ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենի դասախոսությունը՝ Ակադեմիայում

27.09.2018

Արդարադատության ակադեմիայի հրավերով սեպտեմբերի 27-ին Ակադեմիա այցելեց և դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրին և նշեց, որ հրավիրյալ մասնագետների կողմից դասախոսությունների անցկացումը արդեն ավանդական դարձած ձևաչափ է Ակադեմիայում: Ավելին՝ ռեկտորն առաջարկեց աշխատանքային խումբ ձևավորել, ոլորտը ուսումնասիրել և համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցել: «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը ուսումնական գործընթացում: Այս պահին ինտերակտիվ կուրսեր ենք մշակում դատավորների ու դատախազների համար՝ նաև բջջային հեռախոսներով օգտագործելու հնարավորությամբ: Տեղեկատվական անվտանգության առումով ևս բաց ենք համագործակցության համար»,-նշեց ռեկտորը և հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի հաջողված և շարունակական:

 

Անդրեյ Պյատախինն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար: «Մեր ժամանակներում ճիշտ և մտածված որոշումների ընդունումը հաջողության գրավականն է ինչպես աշխատանքում, այնպես էլ ամենօրյա կյանքում: Beeline-ի նման խոշոր ընկերությունների համար դա զարգացման գլխավոր պայմանն է, և ես ուրախ եմ կիսվել փորձով: Հուսով եմ՝ նոր գիտելիքներն օգտակար կլինեն և կօգնեն գրագետ մոտենալ կարևոր որոշումների կայացմանը»,-նշեց Անդրեյ Պյատախինը:

 

Հեռահաղորդակցության ոլորտում Անդրեյ Պյատախինն իր կարիերան սկսել է 1996 թ.-ին: Առաջին մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է նաև Հարվարդի բիզնես դպրոցը, տնտեսագիտության թեկնածու է: Այսօրվա դասախոսությունը նվիրված էր «Սխալը՝ ռազմավարական որոշումներ ընդունելիս» թեմային: Բանախոսը լսարանին ներկայացրեց, թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնել և ինչպես խուսափել ամենահաճախ կրկնվող սխալներից՝ ճիշտ ռազմավարական որոշում ընդունելու համար:

 

Դասախոսությանը ներկա էին դատավորներ, դատախազներ, Ակադեմիայի աշխատակազմի ներկայացուցիչներ: