև շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի ղեկավարությանը՝ համատեղ աշխատանքի համար:
ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Մայքլ Շուլմանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց, որ հետագայում ևս գործակցությունն առավել թիրախային կլինի՝ ապահովելով շոշափելի արդյունքներ:

 

Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի շրջանակում Ակադեմիայում դասավանդելու համար մշակվել են առարկայական նոր դասընթացներ հետևյալ թեմաներով՝ «Կոռուպցիոն դեպքերի քննությունը», «Պաշտոնական կոռուպցիայի դեպքերի քննությունը», «Ներքին ուսումնասիրություններ (քննություն)», «Կալանք և այլընտրանքային խափանման միջոցներ», «Գենդերի հիման վրա կատարվող բռնարարքների քննությունը», «Անչափահաս կամ փոքրամասնության խմբին պատկանող իրավախախտների իրավունքների պաշտպանությունը», «Ֆինանսական հանցագործություններ և եկամուտների հայտարարագրման խախտումներ՝ կապված կոռուպցիայի հետ», «Անդրազգային հանցավորության և մտավոր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննությունը և դրանց դեմ պայքարը», «Դատական իշխանության անկախություն և թափանցիկություն»:

922

11.09.2018

Առցանց նոր դասընթացի մեկնարկային հանդիպումը Ակադեմիայում

Սեպտեմբերի 11-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Բռնություն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնություն» թեմայով Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) HELP ծրագրի (Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար) դասընթացի մեկնարկային հանդիպումը: Ներկա էին Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն, ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմից, ինչպես նաև վերոնշյալ դասընթացի մասնակիցները՝ դատավորներ, դատախազներ, քննիչներ, ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրներ, ուսանողներ:

 

Ողջունելով ներկաներին՝ պրոռեկտոր Անահիտ Մանասյանը շնորհակալություն հայտնեց ԵԽ երևանյան գրասենյակին ծրագրի և վերոնշյալ թեմայով դասընթացի համատեղ մշակման և իրականացման համար: Պրոռեկտորը նաև կարևորեց այն հանգամանքը, որ հեռաուսուցման այս դասընթացը մասնակիցների ընդգրկման լայն շրջանակ ունի, ինչը չափազանց կարևոր է այն հաջողությամբ իրացնելու տեսանկյունից: Նրա խոսքով՝ այս պահին ԵԽ փորձագետների հետ միասին մշակվում է նույն թեմայով դասընթաց, որը կներառվի Ակադեմիայի տարեկան ծրագրի շրջանակում առկա ուսուցման եղանակով դասավանդելու համար:

 

Առցանց դասընթացի մեկնարկային միջոցառման մասնակիցներին ԵԽ անունից ողջունեց Լորետա Վիոյուն և գոհունակությամբ փաստեց մասնակիցների՝ դասընթացի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության մասին: Լ. Վիոյուի խոսքով՝ թեման չափազանց կարևոր է ԵԽ անդամ բոլոր երկրների համար՝ չնայած վերջին երկու տարիներին կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության առումով Հայաստանում էականորեն փոխվել է իրավիճակը: «Ակադեմիան ԵԽ-ի համար Հայաստանում հիմնական գործընկերներից է, մենք միասին մի շարք դասընթացներ ենք իրականացրել և կշարունակենք մեր համատեղ աշխատանքը»,-նշեց Լ. Վիոյուն:

 

Հանդիպման ընթացքում դասընթացի մասնակիցներին ներկայացվեց HELP ծրագիրը, առցանց հարթակում գրանցվելու կարգը, ինտերակտիվ դասընթացի յուրահատկությունները և այլն: HELP ծրագիրը 26 հազարից ավելի օգտվող ունի, մասնակիցների թվով ամենաակտիվը Ֆրանսիան է: Այդ առումով Հայաստանը դեռևս առաջատար չէ, բայց տարեցտարի փոխվում է ակտիվության ցուցանիշը:

921

10.09.2018

Մեկնարկել են դատավորների և դատախազների վերապատրաստումները

Սեպտեմբերի 10-ից Արդարադատության ակադեմիայում վերսկսվել են դատավորների և դատախազների վերապատրաստման դասընթացները: Դատախազների խմբում ընդգրկված է 16 ունկնդիր, իսկ դատավորների և Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունն ավարտած ու դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց խմբում՝ քրեական մասնագիտացմամբ 32 ունկնդիր, այդ թվում՝ 3-ը Արցախի Հանրապետությունից:

 

Վերապատրաստումը, որը տևում է մեկ շաբաթ, իրականացվում է հատուկ մասնագիտական դասընթացների մոդուլների հիման վրա՝ 40 ակադեմիական ժամ: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր դատավորի և դատախազի համար 80 ակադեմիական ժամ է, անցկացվում է երկու փուլով՝ ապրիլ-մայիսին՝ ընդհանուր մասնագիտական և սեպտեմբեր-դեկտեմբերին՝ հատուկ մասնագիտական առարկաներով: Սեպտեմբեր-դեկտեմբերին անցկացվում են նաև հեռավար ուսուցման դասընթացները:

 

Վերապատրաստումներն իրականացվում են տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրերի համաձայն՝ ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման և կատարելագործման ապահովման նպատակով:

920

24.07.2018

Հանդիպում-քննարկում ԵԽ գործընկերների հետ

Հուլիսի 24-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) ներկայացուցիչները՝ Սառա Հաափալայնեն, Լորի Մանը, Լուսինե Սարգսյանը, Լիանա Ամիրբեկյանը:

 

Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց հյուրերին և գոհունակությամբ նշեց ԵԽ-ի հետ հետաքրքիր, արդյունավետ, բովանդակալի և շարունակական համագործակցության մասին: Պրոռեկտորը կարևորեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը ՀՀ-ում» ծրագրի շրջանակում Ակադեմիայում ներդնելու նպատակով ԵԽ փորձագետների կողմից մշակվող նոր դասընթացը:

 

ԵԽ ներկայացուցիչների խոսքով՝ իրենք հանդիպումներ են ունենում վերոնշյալ ծրագրի շրջանակում՝ կարիքների գնահատում անցկացնելու նպատակով:

 

Պրոռեկտորը հյուրերին ներկայացրեց Ակադեմիայում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցնող խմբերի առանձնահատկությունները, դասընթացների ձևաչափին և բովանդակությանն առնչվող հարցեր՝ սկսած դրանց մշակման փուլից մինչև ներդրում՝ ուսումնական գործընթացում:

 

Կողմերը քննարկեցին ծրագրի շրջանակում իրականացվելիք մի շարք միջոցառումներին վերաբերող հարցեր, նաև վստահեցրին, որ կներդնեն բոլոր ջանքերը համագործակցությունն ամրապնդելու և այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

919

19.07.2018

Քննարկվեցին համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հուլիսի 19-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին՝ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի իրավապահ մարմինների հետ համագործակցության խորհրդատու Ադի Հոլլովեյին, ինչպես նաև ԹՊԻՀ գրասենյակի խորհրդատու Ռուշանի Մանսուրին, Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի տեղակալ Մեթթ Բոյդենին: Հանդիպմանը ներկա էր Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:


Ռեկտորը ողջունեց հյուրերին և նշեց, որ ԱՄՆ տարբեր կառույցների հետ Ակադեմիայի համագործակցությունը տևական փորձ ունի, նաև՝ դրական արդյունք: Հյուրերի խնդրանքով՝ Սերգեյ Առաքելյանն անդրադարձավ Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղություններին, ուսումնական գործընթացի առանձնահատկություններին և այլ հարցերի:


Կողմերը քննարկեցին առկա համագործակցության շրջանակում ուրվագծվող դրական արդյունքները, նաև իրենց մոտեցումները՝ համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Մասնավորապես՝ քննարկվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Ակադեմիայում համակարգչային լսարան ստեղծելու և այս պահին իրականացվող համատեղ այլ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:


Հանդիպման ավարտին հյուրերը նաև Ակադեմիայի շենքային պայմաններին ծանոթանալու հնարավորություն ունեցան. եղան լսարաններում, գրադարանում, մարզերից ժամանող ունկնդիրների համար նախատեսված հյուրանոցային համալիրում:

918

17.07.2018

Ակադեմիայի շրջանավարտներից ևս չորսը՝ դատավոր

Արդարադատության ակադեմիայի 2017 թվականի ունկնդիր-շրջանավարտներից երեքը, ՀՀ Նախագահի հրամանագրերով, նշանակվել են դատավորի պաշտոնում, ևս մեկը՝ դատավորի պաշտոնում ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից.

 

1. Արմիդա ՈՍԿԱՆՅԱՆ - Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

2. Իվան ԲԱՂՄԱՆՅԱՆ - Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

3. Արամ ՄԿՐՏՉՅԱՆ - Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

4,Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ - Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր

 

ՀՀ նախագահի հրամանագրերը դատավորներ նշանակելու մասին.

 

http://www.president.am/hy/decrees/item/4613/

http://www.president.am/hy/decrees/item/4612/

http://www.president.am/hy/decrees/item/4614/

917

16.07.2018

Դասընթացավարների վերապատրաստում դասավանդման մեթոդաբանության վերաբերյալ

 

Հուլիսի 14-ից 15-ը Ծաղկաձորում անցկացվեց Արդարադատության ակադեմիայի դասընթացավարների վերապատրաստում մարդու իրավունքների ոլորտում դասավանդման մեթոդաբանության վերաբերյալ: Վերապատրաստումն իրականացվեց Ակադեմիայի և Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) հետ համատեղ՝ «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակում: Ծրագրի այս մասը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից՝ ԵՄ և ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակում:

 

Բացման խոսքով հանդես եկավ Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Ողջունելով ներկաներին՝ պրոռեկտորը նշեց, որ Ակադեմիայի համար դասընթացավարների դասավանդման մեթոդաբանությունը չափազանց կարևոր նշանակություն ունեցող հարց է: Այդ է պատճառը, որ Ակադեմիան պարբերաբար կազմակերպում է դասընթացավարների վերապատրաստումներ:

 

Մասնակցում էին դատավորներ, դատախազներ, քննիչներ, ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ովքեր դասավանդում են Ակադեմիայում:

 

Վերապատրաստման բանախոսներն էին ԵԽ միջազգային փորձագետներ Օթիլիա Պակուրարին, Նիկոլ Կրետուն և ԵԽ ազգային փորձագետ Արա Ղազարյանը:

916

13.07.2018

Երկօրյա վերապատրաստում՝ նվիրված մտավոր սեփականության իրավունքի իրագործմանը

Հուլիսի 12-ից 13-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվեց մտավոր սեփականության իրավունքի իրագործմանը նվիրված վերապատրաստում: Մասնակցում էին գործող դատավորներ և դատախազներ:

 

Երկօրյա դասընթացն իրականացվեց Արդարադատության ակադեմիայի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համագործակցության շրջանակում: Ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի իրավապահ մարմինների հետ համագործակցության խորհրդատու Ադի Հոլլովեյը: Դասընթացը վարում էին ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի պետական անվտանգության հետաքննությունների բաժնի մտավոր սեփականության կենտրոնի ազգային ծրագրի կառավարիչ Հեդեր Սայքսը, նույն դեպարտամենտի հատուկ գործակալ Աարոն Մոգիլնին և նախկին աշխատակից Վիկտոր Վարդանյանը:

 

Վերապատրաստման շրջանակում քննարկվեցին թեմային առնչվող բազմաթիվ հարցեր, ծավալվեց ակտիվ քննարկում: Մասնակիցները նաև համապատասխան հավաստագրեր ստացան: