Քննարկում՝ նվիրված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքին
Մայիսի 19-ից 20-ը Ծաղկաձորում անցկացվեց հերթական կլոր սեղան-քննարկումը՝ նվիրված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքին: Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Եվրոպայի Խորհրդի ծրագրի կողմից՝ Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ: Ծրագրի այս մասը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ և ԵԽ կողմից «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում, և իրականացնում է Եվրոպայի Խորհուրդը: Մասնակցում էին ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական գործեր քննող 27 դատավոր: Քննարկմանը ներկա էին Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Եվրոպայի Խորհրդի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանը: Բանախոսներն էին՝ ԵԽ փորձագետներ Սերգեյ Մեղրյանը (ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ), Գոռ Հակոբյանը (ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր), Տարոն Նազարյանը (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր):
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի վերաբերյալ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ԵԽ ծրագրի շրջանակներում նման քննարկում անցկացվել էր նաև ապրիլին, որին մասնակցում էր դատավորների մեկ այլ խումբ: Նախատեսվում է առաջիկայում նման քննարկումներ կազմակերպել նաև քաղաքացիական գործեր քննող մյուս դատավորների համար:
Եռօրյա սեմինար՝ նվիրված քրեական դատավարությունում փորձագիտական ապացույցներին
Մայիսի 15-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց սեմինար՝ «Փորձագիտական ապացույցները քրեական դատավարությունում» թեմայով: Եռօրյա սեմինարը նախաձեռնել էր և իրականացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից: Մասնակցում էին ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորներ, ՀՀ դատախազության դատախազներ:
Բացման խոսքով ներկաներին ողջունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի տնօրեն, դոկտոր Շենոն Բեհայը: Սեմինարը վարում էին ԱՄՆ գլխավոր դատախազության Նյու Յորք և Մերիլենդ նահանգների դատախազներ Ռոբերտ Թեյլորը և Քրիստեն Բիտետոն:
Սեմինարի շրջանակում ներկաները հնարավորություն ունեցան ոչ միայն լսել բանախոսներին, այլև հարց ու պատասխանի միջոցով թեմային առնչվող խնդիրների վերաբերյալ հետաքրքրական և օգտակար քննարկում ծավալել:
Քննական օր քննիչի թեկնածուների երկրորդ խմբի ունկնդիրների համար
Մայիսի 7-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց՝ երկրորդ խմբի ունկնդիրների առաջին քննաշրջանը: Այսօր գրավոր քննություն հանձնեց 33 ունկնդիր «ՀՀ սահմանադրական արդարադատության արդի միտումները» դասընթացից:
Ուսուցման ծրագրի համաձայն՝ քննիչի թեկնածուների երկրորդ խմբի համար ուսումնառության տևողությունը սահմանված է 2018 թվականի ապրիլի 2-ից նոյեմբերի 6-ը՝ ներառյալ 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Քննիչի թեկնածուների դասընթացների ընդհանուր ժամաքանակը 250 ակադեմիական ժամ է, ևս 18 ակադեմիական ժամ՝ քննաշրջանի համար: Ուսումնառությունը բաղկացած է ուսուցման 4 հատվածներից, որոնցից յուրաքանչյուրի ավարտին ունկնդիրները քննություն են հանձնում համապատասխան առարկաներից: Ուսուցման առաջին հատվածին հաջորդող քննաշրջանը, որը մեկնարկել է այսօր, կավարտվի մայիսի 11-ին: Առաջին քննաշրջանի ընթացքում ունկնդիրները կհանձնեն երկու քննություն:
Մեկնարկել է քննիչների վերապատրաստումը
Մայիսի 7-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վերապատրաստումը: 2018 թվականին նախատեսվում է վերապատրաստում անցկացնել քննիչների 14 խմբի համար: Առաջին խմբում ընդգրկված է 17 քննիչ:
Վերապատրաստումն իրականացվում է ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի հիման վրա: Ուսուցման ծրագիրը ուղղված է քննիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը քրեական իրավունքի, քրեական դատավարության, քրեական գործերով ՄԻԵԴ իրավական դիրորոշումների, դատական փորձաքննությունների, մինչդատական կալանքի և քննության հարակից հիմնախնդիրների, ապացույցների թույլատրելիության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքի, քրեական գործերի քննության ընդհանուր մեթոդաբանության, հանցագործությունների առանձին տեսակների քննության առանձնահատկությունների, առանձին քննչական գործողությունների տակտիկայի և մեթոդիկայի և այլ ոլորտներում: Ուսուցման ծրագրի համաձայն՝ քննիչների համար վերապատրաստման ժամաքանակը 30 ակադեմիական ժամ է։
Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Ապրիլի 24-ի վաղ առավոտյան Արդարադատության ակադեմիայի աշխատակազմը` ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի շուրջը և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետի այցը Արդարադատության ակադեմիա
Ապրիլի 16-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետ Նիկոլայ Կովալյովին, ով Հայաստանում է «Արևելյան գործընկերության երկրներում դատախազների անկախության ամրապնդում» խորագրով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նոր ծրագրի մշակման շրջանակում կարիքների գնահատման այցով: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:
Ռեկտորը ողջունեց հյուրին և բարձր գնահատեց Ակադեմիայի՝ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը: Հյուրի խնդրանքով ռեկտորն անդրադարձավ Ակադեմիայում իրականացվող դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստման և գործող դատախազների վերապատրաստման և Ակադեմիայի գործունեությանն առնչվող այլ հարցերին:
Ն. Կովալյովի խոսքով՝ ծրագիրն ուղղված է Արևելյան գործընկերության 6 երկրներում դատախազների անկախության ամրապնդմանը միտված չափորոշիչների մշակմանը, ինչպես նաև ուսումնական ծրագրերում դրա վերաբերյալ համապատասխան թեմաների ներառմանը:
Երկօրյա քննարկում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաբերյալ
Ապրիլի 14-ից 15-ը Ծաղկաձորում անցկացվեց կլոր սեղան-քննարկում՝ նվիրված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքին, որը ուժի մեջ է մտել 2018թ. ապրիլի 9-ին: Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Եվրոպայի Խորհրդի ծրագրի կողմից՝ Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ: Ծրագրի այս մասը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ և ԵԽ կողմից «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում, և իրականացնում է Եվրոպայի Խորհուրդը: Մասնակցում էր ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական գործեր քննող 31 դատավոր: Քննարկմանը ներկա էին Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Եվրոպայի Խորհրդի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանը:
Բացման խոսքում Անահիտ Մանասյանը նշեց, որ նոր ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմնական նորարարական իրավական կարգավորումները բավական շատ են, ինչն էլ պայմանավորում է նման վերապատրաստումների հրատապությունը և անհրաժետությունը: Պրոռեկտորի խոսքով՝ սա լավ հնարավորություն է հիմնական հարցադրումները համատեղ քննարկելու և գործնականում արդյունավետ, կիրառելի, համարժեք լուծումներ գտնելու համար:
Բանախոսներն էին՝ ԵԽ փորձագետներ Սերգեյ Մեղրյանը (ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ), Գոռ Հակոբյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր), Տարոն Նազարյանը (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր):
Միջոցառումների շարքը շարունակական է լինելու, նախատեսվում է առաջիկայում նման քննարկումներ կազմակերպել նաև քաղաքացիական գործեր քննող մյուս դատավորների և նրանց հետ աշխատող դատական ծառայողների համար:
Ռեկտորը ընդգծել է Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի գիտական հոդվածների ժողովածուի բացառիկ կարևորությունը
Լույս է տեսել Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի գիտական հոդվածների ժողովածուի 2018 թվականի համարը՝ «Քրեական դատավարությունում խափանման միջոցները՝ համաձայն Ուկրաինայի, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության օրենսդրությունների» խորագրով:
Ժողովածուի մեջ ներկայացված են վերոնշյալ երկրների առաջատար գիտնականների, իրավապահ մարմինների, բարձրագույն ուսումնական հաստատություննների ներկայացուցիչների հոդվածները, որոնք վերաբերում են մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների իրականացմանը ազգային իրավական համակարգերում, ինչպես նաև այս ոլորտում իրավակիրառ գործունեության պրակտիկային, մասնավորապես՝ քրեական դատավարությունում խափանման միջոցների կիրառման ժամանակ:
Ժողովածուի մեջ տեղ է գտել նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ողջույնի խոսքը, որում առանձնահատուկ ընդգծվել է ժողովածուի բացառիկ կարևորությունը ներկայացված արդի հիմնահարցերի քննության առնչությամբ: Ս. Առաքելյանը երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի գործընկերներին ժողովածուի ստեղծման աշխատանքներին մասնակցելու հրավերի համար:
Սերգեյ Առաքելյանը «Բանբեր Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է:
Հայաստանի Հանրապետությանը վերաբերող գլխում տպագրվել են Արդարադատության ակադեմիայի դասընթացավարներ Սամվել Դիլբանդյանի «Ձերբակալվածի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխիքները՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի», Գագիկ Ղազինյանի և Անի Դանիելյանի «Ձերբակալման հիմքերը և կարգը՝ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի», Դավիթ Մելքոնյանի «Կալանավորման իրավական կարգավորման խնդիրները՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» գիտական հոդվածները:
Ժողովածուն հասանելի է հետևյալ հղմամբ՝ napu.com
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հարցազրույցը մոլդովական «ՌԵՎԻՍՏԱ»-ին
Լույս է տեսել Մոլդովայի Հանրապետության արդարադատության ազգային ինստիտուտի «ՌԵՎԻՍՏԱ» գիտագործնական հանդեսի 2018 թվականի առաջին համարը, որում տեղ է գտել Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հարցազրույցը: Ռեկտորի այս հարցազրույցն անցկացվել է փետրվարի 27-ից մարտի 3-ը Քիշնև կատարած աշխատանքային այցի շրջանակում:
Ծավալուն հարցազրույցը նվիրված է Արդարադատության ակադեմիա - Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտ համագործակցությանը՝ Երևանում ստորագրված հուշագրի համատեքստում, երկկողմ գործակցության հիմնական ուղղություններին, հեռանկարներին, ինչպես նաև Ակադեմիայի գործունեությանը և մեր երկրի դատական, դատախազական համակարգերի համար կադրերի պատրաստման և վերապատրաստման յուրահատկություններին:
Սերգեյ Առաքելյանը Մոլդովայի Հանրապետության արդարադատության ազգային ինստիտուտի «ՌԵՎԻՍՏԱ» գիտագործնական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է:
Հարցազրույցը ռումիներեն է և հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.inj.md
Համագործակցության հեռանկարների քննարկում
Ապրիլի 6-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ԵՄ առաքելության դատաիրավական բարեփոխումների խմբի ղեկավար Իվան Պանևին: Հանդիպմանը ներկա էր նաև Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:
Իվան Պանևը ներկայացրեց ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակում իր կողմից իրականացվող առաքելության հիմնական ուղղությունները՝ այդ առումով առանձնացնելով նաև նախապատրաստական փուլում գտնվող ծրագիրը և անհրաժեշտ գործողությունների ցանկը, որի իրականացմանն է ուղղվելու ԵՄ աջակցությունը:
Ռեկտորը ողջունեց հյուրին և երախտագիտություն հայտնեց Ակադեմիայի գործունեությամբ հետաքրքրվելու և հնարավոր համագործակցության համար: Ս. Առաքելյանի խոսքով՝ դատաիրավական բարեփոխումների ներկայիս փուլում կա նման աջակցության անհրաժեշտություն:
Իվան Պանևի խնդրանքով՝ ռեկտորն անդրադարձավ Ակադեմիայի գործունեությանը, առանձնահատկություններին, ներկայացրեց ուսումնական գործընթացին և ուսուցման ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Կողմերը քննարկեցին հնարավոր համագործակցության ուղղությունները, նաև պայմանավորվեցին առաջիկայում նորից հանդիպել և կարիքների գնահատման հիման վրա հստակեցնել աջակցության ձևաչափը: