Ակադեմիայի պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցել է բռնությունից տուժած կանանց համար արդարադատության հասանելիությանը նվիրված համաժողովին
Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) հրավերով Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 18-ին և 19-ին մասնակցեց Ստրասբուրգում անցկացված համաժողովին՝ «Արդարադատության հասանելիությունը բռնությունից տուժած կանանց համար» թեմայով: Պատվիրակության կազմում էին Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գոհար Գևորգյանը, բաժնի գլխավոր մասնագետ Պետիկ Մկրտչյանը, Համագործակցության և հանրային կապերի բաժնի ղեկավար Աննա Մկրտիչյանը:
Համաժողովին մասնակցում էին 70-ից ավելի պատվիրակներ Արևելյան գործընկերության անդամ երկրների իրավական ոլորտի մասնագետների համար մասնագիտական պատրաստում և վերապատրաստում իրականացնող կառույցներից, պետական կառավարման մարմիններից, ԵԽ համապատասխան ստորաբաժանումներից, տեղական և միջազգային փորձագետներ:
ԵԽ «Արդարադատության հասանելիությունը բռնությունից տուժած կանանց համար Արևելյան գործընկերության 6 երկրներում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում անցկացվող համաժողովի ընթացքում քննարկվեցին կանանց համար արդարադատության հասանելիությունն ապահովելու միջոցները՝ հատուկ ուշադրություն դարձնելով բռնության ենթարկված կանանց խնդիրներին: Համաժողովի նպատակն էր ամփոփել այն արդյունքները, որոնց հասել են Արևելյան գործընկերության երկրները կանանց համար արդարադատության հասանելիության ապահովման գործում՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիայի) լույսի ներքո:
Համաժողովին Սերգեյ Առաքելյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: «Աշխարհում չկա հասարակություն առանց բռնության, հատկապես՝ կանանց նկատմամբ, ուստի համաշխարհային բնույթ ունեցող նման խնդիրները դժվար է լուծել առանց միջազգային գործընկերների աջակցության, առանց համատեղ աշխատանքի: Հայաստանի դեպքում էլ կանանց և, իհարկե, ընտանեկան բռնության ենթարկված բոլոր անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը և ընտանեկան բռնության վերացման խնդիրն արդիական է»,-նշեց ռեկտորը՝ վստահություն հայտնելով, որ համաժողովի ընթացքում խնդիրների լուծման հաղթահարման մեխանիզմներ կուրվագծվեն, հետագայում ևս համատեղ ծրագրեր կիրականացվեն:
Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես եկավ պրոռեկտոր Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով Ակադեմիայում իրականացված և իրականացվելիք միջոցառումները՝ ուղղված վերոնշյալ ոլորտի շրջանակում խնդիրների լուծմանը:
Ելույթներով հանդես եկան ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի ներկայացուցիչները, ԵԽ փորձագետներ եվրոպական տարբեր երկրներից: Ձևավորվեցին աշխատանքային խմբեր, թեմային առնչվող առանձին խնդիրները քննարկելու և մասնակիցների միջև փորձի փոխանակում անցկացնելու նպատակով: Մասնակիցները կարևորեցին նման քննարկումների անցկացումը կարևորագույն խնդիրների լուծումների որոնումների ճանապարհին և հետագայում ևս կառուցողական երկխոսություն անցկացնելու պատրաստակամություն հայտնեցին: