Նիդեռլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունն այցելեց Ակադեմիա
Հոկտեմբերի 16-ին Արդարադատության ակադեմիա այցելեց Նիդեռլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը՝ Կենտրոնական վերաքննիչ տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր քաղաքականության հարցերով ավագ խորհրդատու Ջոս Փութսը:
Ակադեմիայի անունից հյուրերին ողջունեց Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Հյուրերի խնդրանքով պրոռեկտորը ներկայացրեց մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանը, ուսումնական ծրագրերի մշակմանը, դասավանդմանը և Ակադեմիայի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:
Թաքվոր Ավեդիսյանը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելությսն համար և ներկայացրեց Նիդեռլանդների Թագավորության դատական համակարգի, իրավական ոլորտի մասնագետների վերապատրաստման առանձնահատկությունները, դատավորների և մամուլի միջև համագործակցությունը: Թաքվոր Ավեդիսյանն իր խոսքում ընդգծեց դատական համակարգի անկախությանը, հանրային վստահության կարևորությանը, հասարակության հանդեպ հաշվետվողականության դերի բարձրացմանն առնչվող հարցերը:
Տեղեկացնենք, որ Նիդեռլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը Հայաստանում է երկօրյա պաշտոնական այցով՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի հրավերով: