ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Դասախոսություն՝ Ակադեմիայում, ապա՝ հանդիպում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում

03.10.2018

Հոկտեմբերի 3-ին Արդարադատության ակադեմիայում դասախոսությամբ հանդես եկավ Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի ռեկտոր, իրավագիտության դոկտոր, Ուկրաինայի վաստակավոր իրավաբան Միկոլա Օնիշչուկը: Մասնակցում էին Ակադեմիայում այս շաբաթ վերապատրաստում անցնող դատավորները և դատախազները: Թեման՝ «Արդարադատության ոլորտի բարեփոխումները Ուկրաինայում. սահմանադրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները»:

 

Դասախոսությունից առաջ Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը լսարանին ներկայացրեց հյուրին, ով գլխավորում է այս օրերին Երևանում գտնվող Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի պատվիրակությունը: «Հրավիրյալ մասնագետների դասախոսություններ Ակադեմիայում հաճախ են անցկացվում, և մեզ համար չափազանց պատվաբեր է, հատկապես երբ մեր օտարերկրյա գործընկերներն են վարում այդ դասախոսությունները»,-նշեց ռեկտորը՝ ընդգծելով ընտրված թեմայի կարևորությունը՝ հաշվի առնելով այն, որ ուկրաինական փորձը բավական հետաքրքիր է:

 

Մ. Օնիշչուկը լսարանին ներկայացրեց Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի գործունեության հիմնական ուղղությունները՝ ուսումնականից մինչև գիտամեթոդական, իր ղեկավարած դպրոցի տեղն ու դերը արդարադատության համակարգի ձևավորման մեջ, ինչպես նաև Ուկրաինայում գործող շուրջ 6000 դատավորների նշանակմանն ու որակավորման բարձրացմանն առնչվող հարցեր, Արդարադատության բարձրագույն խորհրդի ձևավորման առանձնահատկությունները, լիազորությունների շրջանակը և այլն:

 

Դասախոսությունից հետո Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի պատվիրակության անդամները Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ եղան ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, հանդիպեցին դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանին: Հյուրերը ծանոթացան դատարանի շենքային պայմաններին: Հ. Բեդևյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանում վարչական արդարադատությանը և դատարանի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

 

Մ. Օնիշչուկը խոսեց Ուկրաինայում վարչական արդարադատության առանձնահատկությունների և ոլորտի խնդիրների մասին: Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նաև պայմանավորվեցին համագործակցության հնարավոր ուղիների մասին: