Միջոցառում՝ նվիրված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը ՀՀ-ում» թեմայով ծրագրի մեկնարկին
Հունիսի 6-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը ՀՀ-ում» թեմայով ծրագրի մեկնարկային միջոցառումը:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից` Արդարադատության ակադեմիայի և ՀՀ ոստիկանության հետ համագործակցության շրջանակներում: Ծրագրի նպատակն է զարգացնել հիմնական շահառուների՝ իրավական ոլորտի մասնագետների կարողությունները կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման գործընթացում:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը, Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Բանախոսները կարևորեցին նմանատիպ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը:
Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի զարգացման հետ կապված բոլոր գործընթացները Արդարադատության ակադեմիայի համար ունեն չափազանց կարևոր նշանակություն, քանի որ անմիջականորեն առնչվում են վերջինիս ունկնդիրների գործունեությանը: Դա, մասնավորապես, վերաբերում է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման հարցերին: Այս ամենը նկատի ունենալով` պրոռեկտորը կարևորեց նմանատիպ ծրագրի իրականացումը, շնորհակալություն հայտնեց ԵԽ երևանյան գրասենյակին, փորձագետներին և մասնակիցներին՝ մաղթելով հաջող ու արդյունավետ աշխատանք:
Միջոցառմանը ներկա էին դատավորներ, դատախազներ, քննիչներ, փաստաբաններ, ինչպես նաև տարբեր գերատեսչություններից հրավիրված բազմաթիվ այլ հյուրեր, որոնց մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում՝ «Բազմագերատեսչական արդյունավետ համագործակցությունը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ, ի՞նչ է այն և ինչու՞ է անհրաժեշտ» թեմայով:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության» վերաբերյալ Եվրոպայի խորհրդի HELP առցանց ուսուցման դասընթացը հաջողությամբ ավարտած իրավական ոլորտի մասնագետների հավաստագրերի հանձնման արարողությունը:
Ակադեմիայի ռեկտորի աշխատանքային այցը Մոսկվա
ՌԴ դատախազության համալսարանի ռեկտոր Օքսանա Կապինուսի հրավերով Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը աշխատանքային այցով Մոսկվայում էր: Ռեկտորը մասնակցում էր ՌԴ դատախազության համալսարանի գիտահետազոտական ինստիտուտի 55-ամյակին նվիրված հանդիսությանը: Հոբելյանական միջոցառման շրջանակում անցկացված գիտագործնական համաժողովին Սերգեյ Առաքելյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Ռեկտորը շնորհավորել է Համալսարանի աշխատակազմին, ունկնդիրներին և շրջանավարտներին հիշարժան հոբելյանի առթիվ և կարևորել Գիտահետազոտական ինստիտուտի դերը՝ որպես բազմաֆունկցիոնալ հաստատություն՝ համալրված բարձր որակավորում ունեցող կադրերով և ժամանակակից ուսումնամեթոդական բազայով: Ռեկտորը նաև հույս է հայտնել, որ Արդարադատության ակադեմիայի հետ համագործակցությունը կզարգանա՝ նպաստելով կրթական, գիտական և նորարարական ներուժի արդյունավետ կիրառմանը:
Ռեկտորի այցը նշանավորվել է կրթական և գիտահետազոտական գործունեության ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ: Մայիսի 30-ին Սերգեյ Առաքելյանը և Օքսանա Կապինուսը ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ իրավական հիմքերի վրա դնելով Արդարադատության ակադեմիայի և ՌԴ դատախազության համալսարանի միջև համագործակցությունը:
Սեմինար-քննարկում՝ դատավորների օգնականների համար
Հունիսի 1-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար-քննարկում՝ նվիրված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքին: Քննարկումը կազմակերպվել էր ԵԽ «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի կողմից՝ Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ: Ծրագրի այս մասը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ և ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակում: Մասնակցում էր 30 դատական ծառայող՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական գործեր քննող դատավորների օգնականները: Բանախոսներն էին՝ Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) փորձագետներ Սերգեյ Մեղրյանը (ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ), Տարոն Նազարյանը (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր): Քննարկմանը ներկա էր նաև «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը:
Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ օրենսդրության զարգացման հետ կապված բոլոր գործընթացները Ակադեմիայի համար չափազանց կարևոր նշանակություն ունեն, որովհետև անմիջականորեն առնչվում են Ակադեմիայի ունկնդիրների գործունեությանը: Պրոռեկտորը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը, շնորհակալություն հայտնեց ԵԽ երևանյան գրասենյակին, փորձագետներին և մասնակիցներին և հաջող ու արդյունավետ աշխատանք մաղթեց:
ԵԽ «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում կազմակերպվող այս դասընթացները նպատակ ունեն վերհանել և քննարկել ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած գործնական հարցերը:
Վերոնշյալ ծրագրի շրջանակում ապրիլին և մայիսին անցկացված նման քննարկումներին մասնակցել է ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի քաղաքացիական գործեր քննող շուրջ 60 դատավոր, իսկ այս դասընթացը դատավորների օգնականների համար էր:
Քննարկվեցին հետագա համագործակցության մի շարք հարցեր
Մայիսի 25-ին Արդարադատության ակադեմիա այցելեց ԵՄ առաքելության դատաիրավական բարեփոխումների խմբի ղեկավար Իվան Պանևը: Հանդիպմանը ներկա էին Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գոհար Գևորգյանը:
Ակադեմիայի անունից Անահիտ Մանասյանը ողջունեց Իվան Պանևին և ընդգծեց ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և գործողությունների ծրագրի շրջանակում համագործակցության կարևորությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նշյալ ծրագրի շրջանակում իրականացվող առաքելության հիմնական ուղղությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Իվան Պանևի հարցերին ի պատասխան՝ մանրամասն ներկայացվեցին Ակադեմիայում ուսումնական գործընթացին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ուսուցման ծրագրերը, դասընթացների մշակման մեթոդաբանությունը, առարկայացանկը, ուսուցման տևողությունը և ժամանաքանակը՝ մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցնող ունկնդիրների համար, նաև հեռաուսուցմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկված բոլոր հարցերի ուղղությամբ շարունակաբար համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին:
Վերապատրաստողների վերապատրաստում նոր մշակված առարկայական դասընթացների վերաբերյալ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի շրջանակում Արդարադատության ակադեմիայում դասավանդելու համար մշակվել են առարկայական նոր դասընթացներ հետևյալ թեմաներով՝ «Կոռուպցիոն դեպքերի քննությունը», «Պաշտոնական կոռուպցիայի դեպքերի քննությունը», «Ներքին ուսումնասիրություններ (քննություն)», «Կալանք և այլընտրանքային խափանման միջոցներ», «Գենդերի հիման վրա կատարվող բռնարարքների քննությունը», «Անչափահաս կամ փոքրամասնության խմբին պատկանող իրավախախտների իրավունքների պաշտպանությունը», «Ֆինանսական հանցագործություններ և եկամուտների հայտարարագրման խախտումներ՝ կապված կոռուպցիայի հետ», «Անդրազգային հանցավորության և մտավոր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննությունը և դրանց դեմ պայքարը», «Դատական իշխանության անկախություն և թափանցիկություն»:
Ակադեմիայում այդ դասընթացների դասավանդումը կազմակերպելու նպատակով մի քանի փուլով իրականացվելու են վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ: Այսօր մեկնարկել է դատախազության և քննչական համակարգերից ընտրված դասավանդողների վերապատրաստումը: Առաջիկայում նախատեսվում է նաև նմանատիպ դասընթացների կազմակերպում դատավոր-դասընթացավարների համար:
Վերապատրաստման մեկնարկից առաջ Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ ունեցած համագործակցության շրջանակում և Երևանի պետական համալսարանի թիմի հետ մշակվել է 9 դասընթաց, որոնք պետք է ներդրվեն Ակադեմիայի ուսումնական ծրագրում: Դասընթացները նախատեսված են ինչպես գործող դատավորների, դատախազների, քննիչների, այնպես էլ՝ թեկնածուների համար:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի խոսքով՝ այս ծրագիրն իրականացվում է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ՝ Միացյալ Նահանգների հանրային կառավարման ազգային ակադեմիայի և ԵՊՀ-ի միջև համագործակցության արդյունքում:
Վերապատրաստումը հաջողությամբ ավարտած մասնակիցները ԱՄՆ պետքարտուղարության կողմից կստանան համապատասխան վկայականներ, ինչի արդյունքում հնարավորություն կստանան նոր մշակված առարկայական կուրսերը դասավանդել Արդարադատության ակադեմիայում:
Քննարկում՝ նվիրված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքին
Մայիսի 19-ից 20-ը Ծաղկաձորում անցկացվեց հերթական կլոր սեղան-քննարկումը՝ նվիրված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքին: Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Եվրոպայի Խորհրդի ծրագրի կողմից՝ Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ: Ծրագրի այս մասը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ և ԵԽ կողմից «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում, և իրականացնում է Եվրոպայի Խորհուրդը: Մասնակցում էին ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական գործեր քննող 27 դատավոր: Քննարկմանը ներկա էին Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Եվրոպայի Խորհրդի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանը: Բանախոսներն էին՝ ԵԽ փորձագետներ Սերգեյ Մեղրյանը (ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ), Գոռ Հակոբյանը (ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր), Տարոն Նազարյանը (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր):
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի վերաբերյալ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ԵԽ ծրագրի շրջանակներում նման քննարկում անցկացվել էր նաև ապրիլին, որին մասնակցում էր դատավորների մեկ այլ խումբ: Նախատեսվում է առաջիկայում նման քննարկումներ կազմակերպել նաև քաղաքացիական գործեր քննող մյուս դատավորների համար:
Եռօրյա սեմինար՝ նվիրված քրեական դատավարությունում փորձագիտական ապացույցներին
Մայիսի 15-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց սեմինար՝ «Փորձագիտական ապացույցները քրեական դատավարությունում» թեմայով: Եռօրյա սեմինարը նախաձեռնել էր և իրականացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից: Մասնակցում էին ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորներ, ՀՀ դատախազության դատախազներ:
Բացման խոսքով ներկաներին ողջունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի տնօրեն, դոկտոր Շենոն Բեհայը: Սեմինարը վարում էին ԱՄՆ գլխավոր դատախազության Նյու Յորք և Մերիլենդ նահանգների դատախազներ Ռոբերտ Թեյլորը և Քրիստեն Բիտետոն:
Սեմինարի շրջանակում ներկաները հնարավորություն ունեցան ոչ միայն լսել բանախոսներին, այլև հարց ու պատասխանի միջոցով թեմային առնչվող խնդիրների վերաբերյալ հետաքրքրական և օգտակար քննարկում ծավալել:
Քննական օր քննիչի թեկնածուների երկրորդ խմբի ունկնդիրների համար
Մայիսի 7-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց՝ երկրորդ խմբի ունկնդիրների առաջին քննաշրջանը: Այսօր գրավոր քննություն հանձնեց 33 ունկնդիր «ՀՀ սահմանադրական արդարադատության արդի միտումները» դասընթացից:
Ուսուցման ծրագրի համաձայն՝ քննիչի թեկնածուների երկրորդ խմբի համար ուսումնառության տևողությունը սահմանված է 2018 թվականի ապրիլի 2-ից նոյեմբերի 6-ը՝ ներառյալ 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Քննիչի թեկնածուների դասընթացների ընդհանուր ժամաքանակը 250 ակադեմիական ժամ է, ևս 18 ակադեմիական ժամ՝ քննաշրջանի համար: Ուսումնառությունը բաղկացած է ուսուցման 4 հատվածներից, որոնցից յուրաքանչյուրի ավարտին ունկնդիրները քննություն են հանձնում համապատասխան առարկաներից: Ուսուցման առաջին հատվածին հաջորդող քննաշրջանը, որը մեկնարկել է այսօր, կավարտվի մայիսի 11-ին: Առաջին քննաշրջանի ընթացքում ունկնդիրները կհանձնեն երկու քննություն:
Մեկնարկել է քննիչների վերապատրաստումը
Մայիսի 7-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վերապատրաստումը: 2018 թվականին նախատեսվում է վերապատրաստում անցկացնել քննիչների 14 խմբի համար: Առաջին խմբում ընդգրկված է 17 քննիչ:
Վերապատրաստումն իրականացվում է ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի հիման վրա: Ուսուցման ծրագիրը ուղղված է քննիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը քրեական իրավունքի, քրեական դատավարության, քրեական գործերով ՄԻԵԴ իրավական դիրորոշումների, դատական փորձաքննությունների, մինչդատական կալանքի և քննության հարակից հիմնախնդիրների, ապացույցների թույլատրելիության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքի, քրեական գործերի քննության ընդհանուր մեթոդաբանության, հանցագործությունների առանձին տեսակների քննության առանձնահատկությունների, առանձին քննչական գործողությունների տակտիկայի և մեթոդիկայի և այլ ոլորտներում: Ուսուցման ծրագրի համաձայն՝ քննիչների համար վերապատրաստման ժամաքանակը 30 ակադեմիական ժամ է։
Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Ապրիլի 24-ի վաղ առավոտյան Արդարադատության ակադեմիայի աշխատակազմը` ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի շուրջը և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: